Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է

Երիտասարդները փոխում են աշխարհը, և ոչ միայն այն պատճառով, որ այն դարձնում են ավելի գեղեցիկ ու համարձակ: Նրանք ստեղծում են, ստեղծագործում, հեղափոխություններ նախաձեռնում, հաղթում են, նույնիսկ՝ ղեկավարում: Ու թեև շատ հաճախ նրանց թերահավատորեն են մոտենում, անվանում անփորձ ու ռոմանտիկ, միևնույնն է, նրանք կոտրում են կարծրատիպերն ու ասում՝ երազանքը և կամքը անպարտելի են:

Ահա այդպես իր երազանքի թևից պինդ բռնեց 27-ամյա Սեբաստիան Կուրցը, ով 2013-ի դեկտեմբերին նշանակվեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար: Չգիտեմ՝ ամրոցների ու կապույտ լույսերի երկրին ինչով է զարմացրել Կուրցը, սակայն ասում են՝ իր նպատակասլացությամբ  երիտասարդ քաղաքական գործիչը անմրցելի է: Ուրիշ, ավելի կամ պակաս դրամատիկ պատմություններով Մոնտենեգրոն ունեցավ 29, Իտալիան՝ 39-ամյա վարչապետ: Արաբական Միացյալ Էմիրություններն էլ մի օր սկսեց երիտասարդությանը նայել 22-ամյա աղջկա՝ Շամմա ալ Մազրուի պայծառ աչքերով: Նա մինչ օրս զբաղեցնում է երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:

Մեզանից շատերին էլ անհավանական էր թվում, որ մի օր Հայաստանը կունենա 27-ամյա նախարար: 2018-ի մայիսի 10-ին շատերը համացանցում փնտրեցին Մխիթար Հայրապետյան անուն-ազգանունը: Հենց այդ օրը սիրո և համերաշխության հեղափոխության քայլարշավի գաղափարի հեղինակը՝ Մխիթարը, նշանակվեց Սփյուռքի նախարար՝ դառնալով Հայաստանի պատմության մեջ և Եվրոպայում գործող ամենաերիտասարդ նախարարը: Գանդիի գաղափարներով, սակայն սեփական խարիզմայով ու առաքելությամբ՝ պաշտոնավարման հենց առաջին օրվանից հայտարարեց՝ եկել է ամենալավ նախարարությունն ունենալու ճանապարհային քարտեզը մտքում:

Մամուլը հեղեղած հարցազրույցներում ու հոդվածներում Սփյուռքի նորանշանակ նախարարի մասին շատ գրվեց:  Կարդացինք, քննադատեցինք, ծափահարեցինք, ինքն էլ ի պատասխան ասաց՝ ամեն օր քայլ կանենք, բայց մեր նպատակներից հետքայլ չի լինելու: Այսօր, եթե ամփոփ պատմելու լինենք Մխիթար Հայրապետյանի մասին, մեկ պարբերությամբ պիտի ասենք. Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարը մասնագիտությամբ թուրքագետ է, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված տասնյակ միջազգային կրթական ծրագրերի մասնակից, ուսումնասիրել է ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրա կիրառման մեխանիզմները, հիմնադրել «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան» և Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է:

Փոխել դրես-կոդը, «Քայլ արա»-ով ուսապարկը թողնել ոչ աշխատանքային օրերի համար, հեղափոխության առաջին գաղափարակիցների հավաքատեղի «Դիվանբաշի» գնալ հազվադեպ… Մխիթար Հայրապետյանի կենսակերպում շատ բան է փոխվել նախարար նշանակվելուց հետո: Հիմա աշխատանքը ձգվում է մինչ կեսգիշեր, շաբաթ ու կիրակի: Թերևս նախասիրություններից փրկվել է ֆուտբոլը, և նախարարին կարելի է երբեմն տեսնել Հայաստանի ֆուտբոլային ակումբների խաղերին մարզադաշտում հետևելիս:

«Միգուցե չափազանց ինքնավստահ հնչի, սակայն ես պատրաստվում եմ կարճ ժամանակում կոտրել մտավախությունների ու կարծրատիպերի մեծ մասը։ Դա կանեմ իմ ամենօրյա քրտնաջան աշխատանքով, պրոֆեսիոնալ մասնագետների հետ թիմային աշխատանքով։ Ես լավատեսորեն եմ տրամադրված»,-հարցազրույցներից մեկում նշել է Մխիթար Հայրապետյանը։ Իհարկե, փողոցում հաղթելուց, մտածելակերպ ու ապրել-պայքարելու տրամաբանություն փոխելուց հետո՝ պետք էր փոխել նաև համակարգի տրամաբանությունը: Ու քայլ առ քայլ, քայլ անելով ու մեկ քայլ անգամ չնահանջելով՝ Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարը ցանկանում է պատմության մեջ մնալ ոչ միայն տարիքով պայմանավորված:

Հայաստան-սփյուռք նոր օրակարգ, գործակցության անկեղծ ու հավասար պայմաններ, լիակատար փոխճանաչություն, համահայկական ներուժի համախմբում. այսօր Սփյուռքի նախարարությունն այս առաջնահերթություններն ունի: Այս ամենին հասնելու տեսլականով՝ նախարարի առաջին քայլերը եղան նախարարության ծրագրերի վերափոխումն ու նոր ծրագրերի մշակումը: Ահա այդպես ստեղծվեցին «Քայլ դեպի տուն»-ն ու «ներՈւժ»-ը, որոնք այսօր Սփյուռքի նախարարության այցեքարտերից են:

Մխիթար Հայրապետյանի առաջին պաշտոնական այցը Կիպրոս էր, որտեղ տեղի ունեցավ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպում, ինչից հետո կիպրացի ու հույն բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց թվիթերյան առաջին գրառումներում երիտասարդ նախարարին ակտիվ, պայծառ ու հասուն գործիչ անվանեցին:

Սփյուռքի նախարարը աշխատանքային այցով հասցրեց  լինել ԱՄՆ-ում, ծանոթացավ հայ համայնքի խնդիրներին, ներկայացրեց նախարարության տեսլականն ու ասաց. «Առաջին անգամ պատմության մեջ մենք սփյուռքից փող չենք խնդրում: Մենք կարիք ունենք փոխադարձ գործակցության, համահայկական ներուժի վերհանման և նպատակային կիրառման»: Խորհուրդ տվեց նաև գալ Հայաստան ու զգալ հետհեղափոխական ոգևորությունը, մարդկանց ժպիտներն ու հայացքները: Ինքն ԱՄՆ-ից վերադարձավ՝ հույսով, որ Հայաստան վերադարձողներ ու Հայաստանը իրենց մտքում նորովի բացահայտածներ սփյուռքի ամենամեծ հայկական համայնքում դեռ շատ կլինեն:

Ահա այսպես, ամենօրյա հետևողական աշխատանքով, պրոֆեսիոնալիզմով ու չկոտրվող կամքով, չէ՞ որ Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարը Հայաստանից է:

Scroll Up