Վիլեն Շատվորյանը հանդիպեց ճամբարի մասնակիցներին

Օգոստոսի 9-ին Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) նախագահ Վիլեն Շատվորյանը այցելեց Օդեսայում ընթացող մանկապատանեկան ճամբար։ ՈՒՀՄ նախագահը մասնակցեց երեխաների կազմակերպած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ խաղին։ Խաղից հետո Վիլեն Շատվորյանը զրուցեց ճամբարի մասնակիցների հետ, քննարկվեցին ճամբարի վերաբերյալ երեխաների առաջարկությունները։

Երեխաները ցանկություն հայտնեցին հաջորդ տարի ավելի երկար ժամանակ անցկացնել ճամբարում, ինչին ի պատասխան ՈՒՀՄ նախագահն ասաց․ «Ես համաձայն եմ ընդառաջել ձեր բոլոր ցանկություններին, միայն երկու պայմանով։ Առաջինը՝ դուք պետք է շատ լավ սովորեք։ Դարձեք լավ մասնագետներ, եղեք պիտանի մարդիկ ինչպես աշխարհի, այնպես էլ Ձեր երկրի ու հայրենակիցների համար։ Երկրորդ՝ ճամբարի հիմնական նպատակը ձեր ծանոթությունն է, պահպանեք այստեղ ստեղծած Ձեր ընկերությունը նաև ճամբարից հետո։ Վստահ եղեք, որ բոլոր քաղաքներում, աշխարհի տարբեր ծայրերում ունեք եղբայրներ, քույրեր, հայրենակիցներ, օգնեք ու աջակից եղեք միմյանց»։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Օդեսայի շրջանում Սև ծովի ափին մեկնարկել է ՈՒՀՄ 7-րդ ամենամյա ամառային մանկապատանեկան ճամբարը, որին մասնակցում էր 60 երեխա։ Երեխաները տարվա ընթացքում աչքի էին ընկել իրենց առաջադիմությամբ և հայկական համայնքի կյանքում ունեցած ակտիվությամբ։

Scroll Up