Նորջուղայեցի երիտասարդների՝ դեպի Երևան հեծանվարշավը

Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի և Լիսաբոնում զոհված հինգ անձնազոհ մարտիկների նահատակության 35-ամյակի առիթները նորջուղայեցի երիտասարդներ` Արմո Մինասյանի ու Թեոդիկ Շահիջանյանի համար խթան հանդիսացան` իրականացնելու յուրօրինակ ծրագիր` դեպի Երևան հեծանվարշավ, որն իրագործվեց այս երկու ընկերների միջոցով:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ սիրողական հեծանվորդներն իրենց արշավը սկսեցին Իրան-Հայաստան սահմանից` «Նորդուզ»-ից՝ հուլիսի 25-ին: Նրանք հաղթահարելով բնության ու ճանապարհային անբարենպաստ պայմանները, սահմանից Երևան տանող 530 կիլոմետրանոց ճանապարհը հաջողեցին հատել չորս օրում: Տղաներն իրենց հետ կրում էին արշավի նպատակը բացատրող պաստառներ:

Արմոյի և Թեոդիկի այս նախաձեռնության վերջին կանգառը Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերգետնյա տարածքն էր, որտեղ վերջերս տեղադրվեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: Գիտակից երիտասարդներն իրենց արշավը եզրափակեցին գաղափարական և հայրենասեր այս մարդու հիշատակին հարգանքի տուրք մատուցելով:

Հավելենք, որ Արմո Մինասյանի և իր ավագ եղբոր՝ Ռուբեն Մինասյանի գեղեցիկ մտահղացմամբ թվայնացվել են հին և մշակութային արժեք ներկայացնող 35 հայերեն գրքեր: Գրքերի թվայնացված տարբերակը նվիրվելու է ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակ»-ի խմբագրությանը` ՀՀ հիմնադրման 100-ամյակի և Լիսաբոնյան ակտի 35-ամյակի առիթներով:

 

Scroll Up