Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Գլենդելի քաղաքային խորհուրդը հուլիսի 31-ին կայացած նիստի ժամանակ միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագծման 2-րդ փուլը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ խորհուրդը տարածքի վարձակալման մասին վերջնական որոշում պետք է կայացնի օգոստոսի 14-ին: Այն տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 դոլար խորհրդանշական վարձավճարով: Հայ-ամերիկյան թանգարանի տարածքը, որը գտնվում է Գլենդելի կենտրոնական զբոսայգում, կտրամադրվի 55 տարի ժամկետով և ևս 40 տարի երկարաձգելու հնարավորությամբ:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Գլենդելի քաղաքապետին, քաղաքային խորհրդի անդամներին նախագծի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև մեզ օժանդակելու՝ ստեղծելու թանգարան և մշակութային կենտրոն, որը հպարտություն կբերի Գլենդելին,- իր խոսքում նշել է Հայ-ամերիկյան թանգարանի գործադիր նախագահ Պերճ Կարապետյանը և հավելել, – Մենք կշարունակենք համագործակցությունն այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու հարցում, որը մարդկանց հնարավորություն կտա զգալ մշակութային բազմազանությունը, ուսանել հանրությանը հայ-ամերիկյան պատմությամբ»:
Հավելենք, որ 1,7 հա մակերեսով Գլենդել քաղաքի Կենտրոնական զբոսայգում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանը եռահարկ կլինի, կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: