Գլենդելցի տասնամյա Ալբերտ Բալյանը` ՙՀեքիաթների աշխարհում՚ մանկական նկարի hամահայկական մրցույթ-փառատոնի հաղթող

Պատանի նկարիչ Ալբերտ Բալյանն արդեն չորրորդ տարին է, ինչ սովորում Գլենդելի Աթանյան արվեստի կենտրոնի նկարչության եւ արվեստի դպրոցում: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ՙՀեքիաթների աշխարհում՚ մանկական նկարի համահայկական մրցույթը հայտարարվել էր անցյալ տարվա գարնանը, որի շրջանակներում կենտրոնի աշակերտների ստեղծագործություններից ընտրվեց 13 աշակերտների գործեր, որոնց թվում էր նաեւ Ալբերտի ՙՄի կաթիլ մեղր՚ հեքիաթի նկարազարդումը: Փառատոնի եզրափակիչ ցուցահանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերին Երեւանում: Մրցույթ-փառատոնին  մասնակցում էին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ 26 երկրների` Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Եգիպտոս, Քուվեյթ եւ այլ երկրների հայ մանուկներ:

Մրցույթին Աթանյան արվեստի կենտրոնի սաները մոտեցան  լրջորեն եւ մեծ աշխատանք կատարեցին իրենց նկարած հեքիաթների ձեւավորման յուրովի եւ ինքնատիպ լուծումներ գտնելու համար: Ալբերտի ՙՄի կաթիլ մեղրը՚  դրանցից լավագույնների մեջ էր: Մրցույթ-փառատոնի երկրորդ փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Աթանյան արվեստի կենտրոնի սաներ Մոնիկա Համբարձումյանի եւ Դավիթ Պիրիջանյանի նկարներն արժանացել են խրախուսական մրցանակի, իսկ Ալբերտ Բալյանը դարձել է մրցույթի հաղթող:   Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հրավերով մարտի 21-26-ը Ալբերտը գտնվում էր Հայաստանում` մասնակցելու հաղթողների համար կազմակերպված հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառումներին, ինչպես նաեւ պարգեւների հանձնման արարողությանը:

Այս տարի ապրիլի 20-ին Երեւանում`  ՙԳեղագիտության ազգային կենտրոնում՚ կբացվի Աթանյան արվեստ 26- կենտրոնի 96 սաների նկարների ցուցահանդեսը ՙԵս սիրում եմ Հայաստանը՚ խորագրով: Սա Գլենդելի Աթանյան արվեստի կենտրոնի եւ Երեւանի ՙԳեղագիտության ազգային կենտրոնի՚ համատեղ նախագիծն է, որին պատրաստվում էին 2010 թ. սեպտեմբերից: Նույն ցուցահանդեսը կբացվի ամռանը Լոս Անջելեսում: Այս առիթով Աթանյան արվեստի կենտրոնը հրատարակել է գունազարդ ալբոմ, որի մեջ զետեղված են բոլոր մասնակիցների ստեղծագործությունները:   Այս տարի նույնպես Աթանյան արվեստի կենտրոնի աշակերտները տարբեր մրցույթներում արձանագրեցին նոր հաջողություններ, արժանացան բարձրագույն պարգեւների: Դրանց թվում է Ստեֆանի Գրիգորյանի կոմպոզիցիան, որը հարյուրավոր պատանեկան ստեղծագործություններից ընտրվել եւ տեղադրվել է բազմահազար տպաքանակ ունեցող “Sax Art” կատալոգի շապիկին: Ստեֆանիի ՙԵս սիրում եմ կապիկներին՚ աշխատանքը նախապես արժանացել էր “Sacura of America” յուղակավճանկարների մրցույթի մրցանակին, որից հետո “Sax Art”-ը ընտրել էր այդ գործն իր կատալոգի շապիկին տեղադրելու համար:

Գլենդելի քաղաքապետարանի Արվեստի եւ մշակույթի բաժնի ՙՄաքուր պահենք Գլենդելը” տարեկան մրցույթի 2011 թ. ֆինալիստներ դարձան կենտրոնի սաներ Առնելլա Քալանթարյանը եւ Տանիա Ռոստամին, իսկ Աթանյան արվեստի կենտրոնն արժանացավ հատուկ մրցանակի:

Փետրվարի 5-ից մարտի 20-ը Աթանյան արվեստի կենտրոնի աշակերտներ Արփի Կիրկորյանի, Ալիսա Մանուկյանի, Լուսին Ենգիբարյանի, Նինել Աբրահամյանի, Անի Կիրվանյանի, Սարահ Ալաջաջյանի եւ Ստեֆանի Գրիգորյանի ստեղծագործությունները ցուցադրվեցին Օկլանդի ՙՄանկական արվեստի թանգարանում՚ (“Museum of Children’s Art”): Այս գործերն ընտրվել էին 150 ֆինալիստների մեջ պատանեկան նկարչական մրցույթին մասնակցած չորս հազարից ավելի ստեղծագործություններից Ամերիկայից եւ Կանադայից:

Աթանյան արվեստի կենտրոնը վստահորեն պահպանում է առաջատարի դերը մանկա-պատանեկան արվեստի ուսուցման, զարգացման եւ պրոպագանդման գործում` հետեւողականորեն եւ նվիրումով կյանքի կոչելով իր առաքելությունը:

Կարինե Աֆրիկյան
Գլենդել

Scroll Up