Սփյուռքի քաղաքականությունը պիտի միտված լինի ուժեղ Հայաստան և ուժեղ սփյուռք ունենալու տեսլականին. Վահե Սահակյան

Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահե Սահակյանի հետ «Հայերն այսօր»-ի հարցազրույցը, ով օրերս համալրեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի խորհրդականների թիմը (հասարակական հիմունքներով), ծավալվել է Սփյուռքի ապագա քաղաքականության, ռազմավարության, Հայաստան-Սփյուռք գործակցության և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ:

Վերջերս Երևանում էիք և մասնակցեցիք «Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ»  գիտաժողովին: Ինչպե՞ս կամփոփեք գիտաժողովի աշխատանքները:

– Գիտաժողովի արդյունքները մեկ-երկու նախադասությամբ ամփոփելն, իհարկե, դժվար է, բայց կուզեմ հատկապես ընդգծել, որ ժամանակակից Հայաստանի մարտահրավերների, իրողությունների և հեռանկարների շուրջ շատ հետաքրքիր զեկուցումներ ու քննարկումներ եղան։ Այս հնարավորթյունը ստեղծելու համար պետք է շնորհակալ լինենք, իհարկե, հիմնական կազմակերպիչներին՝ ի դեմս Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի նախագահ Աշոտ Ոսկանյանի։ Ինձ համար կարևոր էր, որ քննարկման առարկա հանդիսացան մի շարք թեմաներ՝ ազգ-բանակը, պատմագրությունը, հայ հասարակության կառուցվածքը, կառավարման ոճը, և այլն, որոնց մասին նախկինում շատ չէր խոսվում, չնայած շատերը մտահոգություններ հայտնում էին ավելի մասնավոր շրջանակներում։ Երկրորդ դրական փաստը, ինձ համար, սփյուռքում աշխատող ու գործող հայագետ-հետազոտողների և գիտնականների ներկայացվածությունն ու մասնակցությունն էր։ Ողջունելի էր շատ, որ գիտաժողովը հնարավորություն էր ընձեռել սփյուռքահայ մտածողներին կիսվել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին իրենց ուսումնասիրություններով ու մտահոգություններով։ Եվ երրորդն էլ շեշտեմ, որ գիտաժողովի զեկույցների գոնե այն մասը, որոնք առիթ ունեցա լսելու, ըստ իս, կաշկանդված չէին ազգայնական ու վերևից պարտադրված գաղափարախոսական կաղապարներով։

– Սփյուռքի (հայկական սփյուռքի) տարիների ձեր ուսումնասիրությունների ամենակարևոր առանցքը, ուղղությունը, շեշտադրումները որո՞նք են:

– Ուսումնասիրույթուններիս հանգուցային առանցքն այն է, որ ես սփյուռքը դիտարկում եմ որպես տեղական հասարակություններում լիարժեքորեն ընդգրկված անձանց, խմբերի, կազմակերպությունների և հաստատությունների ամբողջություն, որոնք նաև ունեն ինքնության այլ շերտեր, որոնք կապում են իրենց մեկ այլ իրական կամ իդեալական տեղավայրի հետ։ Սփյուռքում ապրող անձինք ու խմբավորումները տեղական հասարակությունների լիիրավ անդամներ են՝ անկախ իրենց նկատմամբ հնարավոր խտրական վերաբերմունքի առկայությունից կամ բացակայությունից։ Երկրորդ, երրորդ կամ չորրորդ սերունդ ամերիկահայերը, ֆրանսահայերը, լիբանանահայերը, կամ այլ վայրերի հայերը նաև ամերիկացու, ֆրանսիացու, լիբանանցու կամ այլ վայրերի տեղային ինքնությունների կրողներ են։ Առանց դրանք հասկանալու ու հաշվի առնելու՝ սփյուռքի մասին պատկերացումները լիարժեք չեն կարող լինեն։ Տեղական այս կոնտեքստները նաև իրենց ազդեցությունն ունեն տարբեր երկրներում հայկականության բազմազան դրսևորումների ձևավորման վրա։ Հայկականությունը Բոստոնում ծնված-մեծացածների մոտ այլ դրսևորումներ ունի քան, ասենք, Բուրջ Համուտում ծնված-մեծացածների։

Այստեղ ուզում եմ ընդգծել, որ սփյուռքն իմ սահմանմամբ ընդգրկում է գաղթականների հաջորդ սերունդներին, ովքեր ծնվել և մեծացել են իրենց ծնողների կամ նախնիների հայրենիքից դուրս։ Իմ համոզմամբ, այս կամ այն երկրից արտագաղթող և այլ երկրներում հաստատվող սերունդներին դեռևս վաղ է սփյուռք համարել։ Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք նրանք սփյուռքայնացման գործընաց կանցնեն՝ սերունդների ընթացքում ձևավորելով խառն ինքնություններ, թե՞ կձուլվեն տեղի հասարակություններում կամ կվերադառնան իրենց հայրենիքներ։ Այս առումով, սփյուռքի մասին խոսելիս նախ և առաջ պետք է նկատի ունենալ նախնիների հայրենիքի քաղաքական կամ երևակայական սահմաններից դուրս ծնված սերունդներին։

Հայկական հաստատությունները նույնպես տարբեր երկրներում միաժամանակ հանդիսանում են նաև տեղական հասարակությունների սոցիալական կառուցվածքի լիարժեք բաղկացուցիչներ։ Հայկական եկեղեցիները, դպրոցներն ու այլ կազմակերպությունները Հայաստանի սահմաններից դուրս գործում են տեղական օրենսդրությանը համապատասխան, որպես, օրինակ, ֆրանսիական, ամերիկյան, արգենտինական, ռուսական և այլ երկրների հաստատություններ, կազմում են նաև այդ երկրների տեղական պատմությունների անբաժանելի մասը, և իրենց սոցիալական գործառույթներն ուղղված են նաև տեղական հասարակության պահանջների բավարարմանը։ Սփյուռքի անկողմնակալ ուսումնասիրությունների, սփյուռքի հետ աշխատելու, սփյուռքի նկատմամբ արդյունավետ քաղաքականությունների մշակման գործում շատ կարևոր է հաշվի առնել սփյուռքյան ինքնությունների բազմազան դրսևորումները և սփյուռքը կազմող անձանց, խմբերի և հաստատությունների այս երկակի կամ բազմակի պատկանելությունները։

– Սփյուռքի ապագա քաղաքականության սկզբունքների և ուղղությունների շուրջ քննարկումներ եք ունեցել Հայաստանում սփյուռքի քաղաքականության մշակման գործում ընդգրկված պետական պաշտոնյաների, այդ թվում՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: Կմանրամասնե՞ք հանդիպումների արդյունքները, քննարկված հարցերի շրջանակը:

– Նախարարի և պետական այլ պաշտոնյաների հետ հանդիպումները շատ հետաքրքիր էին և կարևոր։ Ամենից գնահատելին ինձ համար այն է, որ մարդիկ պատրաստակամ են լսելու նոր առաջարկներ, նոր գաղափարներ, ինչը, ցավոք, նույն վստահությամբ չէի կարող պնդել մեկ տարի առաջ սփյուռքի նախարարության տարբեր օղակների պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո։ Ողջունում եմ և հույս հայտնում, որ սա պիտի լինի այսուհետ Հայաստանի նոր ու գալիք իշխանությունների գործելաոճը բոլոր ոլորտներում։

Հանդիպումները, հիմնականում, սփյուռքի նոր քաղաքականության մշակման սկզբունքների և ուղղությունների շուրջ էին։ Նախարար Մխիթար Հայրապետյանի հետ շատ անկեղծ ու բաց քննարկում ունեցանք հայրենադարձության, երկպալատ խորհրդարանի և սփյուռքի ներուժի օգտագործման հարցերի շուրջ, որոնց մասին հայտնեցի իմ որոշ վերապահությունները, և առաջարկեցի մտածել քաղաքականությունների շուրջ, որոնք կլինեն ոչ միայն հայաստանակենտրոն, այլ հայակենտրոն՝ բառիս լայն, սփյուռքյան իմաստով։

– Համաձայն Ձեր դիտարկումների՝ որո՞նք են Սփյուռքի նոր քաղաքականության, ռազմավարության կարևոր կետերը:

– Ռազմավարական առումով, կարծում եմ, Հայաստանի կողմնորոշումը դեպի սփյուռքը, սփյուռքի կարիքներին հաղորդակից լինելը, սփյուռքի կարիքների նկատմամբ հետաքրքրության դրսևորումը և հնարավորության դեպքում նաև աջակցությունը շատ կարևոր կլինի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից։ Վերջին տասնամյակի քաղաքականություններն ավելի շատ եղել են հայաստանակենտրոն, և սփյուռքի խնդիրները Հայաստանի իշխանություններին հիմնականում չեն մտահոգել։ Սփյուռքում փակվել են հայկական դպրոցներ, տարբեր կազմակերպություններ դադարեցրել են գործունեությունը կամ խիստ սահմանափակել են իրենց գործունեության դաշտը, արևմտահայերենը UNESCO-ի կողմից դասվել է վտանգված լեզուների շարքում, բայց մեծ հաշվով Հայաստանի իշխանությունները սփյուռքի այս խնդիրնեին հաղորդակից չեն եղել։ Չեմ բացառում, որ որոշ քայլեր, թերևս, արվել են նախկինում, բայց այդ ամենը տեսանելի, շոշափելի արդյունքի չի հանգեցրել։ Պատմականորեն եթե նույնիսկ նայենք, 1920-ականներից ի վեր սփյուռքից Հայաստան եկող մարդկային ու ռեսուրսների հոսքերը հաճախ եղել են սփյուռքում տարբեր ծրագրերի կրճատման, տարբեր կազմակերպությունների ու հաստատությունների փակման և այս իմաստով՝ սփյուռքի տարբեր համայնքների ներուժի թուլացման հաշվին։ Շատերն այսօր սփյուռքում համոզված են, որ սփյուռքի խնդիրները պետք է լուծել միմիայն սփյուռքի միջոցներով, և Հայաստանն այդտեղ դեր չի կարող ունենալ։ Իսկ այս համոզմունքը ձևավորվել է նաև մասամբ Հայաստանի հետ վերջին տարիներին ունեցած հարաբերությունների արդյունքում։

Իմ համոզմամբ, ուժեղ Հայաստանը չպետք է ենթադրի թույլ սփյուռք և, նմանապես, ուժեղ սփյուռքը չպետք է ենթադրի թույլ Հայաստան։ Սփյուռքի նոր քաղաքականությունները չպետք է լինեն զրոյական արդյունքով խաղ. այսինքն, դրանց արդյունավետությունը չի կարող լինել ի հաշիվ սփյուռքյան խմբավորումների, կազմակերպությունների և հաստատությունների ներուժի սպառման։ Առանց փակագծերը շատ բացելու, նշեմ, որ սփյուռքի իմ պատկերացրած քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում պիտի միտված լինի ուժեղ Հայաստան և ուժեղ սփյուռք ունենալու տեսլականին։ Սրան հասնելու համար պետք է ավելի հաղորդակից լինել սփյուռքի բազմազան խնդիրներին՝ տարբեր հետազոտությունների, մամուլի, պարբերաբար տեղի ունեցող այցերի միջոցով, խոսել ու շփվել սփյուռքի ոչ միայն տեսանելի ու գործուն կազմակերպությունների առաջնորդների ու անձանց, այլ նաև սփյուռքի մնացած այլ բազմազան հատվածների հետ։ Սա նշանակում է ավելի մեծ աշխատանք սփյուռքի հետ, ավելի մեծ ջանքեր, սակայն ոչ անպայման ավելի մեծ ծախսեր։

– Հայաստան-Սփյուռք գործակցության ամենակարևոր առանցքը ո՞րն է: Ի՞նչն է, որը կարող է փոխշահավետ, օգտակար և առաջնային լինել երկուստեք հարաբերություններում: Անցնող տարիների ընթացքում ի՞նչ ենք հաջողել, ի՞նչ թերացումներ, բացթողումներ ունենք և ի՞նչ անելիքներ ապագայում:

– Ձեր հարցում շատ ճիշտ եք նկատում, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը պետք է լինի փոխշահավետ, այսինքն՝ ռեսուրսների հոսքը չի կարող միայն մեկ ուղղությամբ՝ սփյուռքի տարբեր կենտրոններից դեպի Հայաստան լինել, ուր Հայաստանը կարճաժամկետ հեռանկարում, թերևս, կշահի, իսկ սփյուռքի այդ կենտրոնները կկորցնեն։ Իմ համոզմամբ, փոխշահավետության կարելի է հասնել միայն սփյուռքն ավելի լավ հասկանալու արդյունքում։ Սփյուռքը մեկ միավոր չէ ու երբեք չի լինելու, այդ պատճառով «փոխըմբռնում» հասկացությունն այստեղ չեմ օգտագործում։ Ակնկալիքները, որ սփյուռքի բազմազան միավորումներն ի վերջո կունենան Հայաստանի մասին միատեսակ պատկերացումներ, իրական չեն կարող լինել։ Սակայն Հայաստանում կարող են ավելի իրատեսական պատկերացումներ ձևավորվել սփյուռքի մասին՝ սփյուռքի լուրջ ուսումնասիրությունների միջոցով, որոնք բացի նկարագրությունից ու փաստագրումից, նաև խորքային ու քննական կերպով կօգնեն հասկանալ այս կամ այն երկրում առկա հայկականության դրսևորումները, հայկական սփյուռքյան կազմակերպությունների ու հաստատությունների գործառնության առանձնահատկությունները, և կօգնեն մշակել ավելի տեղյակ ու իրատեսական քաղաքականություններ։

Անցնող տարիների կարևոր ձեռքբերումներից պետք է համարել, թերևս, սփյուռքի տարբեր համայնքների մասին նկարագրական ու տեղեկատվական գիտելիքի կուտակումը, սփյուռքի տարբեր շրջանակների և Հայաստանի միջև կապերի ձևավորումը։ Գալիք տարիների մարտահրավերների շարքում են լինելու սփյուռքի նկատմամբ ավելի քննական ու մեկնաբանական մոտեցումների ձևավորումը, սփյուռքի տարբեր շրջանակների խնդիրներին տեղյակ ու հաղորդակից լինելը, և հարկ եղած դեպքում նաև աջակցությունը, ինչպես արդեն նշեցի։ Իրենց երկրներում մեծ հաջողություններ արձանագրած ծագումով հայ կամ իրենց հայ համարող անձինք, ինչպես նաև հայկական կազմակերպություններ ու հաստատություններ ունենալը աշխարհաքաղաքական առումով կարևոր է Հայաստանի համար։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունները, թե՛ ներկա, թե՛ ապագա, նույնպես շահագրգռված պիտի լինեն սփյուռքում ապրող անձանց, կազմակերպությունների և հաստատությունների հաջողություններում, և նաև պիտի հնարավորությունների չափով մասնակցեն այդ հաջողությունների կայացմանը։

– Հայաստանյան վերջին զարգացումներն ի՞նչ նոր որակ հաղորդեցին Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում, Սփյուռքում ապրող մարդու առօրյայում: Կխնդրեի, որ այս հարցին (եթե հնարավոր է) պատասխանել և´ որպես մասնագետ, և´ մարդ, որը ապրում և աշխատում է Սփյուռքում:

– Ինչպես նշեցի, ակադեմիական սահմանման տեսանկյունից, տարբեր երկրներում հաստատված Հայաստանից արտագաղթած համայնքներին ես սփյուռք չեմ համարում։ Նրանց մի մասը սերունդների ընթացքում կձուլվի, մյուս մասն էլ սփյուռքայնացման գործընթաց պիտի անցնի մինչև սփյուռք դառնալը, մի մասն էլ, թերևս, կվերադառնա Հայաստան։ Սակայն քաղաքականություն մշակողները և հետազոտողները, առավել հաճախ սփյուռք հասկացությամբ նկատի ունեն նաև այս խմբավորումներին։ Տեսեք, այս խմբավորումները Հայաստանի հետ բնական կապի մեջ են: Հայաստանն իրենց երկիրն է, ուր ծնվել են, ապրել են, ուր մանկության, պատանեկության, երիտասարդության հուշեր ունեն, Հայաստանում մնացած բարեկամ-ծանոթ-ընկերներ, Հայաստանի հետ անմիջական կապ՝ ժամանակ առ ժամանակ գալիս ու գնում են, իրենց ծանոթների հետ խոսում են, իրենց հարազատներին դրամ կամ այլ նվիրատվություններ են ուղարկում, գիտեն Հայաստանի շատ քաղաքական ու հասարակական գործիչներին անուն-ազգանուններով, հետևում են հայաստանյան մամուլին և այլն։ Հետևաբար, Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին հաղորդակից են, դրանք իրենց համար կարևոր են: Եվ պատահական չէ, որ հայաստանյան վերջին իրադարձություններին ամենաբուռն արձագանքողների մեջ հատկապես տեսանելի էր հենց սփյուռքի այս՝ Հայաստանից վերջին տասնամյակների ընթացքում արտագաղթածների հատվածը։ Ինքս էլ Հայաստանից վերջին տարիներին արտերկրում հաստատված այս խմբավորմանն եմ պատկանում, ու հենց այդ պատճառով էր, որ հայաստանյան վերջին իրադարձությունների նկատմամբ անտարբեր չեմ, և այս հնարավորությունը փորձում եմ օգտագործել՝ սփյուռքի հետ Հայաստանի ավելի արդյունավետ քաղաքականությունների մշակման գործում իմ մասնագիտական ներդրումն ունենալու նպատակով։ Այս խմբավորումների շարքերում, անշուշտ, կային նաև այնպիսիները, ովքեր խանդավառված չէին Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով կամ դրանց նկատմամբ անտարբեր էին, բայց խանդավառվածների թիվն անհամեմատ ավելի մեծ էր։

Այսպես կոչված «ավանդական սփյուռքի» շրջանակներում հայաստանյան իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքի առումով հակառակ միտումներն էին։ Հեղափոխության օրերին հանդիպել եմ թե՛ ընդդիմադիրների, ովքեր քննադատում էին երկիրը անկայունության տանող որևէ գործունեություն, թե՛ խանդավառվածների, ովքեր ոգևորված էին իրադարձություններով, և թե՛ անտարբերների, ովքեր տեղյակ չէին, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Սակայն, իմ տպավորությամբ, թե՛ խանդավառվածների և թե՛ ընդդիմադիրների թիվն այսպես կոչված ավանդական սփյուռքի խմբավորումների մոտ, անհամեմատ ավելի փոքր էր։ Թերևս չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Հայաստանի վերջին իրադարձություններին ավանդական սփյուռքի մի ստվար մասը մնաց անհաղորդ, և իրենց կյանքում, առօրյայում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել։ Կփոխվի, իհարկե, սփյուռքի նոր ու ավելի արդյունավետ քաղաքականությունների արդյունքում։

– Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում քննարկման առաջնային հարց է հայրենադարձության թեման (մենք ձեզ հետ առիթ ունեցել եք խոսելու այս հարցի շուրջ): Ժամանակակից իրողությունը հաշվի առնելով՝ արդյո՞ք Հայաստանն այսօր պատրաստ է հայրենադարձության և ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացվեն այս ուղղությամբ:

– Վերջին իրադարձություններից հետո Հայաստանում հայրենադարձության թեման քննարկումների նոր թափ ստացավ, սակայն իմ համոզմունքներն այդ հարցում չեն փոխվել։ Ինչպես և նախորդ հարցազրույցում, այնպես էլ հիմա, վստահ եմ, որ սփյուռքի հիմնական զանգվածը չի հայրենադարձվելու։ Պատճառների մասին նախորդ հարցազրույցում արդեն խոսել եմ, ուստի այստեղ չանդրադառնալով դրանց, կուզեմ հատկապես շեշտել հետևյալը. անկախ այն բանից, թե հայրենադարձությունը կլինի, թե չի լինի Հայաստանի կառավարության սփյուռքի ապագա քաղաքականության հիմնասյուներից մեկը, Հայաստանի զարգացումը, տնտեսական ցուցանիշների աճը, աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումն ու կենսապայմանների բարելավումը, օրենքի իշխանության հաստատումն ու օրենքի առջև բոլորի հավասարությունը, ինքնաբերաբար, կմեծացնեն հայրենադարձվողների թիվը՝ հատկապես Հայաստանից վերջին տասնամյակներին արտագաղթած զանգվածների շրջանակներում։ Սփյուռքի նախարարության «ներՈւԺ» ծրագիրն, օրինակ, շատ ողջունելի է, որովհետև դրա հաջողությունն արդեն իսկ ենթադրելու է հայրենադարձություն։ Լոզունգներից այն կողմ, իրական հայրենադարձություն հնարավոր է ապահովել միայն մրցակցային տնտեսություն, մրցակցային աշխատանքներ ու աշխատավարձեր, բարձր կյանքի որակ ու օրենքի իշխանություն ապահովելու պայմաններում։ Հայասատանն, այս իմաստով, այսօր ավելի, քան վերջին տասը տարիների ընթացքում, հնարավորություն ունի հայրենադարձությունը խթանելու հենց այս իմաստով։

Այս ամենով հանդերձ, հայրենադարձությունն իմ պատկերացրած սփյուռքի քաղաքականության ծրագրում պիտի լինի քաղաքականության ուղղություններից մեկը, բայց ոչ՝ ամենակարևորը։ Իմ համոզմամբ՝ սփյուռքի քաղաքականության կարևորագույն սկզբունքներն, ինչպես նշեցի, պետք է միտված լինեն ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք տեսլականի իրագործմանը։ Հայրենադարձությունը խիստ հայաստանակենտրոն է։ Բարեբախտաբար, հայրենադարձության քաղաքականության մեջ հարյուր տոկոս արդյունավետության հասնելը գործնականում անհնար է։ Հայրենադարձության բացարձակ արդյունավետությունը  տեսականորեն ենթադրում է, որ սփյուռքը պիտի վերջանա, այնպես չէ՞։ Եթե բոլորը հայրենադարձվում են, ապա սփյուռք չենք ունենում այլևս։ Չեմ կարծում, իհարկե, որ Հայաստանի իշխանությունների, սփյուռքի նախարարության, կամ հատկապես սփյուռքում գործող որևէ կառույցի նպատակն է տեսնել ու արձանագրել տարբեր երկրներում տասնամյակների ու դարերի ընթացքում ստեղծված հայկական կազմակերպությունների, հաստատությունների, և հայկական բազմազան մշակույթների անկումը, հայկական եկեղեցիների ու գեղեցիկ այլ ճարտարապետական կառույցների ամայացումը, օտարումը, օտարացումը։ Այս ամենի պահպանմանն ու շարունակությանը նպաստելու համար անհրաժեշտ են սփյուռքի նորարարական քաղաքականություններ, որոնցում հայրենադարձությունն ու հայաստանակենտրոն այլ ծրագրերը կլինեն, անշուշտ, մի մասը, սակայն ավելի կարևոր ու մեծ մասն ուղղված կլինի ուժեղ Հայաստան և ուժեղ սփյուռք ունենալու տեսլականի իրագործմանը։

Լուսինե Աբրահամյան

Scroll Up