«Քայլ դեպի տուն» ծրագրին կմասնակցեն սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 25 երկրից

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասներ են ներկայացրել օգոստոսի 10-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Դավիթ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ «Քայլ դեպի տուն»-ը «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի միաձուլումն է: «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում Սփյուռքում ապրող հայ երեխաները, գալով հայրենիք, կսովորեն հայոց լեզու, հայոց պատմություն, ինչպես նաև կծանոթանան հայկական ավանդույթներին ու մշակույթին:

«Ամենակարևոր հարցերից մեկը ծրագրի իրականացման համար անցկացվող մրցույթների թափանցիկությունն ապահովելն է: Կազմակերպչական հարցերը լուծելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն, որոնցից հաղթել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն»,-ասել է փոխնախարարը` հավելելով, որ ծրագրի շրջանակներում մասնակիցները կապրեն հյուրընկալ ընտանիքներում: Այն ընտանիքները, որոնք ցանկանում են իրենց տանը հյուրընկալել ծրագրին մասնակից երեխայի, պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնեն համապատասխան հայտը:

«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանն իր խոսքում նշել է, որ ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Այն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Ծրագրի վերջին երեք օրը երեխաները կանցկացնեն ճամբարում:

Հավելենք, որ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին կմասնակցեն Սփյուռքում բնակվող շուրջ 500 պատանի և երիտասարդ՝  աշխարհի 25 երկրից:

 

 

 

Scroll Up