«Հայաստանում երբեք օտարություն չզգացի». իրաքահայ պատանի

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլի մասնակից 14-ամյա Մարինա Պետրոսյանն ապրում է Իրաքի Բասրա քաղաքում, հաճախում է հայկական դպրոց, որտեղ դասավանդում են հայոց լեզու, կրոն, հայոց պատմություն և այլ առարկաներ:
Մարինան ոգևորությամբ է հաճախում դասերին՝ գիտակցելով օտարության մեջ ազգային դիմագծի ու հարազատ լեզվի պահպանման անհրաժեշտությունը: Տանն էլ անվերապահորեն հայերեն են խոսում, հետևում հայկական ավանդույթներին, նշում տոները:
Սուրբ Ծննդյան տոնը Մարինայի համար մեծ խորհուրդ ունի, ամեն տարի սրտի թրթիռով է սպասում ընկերների և ընտանիքի անդամների հետ հայկական եկեղեցի գնալուն, որպեսզի Սբ.Պատարագի մասնակցեն:
«Իրաքահայ հասակակիցներիս հետ եմ մասնակցել «Արի տուն» ծրագրին: Հագեցած օրեր եմ անցկացրել, տպավորություններս աննկարագրելի են: Ամեն ինչ լավ էր կազմակերպված. մարդիկ ամենուր մեզ հոգատար վերաբերմունքի էին արժանացնում»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մարինան՝ հավելելով, որ Հայաստանում ամեն ինչ իրեն դուր է եկել, հատկապես՝ բնությունն ու համեղ ուտելիքները:
Մարինան կարևոր նվաճում է համարում ծրագրի շրջանակներում հայրենագիտության դասընթացներին մասնակցելը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն՝ Սոսի Ավագյանին, ով դասընթացների ժամանակ սրտաբաց ամեն ջանք գործադրել է՝ բազմաբնույթ տեղեկություններ հաղորդելու համար:
Նա նշեց նաև, որ Հայաստանում հոգեպես հանգիստ է եղել, կարծես իր տանն է գտնվել, քանի որ օտարություն չի զգացել:
Մարինան քաջատեղյակ է, որ Հայաստանում որակյալ կրթության համար բոլոր նպաստավոր պայմաններն առկա են, և գուցե դա էլ դառնա պատճառը, որ հետագայում բարձրագույն կրթություն այստեղ ստանա:
Գևորգ Չիչյան