Սփյուռքի նախարարը հանդիպում ունեցավ Էլիզա Մինասյանի հետ
Սփյուռքի նախարարը հուլիսի 18-ին ընդունեց ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագրի (ՋՀԾ) գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանին: Նախարարի հետ զրույցում հյուրը ներկայացրեց հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասներ, խոսեց ծրագրերի մասին, որոնք այժմ իրականացվում են:
Հյուրը անդրադարձավ նաև Նյու-Յորքում ապրող հայերի ոգևորվածությանը, որի պատճառը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն էր: Էլիզա Մինասյան նաև նշեց, որ մեր հայրենակիցներից շատերը ցանկանում են հայրենադարձվել, գալ հայրենիք, ապրել Հայաստանում և գործունեություն ծավալել:
Նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հյուրին և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագրի հետ շարունակական կլինի:
ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագիրը ծավալուն և կենսական կարևորության ծառայություններ է մատուցել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարյուր հազարավոր հայերի, որոնք ապրելով հակամարտության, աղքատության և անկայուն պայմաններում հայտնվել են դժվար կացության մեջ:
Ներկայումս ծրագիրն իր գործունեությունը ծավալում է Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իսրայելում, Հայաստանում, Արցախում և Վրաստանում, որտեղ Հայաստանի մասնաբաժինն ամենամեծն է:
ԱՄՆ «Ջինիշյան» հիշատակի ծրագիրը գործունեություն է ծավալում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսության և համայնքային զարգացման ոլորտներում` իրականացնելով մարդասիրական և զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր` հաշվի առնելով տվյալ երկրում առկա առաջնային խնդիրները, մարտահրավերները և զարգացման հնարավորությունները: