«Գործնական նոր առաջարկս սփյուռքահայերի համար է». Կիրակոս Գույումջյան

Քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումջյանը Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավող և ներդրումները խթանող մի նախագիծ է ցանկանում իրագործել, որի մանրամասները ներկայացնում է «Հայերն այսօր»-ի հետ զրույցի ընթացքում:

-Պարո՛ն Գույումջյան, վերջերս հանդիպել եք Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին: Ի՞նչ հարցեր եք արծարծել հանդիպման ընթացքում:

-Նախ շնորհավորեցի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին նոր պաշտոնի ստանձման համար՝ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ճանապարհին մաղթելով արգասաբեր համատեղ աշխատանք:  Խոսեցինք նաև  Թավշյա հեղափոխության հաղթանակի մասին:

Զրույցի ընթացքում նախարարին հայտնեցի սփյուռքահայերին գործնական առաջարկ ունենալուս մասին, որն իրականացնելու դեպքում Հայաստանում կխթանենք տնտեսության զարգացմանն ու ներդրումների աճին:

-Ի՞նչ  առաջարկի մասին է խոսքը:

Այս գաղափարիս իրագործումը նախ օգտակար կլինի Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Առաջարկում եմ, որ սփյուռքահայերը զբաոսաշրջության կամ այլ նպատակով Հայաստան գալու ժամանակ իրենց երկրներից գնումներ չկատարեն, այլ անհրաժեշտ ամեն ինչ գնեն հենց Հայաստանից. այստեղ ամեն ինչ բարձրորակ է և համամատաբար՝ մատչելի: Այդպիսով նրանք կխնայեն իրենց ժամանակն ու նյարդերը, ճամպրուկները չեն ծանրաբեռնի և, միաժամանակ, ազգանպաստ գործունեություն կսկսեն:

Մեր ընտանիքի օրինակը ներկայացնեմ. Երևանում գտնվող մեր բնակարանի համար ամբողջ կահույքը, առաջին անհրաժեշտության տնտեսական, կենցաղային ապրանքները Հայաստանից ենք գնել և շատ գոհ մնացել: Նույնիսկ եղբորս աղջկա հարսանիքի ոսկեղենը՝ որպես նվեր, այստեղից գնեցինք:

Այս նախագիծն իրագործելու համար անհրաժեշտ է ուշագրավ անուն մտածել, որը կդիպչի սփյուռքահայերի սրտերին և գործուն քայլերի կտրամադրի: Նաև անհրաժեշտ է համապարփակ քարոզչություն իրականացնել:

-Ինչպե՞ս եք պատկերացնում  քարոզչությունը:

-Կարծում եմ՝ մեզ շատ կօգնեն Հայաստանում և Սփյուռքում գործող լրատվամիջոցները՝ հոդվածներ, հարցազրույցներ, տեղեկատվական նյութեր հրապարակելով, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեղեկանան և մեր համախոհները դառնան:  Ինչու ոչ, կարող ենք համահայկական շարժում սկսել:

Եթե նույնիսկ մեծ ցուցանիշ չգրանցենք, միևնույն է, այն բարոյահոգեբանական դրական մթնոլորտ է ստեղծելու սփյուռքահայերի շրջանում:

-Պարո՛ն Գույումջյան, ինչպե՞ս որոշեցիք  կյանքի կոչել այս գաղափարը:

– Այս կարևոր գործը սկսել ինձ խանդավառեց ազգիս և Հայրենիքիս հանդեպ ունեցած սերը:

Ակամայից հիշեցի Զորավար Անդրանիկի խոսքերը՝ «Ամեն գիշեր գլուխդ բարձին դնելուց առաջ մի պահ մտածի՛ր, թե ինչ ես արել քո ազգի համար»: Այս անգին խոսքերը պետք է ուղենիշ և ամենօրյա նշանաբան լինեն բոլորիս համար:

 Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up