Սփյուռքի նախարարն ընդունեց Հրանտ Դինքի անվան հայկական վարժարանի տնօրեն Հերիքնազ Ավագյանին

Հուլիսի 16-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող Հրանտ Դինքի անվան հայկական վարժարանի տնօրեն Հերիքնազ Ավագյանին և դպրոցի մի քանի ուսուցիչների:

Տնօրենը մանրամասն ներկայացրեց դպրոցի գործունեությունը և նշեց, որ աշխատակիցների նվիրվածությունն այնքան մեծ է, որ տարեցտարի աշակերտների թիվը շատանում է. արդեն ունեն 145-150 աշակերտ: Վարժարանը Սփյուռքի նախարարությունից ստանում է դասագրքեր, ուսումնամեթոդական և դիդակտիկ նյութեր, ուսումնական ուղեցույցներ, իսկ ուսուցիչները մասնակցում են վերապատրաստման դասընթացների:

Դպրոցի տնօրենը նշեց, որ Ստամբուլում ապրող մեր հայրենակիցները մեծ հույսեր են կապում նոր Հայաստանի հետ, և համոզված են, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանը կդառնա զարգացած և հզոր պետություն:

Ի պատասխան Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հայապահպանության հետ կապված Սփյուռքի նախարարությունը մեծ անելիքներ ունի, և այդ ուղղությամբ կառավարության հետ միասին տարվում են ամենօրյա կառուցողական աշխատանքներ: Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրերին, և խոստացավ, որ Ստամբուլ այցի ժամանակ մեծագույն սիրով կայցելի Հրանտ Դինքի անվան հայկական վարժարան:

Scroll Up