Մեկնարկում է Սփյուռքի նախարարության «ներՈւԺ» ծրագիրը. տեսանյութ

Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը:
Ծրագրին կարող են մասնակցել սփյուռքում բնակվող 18-35 տարեկան այն հայ երիտասարդները, ովքեր ունեն բիզնես գաղափար: Հաղթողները կստանան մինչև 15 մլն դրամ աջակցություն: «ներՈւԺ»-ի նպատակն է Սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել սթարթափերը բերել Հայաստան և բարելավել երկրում սթարթափերի էկոհամակարգը։
Ծրագիրը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը Հայաստանում՝ UWC Դիլիջան քոլեջում։
Չորսօրյա միջոցառման գերակա նպատակներն են՝
- հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հարթակներ և հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար.
- օժանդակել էկոհամակարգին և կառուցել ամուր ու առողջ սթարթափային էկոհամակարգ.
- ապահովել կիրառական ուղղություն՝ ինչպես կառուցել արժեք գեներացնող, առևտրապես կենսունակ և ճկուն սթարթափային բիզնես.
- կառուցել և օգտագործել առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտություններ.
- հնարավորություններ ստեղծել համագործակցության և ֆինանսավորման համար:
Ծրագրի թիրախային ոլորտներն են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և նորարար տեխնոլոգիաները։
Դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ սեպտեմբերի 13:
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցելու համար պետք է այցելել ծրագրի պաշտոնական կայքը՝ http://neruzh.am/: