Սփյուռքի նախարարն ընդունեց Վահե Գաբրաշին

Հուլիսի 11-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց սփյուռքահայ բարերար Վահե Գաբրաշին, ով այժմ բնակվում է Շվեյցարիայում և զբաղվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Ֆոնդասիոն Արմենիա», «Ալիանս Արմենի», «Ֆիլիպոսյան-Փիլոսյան» հիմնադրամների գործունեությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հայրապետյանը կարևորեց Վահե Գաբրաշի նվիրումն ու աջակցությունը հայրենիքին և նշեց, որ այսուհետ Հայաստանը ևս յուրաքանչյուր սփյուռքահայի կողքին պետք է լինի: «Մեր գերնպատակն է ստեղծել այնպիսի երկիր, որն առանց վարանելու, վստահաբար կկանգնի Սփյուռքի թիկունքին: Ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք. ահա սա է մեր բանաձևը: Հայաստանը պիտի նպաստի հայկական համայնքներում հայապահպանությանը, հայկականության մթնոլորտի ստեղծմանը: Սակայն մենք նպատակ ունենք ստեղծել նաև միջհամայնքային կապեր, այսպիսով՝ ստեղծելով նաև համահայկական ցանց»,-նշեց Սփյուռքի նախարարը: Խոսելով առկա խնդիրների լուծման մասին՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է կամք, որն առկա է, և քայլ, որն արվում է:

Վահե Գաբրաշը խոսելով Շվեյցարիայի ոչ մեծաթիվ հայ համայնքի մասին՝ նշեց, որ երիտասարդները հետաքրքրված են Հայաստանի կյանքով, ցանկանում են գալ, օգնել: «Ես փորձում են նրանց ճիշտ ճանապարհը ցույց տալ: Ինքս էլ այստեղի հետ կապված շատ ծրագրեր ունեմ, որոնք ցանկանում եմ իրականություն դարձնել»,-ասաց հյուրը:

Հաջողություն մաղթելով ծրագրերի իրագործմանը՝ նախարար Հայրապետյանը շեշտեց, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը ծառայելը յուրաքանչյուրի առաքելությունն է: «Հայրենիքը պիտի հոգատար լինի իր զավակաների համար: Ահա սա է մեր ընկալման առանցքը: Այդ է պատճառը, որ ցանկանում ենք Հայաստան-Սփյուռք կապերին նոր որակ հաղորդել, ստեղծել փոխադարձ հոգատարության և սիրո մթնոլորտ»,-նշեց նախարարը:

Հանդիպման ավարտին Վահե Գաբրաշը հույս հայտնեց, որ Սփյուռքի նախարարը կայցելի նաև շվեյցարահայ համայնքին, տեղում կծանոթանա իրավիճակին:

Scroll Up