Սփյուռքահայ երիտասարդները կրկին մեկտեղվեցին Հայաստանում

Հուլիսի 2-ին Սփյուռքի նախարարությունում մեկնարկած «Արի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի անցումային փուլին մասնակցում են 61 պատանի Ռուսաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Կիպրոսից, Իրաքից և ԱՄՆ–ից:
Մասնակիցների թվում են նաև Սանկտ-Պետերբուրգի «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներ Աննա Հովսեփյանը, Անժելիկա Հովսեփյանը և Կարապետ Կարապետյանը, ովքեր «Հայերն այսօր»-ի հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորություններով:
Աննա Հովսեփյան – Ապրում եմ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ այցելում եմ «Ուրարտու» հայկական կիրակնօրյա դպրոց: Սովորում եմ նաև ռուսական դպրոցում, տեղափոխվել եմ 11-րդ դասարան:
«Ուրարտու» դպրոցում մեզ ուսուցանում են հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն, հայկական երգ ու պար, գործում է նաև շախմատի խմբակ: Առարկաներից շատ եմ սիրում հայոց պատմությունը, հատկապես հետաքրքված եմ Կիլիկիայի և Բագրատունիների թագավարության պատմություններով:
Շատ եմ սիրում Հայաստանը, ցանկանում եմ հաստատվել իմ Հայրենիքում, քանի որ այստեղ ինձ հանգիստ և ապահով եմ զգում: Արդեն երրորդ անգամ եմ այցելում Հայաստան. նկատել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել մեր երկրում, իսկ Երևանն առավել բարեկարգ և գեղեցիկ է դարձել:
«Արի տուն» ծրագրի մասին դեռևս անցյալ տարվանից եմ իմացել: Որոշեցի գալ` մոտիկից ծանոթանալու Հայաստանի տեսարժան վայրերին, հայկական ավանդույթներին և կատարելագործել հայերենի իմացությունը: Արդեն հասցրել եմ լավ ընկերներ ձեռք բերել, միմյանց հետ խոսում ենք տարբեր թեմաների շուրջ, կիսվում շրջայցերից ստացած տպավորություններով: Կարծես՝ իմ մանկություն տեղափոխված լինեմ:
Շատ եմ կարևորում նաև ծրագրի շրջանակներում հայրենագիտության դասընթացների կազմակերպումը: Մեր ուսուցչուհին՝ Շողիկ Փահլևանյանը (ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործող «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն-«Հ.Ա.») մեծ սիրով և հոգատարությամբ ամեն ջանք գործադրում է՝ դասերը սերտելու համար: Շատ եմ ուզում իրավաբան դառնալ. այն ամենն ինչ կապված է այդ մասնագիտության հետ, ինձ շատ է հետաքրքրում:
Անժելիկա Հովսեփյան – Ես նույնպես «Ուրարտու» հայկական դպրոցում եմ սովորում, շատ եմ սիրում երգել և պարել: Քանի որ ցանկանում էինք տիրապետել հայկական պարարվեստի գաղտնիքներին՝ քրոջս հետ դպրոցում հաճախել եմ հայկական պարի դասերի: Ոգևորությամբ եմ մասնակցում «Արի տուն» ծրագրին. ամեն առավոտ անհամբերությամբ եմ սպասում, որ նորից հանդիպեմ ընկերներիս, մասնակցեմ հայերենի դասերին և շրջագայության մեկնեմ Հայաստանի տեսարժան վայրերով:
Այցելածս բոլոր վայրերն էլ տպավորիչ էին, սակայն առավել տպավորված եմ Սարդարապատի հուշահամալիրով, որտեղ ակամայից հիշեցի հայ ժողովրդի կերտած հերոսական էջերը:
Կարապետ Կարապետյան – «Ուրատու» դպրոց մեծ սիրով եմ հաճախում: Այնտեղ մեր ուսուցիչները մեզ սովորեցրել են հայերեն տառերը, ինչպես նաև գրել, կարդալ, որը, կարծում եմ, Սփյուռքում ապրող հայ երիտասարդների համար ամենակարևոր նախապայմաններց մեկն է:
Ուրախացա, երբ «Արի տուն» ծրագրում իմ շուրջ այդքան շատ հասակակիցներիս տեսա: Հուսով եմ՝ միմյանց հետ կծանոթանանք և լավ ընկերներ կդառնանք՝ հետագայում պահպանելով մեր կապը:
Մասնակցությունս կարևորում եմ այն պատճառով, որ հնարավորություն եմ ունենալու մոտիկից ծանոթանալու Հայրենիքիս, այցելելու այն բոլոր վայրերը, որոնք մինչ այս համացանցով կամ հեռուստացույցով էի տեսել:
Գևորգ Չիչյան