Հովհաննես Ներզեթյանի՝ «Արտավազդ և Կլեոպատրա» վերժամանակյա պիեսը

Գրող, դրամատուրգ Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ և Կլեոպատրա» ողբերգությունը վերամշակվել և հրատարակվել է 2017 թվականին՝ հայերեն և անգլերեն, որը նվիրված է Արտավազդ թագավորի գահակալության տարիներին Հայոց պետության պատմությանը և ընդգրկում է հին հայկական դիվանագիտության, արարողակարգի, կենցաղավարության, դիվանագիտական երկխոսության, ծիսակատարության, երկրների ղեկավարների հաղորդակցման և փոխգործակցության լայն նկարագրություն:

«Պիեսում նոր փիլիսոփայություն է, որտեղ հիմնական շեշտադրումը դրված է ոչ է թե մարդկանց ֆիզիկական, այլև հոգևոր, արժեքային ողբերգության վրա: Այս գրքով նոր խոսք, նոր ասելիք ունենք աշխարհին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Նեզրեթյանը՝ հավելելով, որ 2006 թվականին պիեսը ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը ներկայացրել է Նոբելյան մրցանակաբաշխությանը:

Ինչպես հավաստում է Հովհաննես Ներզեթյանը, գիրքը կարդալուց հետո գրականագետները, պատմաբաններն ու այլ մասնագետներ հիացական խոսքեր են հնչեցրել՝ համարելով այն հատընտիր և ժամանակի թելադրանքով ստեղծված աշխատանք:

Արտեմ Սարգսյանը, ով գրել է առաջաբանը, նշել է, որ այս գրքով համաշխարհային գրականության մեջ մի նոր էջ է բացված՝ գործը բնութագրելով իբրև համամարդկային արժեք և վերժամանակյա աշխատանք: Իսկ պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մանասերյանը հաստատել է, որ պիեսի սյուժեն հիմնված է անտիկ սկզբնաղբյուրների տվյալների վրա՝ ընդգծելով, որ ներկայացված իրադարձությունները համապատասխանում են պատմական իրականությանը:

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը մասնավորապես նշել է, որ Հովհաննես Ներզեթյանի ստեղծագործության մեջ գեղարվեստորեն ներկայացվում և մեկնաբանվում են Արտավազդ Երկրորդի՝ որպես Հայոց արքայի գործունեությունը, Մարկոս Անտոնիոսի կողմից գերեվարվելը և շղթայակապ Ալեքսանդրիա՝ Կլեոպատրիայի առջև տարվելը:

Ըստ Դևրիկյանի, հեղինակին հաջողվել է ստեղծել լայն կտավի ստեղծագործություն, որտեղ ժամանակի իրադարձությունները ներկայացվում են սրընթաց զարգացմամբ: Պիեսն իր գեղարվեստական արժեքներից բացի, կարևորվում է նաև իր միջազգային հնչեղությամբ՝ ցույց տալով Հայաստանի կարևոր դերը տարածաշրջանում և Հռոմի՝ արևելքում վարած արտաքին քաղաքականության մեջ:

Համաձայն վերոնշյալ կարծիքների, ողբերգության օտար լեզուներով թարգմանությունը, հրատարակությունը, բեմադրումը և, ընդհանրապես, տարբեր ձևերով հանրահռչակումը շատ կարևոր է: Այս հարցում ակնկալվում է նաև սփյուռքյան համայնքների գործուն մասնակցությունը:

Այդ ուղղությամբ 2018 թվականի հունվարին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան գրություն-հանձարարական է ուղարկել Թեհրանի, Կահիրեի, Լոնդոնի, Փարիզի, Մոսկվայի, Վարշավայի, Բուխարեստի, Սոֆիայի, Իտալիայի, Կանադայի, Հնդկաստանի ՀՀ դեսպանություններ և Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ առաջարկելով հնարավորության սահմաններում աշխատել գրքի տարածման ուղղությամբ՝ հայագիտական կենտրոններում քննարկումներ կամ դասախոսություններ կազմակերպել (հնարավոր է նաև հեղինակի մասնակցությունը), ինչպես նաև հովանավորներ, շահագրգիռ անձինք կամ կազմակերպություններ գտնել, նրանց հետ բանակցություններ վարել՝ աշխատության հիման վրա «Արտավազդ» վերտառությամբ ֆիլմ կամ անիմացիոն ֆիլմ նկարահանելու կամ բեմադրելու նպատակով, որը կոմերցիոն տեսանկյունից շահավետ կլինի: Արդեն մի շարք դեսպանություններում (Լեհաստան, Բուլղարիա, Անգլիա, Չեխիա) հանձնարարականի ուղղությամբ շոշափելի քայլեր են ձեռնարկվել՝ գիրքը հանրահռչակելու և հայկական գրական ժառանգությունը ներկայացնելու ուղղությամբ:

Գևորգ  Չիչյան

Scroll Up