Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի, Ավստրալիայի Արևելյան Ուղղափառ և Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Հունիսի 27-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց  Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի, Ավստրալիայի Արևելյան Ուղղափառ և Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների (Ղպտի, Մարոնի) առաջնորդներին:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի Հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հոբարտի (Թասմանիա) կաթոլիկների արքեպիսկոպոս Սրբազան Հայր Ջուլիան արքեպիսկոպոս Պորտեուսը, Մելքիթի կաթողիկե եկեղեցու եպիսկոպոս Գերապատիվ Հայր Ռոբերտ Ռաբբաթը, Ղպտի Եկեղեցու Նոր Հարավային Ուելսի և Ավստրալիայի մայրաքաղաքի Առաջնորդ Նորին Սրբազնություն Դանիել Եպիսկոպոսը, Ավստրալիայի Մարոնի եկեղեցու Եպիսկոպոս Նորին Սրբազնություն Անտոն Շարբել Թարաբան, Ավստրալիայի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ մոնսենյոր Բասիլ Սուսանյանը, Ավստրալիայի Կաթոլիկ եկեղեցու Մամուլի և Ավետարանչականության հարցերով Եպիսկոպոսական փոխանորդ Հայր Էլի Նախուլը և ևս երկու ներկայացուցիչ Լիբանանի OTV հեռուստաընկերությունից:

Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը շնորհավորեց նախարարին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ: «Մենք հուսով ենք, որ սփյուռքի մեծ փորձն ու ներուժը կօգտագործվի հայրենիքի հզորացման գործում: Մենք հավատում ենք, որ նոր կառավարությունը կնսպաստի խոսքի ազատությանն ու արդարադատությանը »,-նշեց Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդը:

Խոսվեց նաև եկեղեցու անգնահատելի դերի մասին, որը դարեր շարունակ իր շուրջն է համախմբել հայությանն ու նպաստել ազգային դիմագծի պահպանմանը:

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը նախարարություն այցելելու համար ու նշեց, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել հոգևոր առաջնորդներին:

«Ինձ համար եկեղեցին ու քրիստոնեությունը նշանակում են սեր, հոգատարություն, սոլիդարություն: Ու պիտի ասեմ, որ ներկայիս կառավարությունը նույնպես առաջնորդվում է այդ սկզբունքով:»,-ընդգծեց նախարարը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան: Մասնավորապես, պատվիրակության անդամներին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է կազմակերպվելու հայրենադարձությունը, ո՞րն է նախարարության հիմնական առաքելությունը, ի՞նչ ռազմավարություն կա սփյուռքում բնակվող հայերին հայաստանյան գործընթացներին ներգրավելու համար: Նախարար Մխիթար Հայրապետյանը սիրով պատասխանեց բոլոր հարցերին և առաջարկեց որոշ հարցերի շուրջ աշխատել միասնական օրակարգով:

 

Scroll Up