Սփյուռքի նախարարն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Հունիսի 26-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:
Շնորհավորելով նախարար Մխիթար Հայրապետյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ՝ Տերենս-Նիկոլաոս Քուիքը նշեց, որ Հայաստանի սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված Սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռնման հուշագիրը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում: Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծեց, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամական կապեր, և հայ ու հույն սփյուռքերի համագործակցությունը կնպաստի այդ կապերի առավել սերտացմանը:
«Մենք լիահույս ենք, որ այս համագործակցությունը կընդլայնվի նոր, երիտասարդական գաղափարներով»,-շեշտեց Տերենս-Նիկոլաոս Քուիքը:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առկա է կամք, ոգևորություն և դրական էներգիա փոխճանաչողությունն ու փոխգործակցությունը շարունակելու համար: Նախարարը կարևորեց նաև Սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագրի առկայությունը և հույս հայտնեց, որ երեք պետությունների սփյուռքերը ակտիվ կհամագործակցեն, կստեղծվեն նոր կամուրջներ, ընդհանուր հարթակներ:
Հանդիպմանը հեռախոսազանգով միացավ Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն: Նա ընդգծեց, որ կիպրահայերն աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ և ազգային դիմագծով: Կողմերը հանդես եկան հետագա սերտ և ընդգրկուն համագործակցության պատրաստակամությամբ: