Հայկական խոհանոցը կներկայացվի «Ոսկե Բոկյուզ» համաշխարհային խոհարարական մրցույթին

Միջազգային տնտեսագիտության և կորպորատիվ կառավարման մասնագետ,  ռեստորանային, հյուրանոցային բիզնեսի խորհրդատու և  «Yerevan Food Fest»-ի ղեկավար մոսկվաբնակ Աննա Մազմանյանը 2016 թվականին բանակցություններ էր սկսել համաշխարհային ճանաչում ունեցող «Ոսկե Բոկյուզ» խոհարարական մրցույթին  Հայաստանի հնարավոր  մասնակցության համար: Թուրինում անցկացվել է խոհարարական մրցույթի եվրոպական ընտրական փուլը, որին մասնակցել է 20 եվրոպական երկիր:

Արդյունքում, Հայաստանի մասնակցությունը հավանության է արժանացել, և մեր երկիրը կարող է հայտ ներկայացնելով՝ մասնակցել 2020 թվականի եվրոպական ընտրական փուլին:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Աննա Մազմանյանը, շեֆ-խոհարարներ՝ ռուսաստանաբնակ Ռաֆայել Կազումյանը և մարսելաբնակ Կարեն Պողոսյանը:

««Ոսկե Բոկյուզ» մրցույթն առաջին անգամ կազմակերպել է ֆրանսիացի շեֆ-խոհարար և ռեստորանատեր Փոլ Բոկյուզը` 1987 թվականին: Մեծ պահանջարկ ունեցող այդ մրցույթին մասնակցելը տարիների տևական, մանրակրկիտ աշխատանք է պահանջում, և եթե հաջողվում է՝ նշանակում է, որ տվյալ երկիրն ունի հարուստ, ներկայանալի խոհանոց և աշխարհի հետ ուղիղ կապ՝ տարբեր խոհանոցների կիրառման և մթերքների ներմուծման հետ կապված: Եվ, ի վերջո, մարդիկ հեշտությամբ կարող են որևէ երկրի պատմության, մշակույթի և ժողովրդի մասին պատկերացում կազմել՝ համտեսելով այդ երկրի ավանդական ուտեստները»,«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Աննա Մազմանյանը՝ հավելելով,  որ այս միջոցով նաև հնարավորություն է ընձեռվում ներկայացնել Հայաստանի գրավչությունը, ճանաչելի դարձնել հայկական գյուղամթերքը, արտադրողներին և նպաստել գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը:

Աննա Մազմանյանը կարծում է, որ Հայաստանում այս ոլորտն այնքան էլ տարածված չէ, խոհարարական դպրոցները բարձր մակարդակի վրա չեն գտնվում, ուստի նախաձեռնել են նոր հեռանկարներ ուրվագծելու համար առաջիկայում  համագործակցել Գյումրու «Տիրամայր արհեստի դպրոց» հիմնադրամի հետ: Նախատեսվում է արհեստավարժ խոհարարներ հրավիրել՝ վարպետության դասեր անցկացնելու համար:

«Այս հարցով անհրաժեշտ է նաև հայկական սփյուռքի հետ կապեր հաստատել, փորձի փոխանակման հրավիրել դրսում ապրող հայ և համաշխարհային խոհարարների՝ օգտվելով նրանց ներուժից: Ճիշտ է, երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց վստահ եմ՝ այդ փոխգործակցությունից զգալի արդյունք կգրանցենք, իսկ հայկական խոհանոցը միջազգային լուրջ ճանաչում կունենա»,-ամփոփիչ խոսքում ընդգծեց Աննա Մազմանյանը:

Գևորգ  Չիչյան

Scroll Up