Տեսաժողով Ֆրանսիայի «Հայասա» ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ

Հունիսի 21-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ֆրանսիայի հայկական համայնքի «Հայասա» ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության աշխատակիցներ:

Ֆրանսիայից տեսակապին մասնակցեցին «Հայասա» ֆեդերացիայի նախագահ Հայկ Շահինյանը, «Հայասա» միության համահիմնադիր Նարեկ Ոսկանյանը, «Info Armenie» լրատվամիջոցի ներկայացուցիչ Նարե Թադևոսյանը, «Ազատ ձայն» կազմակերպության նախագահ Վիգեն Ակոպոֆֆը, «Հայասա» ֆեդերացիայի անդամ Անի Հովհաննիսյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց. «Ողջունում եմ ձեր պատրաստակամությունը համագործակցել նախարարության հետ, մասնակցել նոր Հայաստանի ծրագրերին: Կառավարությունում մշակվում է հայապահպանության և հայրենադարձության ռազմավարություն, որը միտված է Հայաստանի զարգացման համար Սփյուռքի մտավոր և ֆինանսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, հայրենադարձության համար համապատասխան պայմանների ապահովմանը»:

Փոխնախարարը լսեց «Հայասա» ֆեդերացիայի նախագահ Հայկ Շահինյանի դիտարկումներն ու առաջարկները, հորդորեց դրական մթնոլորտում աշխատել համայնքի բոլոր կազմակերպությունների հետ,կարևորեց համայնքի համախմբվածությունն ու միասնականությունը, համագործակցության շրջանակների ընդլայնումը:

«Հայասա» ֆեդերացիայի անդամ Անի Հովհաննիսյանը խոսելով տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին՝ հավելեց. « Տուրիզմը կարող է լինել մշակութային երկխոսության գործիք Հայաստանի և Սփյուռքի միջև և ապահովել շբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան»:

Քննարկվեցին հայկական համայնքում առկա  խնդիրներին, Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, տուրիզմի, սպորտի և կրթության ոլորտներում համագործակցության շրջանակներին վերաբերող հարցեր:

Scroll Up