Ինչպես գյումրեցի երիտասարդ հայուհին նվաճեց «Մոսֆիլմը ». Ժաննա Մելքոնյան

Վերջերս  Մոսկվայի Համառուսաստանյան դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Ժաննա Մելքոնյանի անհատական ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացվել են սովետական և ռուսական ճանաչված ֆիլմերի համար ստեղծված նկարչի աշխատանքները և էսքիզները:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Rusarminfo-ին, նշում է, որ Ժաննա Մելքոնյանը ծնվել է 1948 թվականին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի): 17 տարեկան հասակում մեկնել է Մոսկվա և ընդունվել Տեքստիլ ինստիտուտի (այժմ՝ Մոսկվայի պետական տեքստիլ ինստիտուտ) կիրառական արվեստի բաժին, որտեղ սովետական տարիներին պատրաստել են նկարիչ-մոդելավորողներ:

1973 թվականին Ժաննա Մելքոնյանի դիպլոմային աշխատանքը ոսկե մեդալի է արժանացել Բուդապեշտում կայացած միջազգաի ցուցահանդեսում:

Ժաննա Մելքոնյանը  «Մոսֆիլ» կինոստուդիայում որպես նկարիչ-մոդելավորող սկսել է աշխատել 1977 թվականից: Նրա առաջին աշխատանքը եղել է Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում: Այնուհետև հաջորդել են սովետական և ռուսական մի շարք ֆիլմեր, որոնց թվում են՝ Էդմոնդ Քեոսայանի «Հուսո աստղ» (1977), Իվան Կիասաշվիլիի «Կանայք հրավիրում են տղամարդկանց» (1980), Էմիլ Լոտյանուի «Աննա Պավլովա» (1980), Վադիմ Աբդրաշիտովի «Պարողների ժամանակը» (1996) և այլն:

Ժաննա Մելքոնյանի ամենաճանաչված աշխատանքը եղել է Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը (1978), որը դարձել է ոչ միայն սովետական մարդկանց ամենասիրելի ֆիլմը, այլև արժանացել է «Օսկար» մրցանակի:

Ստեղծագործական կարիերայի ընթացքում ճանաչված հայ նկարչուհին մասնակցել է տասնյակ ցուցահանդեսների ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում, ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ, այդ թվում՝ 2016 թվականին  Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի «Տապան» թանգարանում:

Այսօր Ժաննա Մելքոնյանի աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պետական պատկերասրահի հավաքածուում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Մալթայի, Գերմանիայի մասնավոր հավաքածուներում:

Վերջին տարիներին Ժաննա Մելքոնյանը իրեն ամբողջովին նվիրել է գեղանկարչությանը, ինչպես ասում են նրա գործընկերները՝ կինոդրամատուրգիայից անցում է կատարել սեփական զգացմունքների դրամատուրգիա: Ժաննա Մելքոնյանն իր աշխատանքներում հաճախ է պատկերում Հայաստանը, վերջինիս բնությունը և նկարչին հարազատ մարդկանց:

Scroll Up