«Հալեպում սիրիահայերը բնականոն հունով են ապրում». Ժիրայր Ռեիսյան

«2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը անկյունադարձային եղավ սիրիահայերի համար. ներկայումս Հալեպը շատ ավելի կայուն վիճակում է գտնվում: Կային կենցաղային դժվար պայմաններ, որոնք այսօր արդեն տարբեր միջոցներով հաղթահարվել են, ճանապարհներն օրըստօրե բացվում են, լուծվել է ջրամատակարարման ու վառելանյութի խնդիրը, քիչ տատանումներով վերականգնվել է էլեկրտականությունը»,«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ հավելով, որ սիրիահայերը բնականոն հունով են ապրում, զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով և տները վերանորոգելով:

Նա նշեց նաև, որ ազգային հաստատությունները, եկեղեցիները, ակումբներն ու դպրոցներն ամենածանր օրերին անգամ չեն դադարեցրել ազգապահպան գործունեությունը, թեև դրանցից շատերը պատերազմի հետևանքով լուրջ վնասներ են կրել: Այսօր, սակայն, սիրիահայ համայնքը տարբեր ճանապարհներով փորձում է վերականգնել ավերված շինությունները:

Ազգային իշխանության ջանքերով  «Կարեն Եփփե» ազգային ճեմարանի շենքերից մեկի վերականգնումն իրականացվել է անցյալ տարվա ամռանը, որտեղ և ընթացել է անցնող ուսումնական տարին: Հալեպի հայ ազգային պատսպարանի (մանկատուն) վերանորոգումն ամբողջությամբ ավարտվել է, պատսպարանի սաները բավական ժամանակ է այնտեղ են վերադարձել: Մեծ վնասներ կրած Սիրիահայ օգնության խաչի ընկերաբժշկական կենտրոնի վերականգնման մասնագիտական ուսումնասիրություններն ավարտել են, շուտով կսկսվի վերանորոգման աշխատանքները:

Սիրիահայ պատգամավորը նաև ընդգծեց, որ Քեսապի ու Լաթաքիայի հայերն ապրում են սովորական ռիթմով, իսկ այն մարդիկ, ովքեր Հալեպից տեղափոխվել էին Լաթաքիա կամ Քեսապ, այսօր վերադառնում են իրենց տները: Դամասկոսը նույնպես կարելի է ազատագրյալ տարածք համարել: Մոտ ժամանակահատվածում, որոշակի անվտանգության հարցեր կարգավորելուց հետո, իր աշխատանքները կսկսի նաև Սիրիայի օդանավակայանը:

Զրույցի վերջում Ժիրայր Ռեիսյանն անդրադարձավ նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ մարտ ամսին Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի՝ ազգային իշխանության ներկայացուցիչների հետ Դեր Զոր կատարած այցելությանը, որտեղ նախ հանդիպել են Դեր Զորի նահանգապետին և նրան փոխանցել Նորին Սրբության ողջույնները, ապա այցելել Սրբոց Նահատակաց համալիր։

Հավելենք, որ Արամ Ա կաթողիկոսը Սիրիայի և հատկապես Դեր Զորի շրջանում անվտանգության կայունացումից հետո կոչ է հղելու հայ ժողովրդին, որպեսզի համազգային ճիգերով  վերականգնվի ցեղասպան Թուրքիայի կողմից քանդված մեր նահատակների սրբազան տաճարը:

Գևորգ Չիչյան

Scroll Up