ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը շարունակում է հայապահպան գործունեությունը

Մայիսյան տոնակատարությունները Հայաստանում մեկտեղեցին աշխարհասփյուռ հայերին.նրանք մեծ խանդավառությամբ եկել էին` մասնակցելու կազմակերպված միջոցառումներին և զգալու հայաշունչ այն մթնոլորտը, որը թևածում էր Սարդարապատի հուշահամալիրում և մայրաքաղաք Երևանում:
Ուխտավոր հայորդիների թվում էին նաև Արգենտինայի հայկական համայնքի մեր հայրենակիցները, որոնցից ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի քարտուղարուհի Սուսաննա Տեր-Կարապետյան-Նահապետյանի և փոխքարտուղար Խուան Կառլոս-Մուրադյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ը:
Մեկ անգամ ևս վայելեցինք մեր Հայրենիքը
Սուսաննա Տեր-Կարապետյան-Նահապետյան-Արգենտինահայերի խմբով եկել էինք Հայաստան՝ մասնակցելու Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի տոնական միջոցառումներին:
Չէինք կարող այդ տոնական օրերին մեր Հայրենիքում չգտնվել: Մեզ նաև հնարավորություն էր ընձեռված մեկ անգամ ևս վայելելու Հայրենիքի օդն ու ջուրը և մարդկանց բարի ժպիտները:
Խմբում կային մարդիկ, ովքեր առաջին անգամ էին լինում Հայաստանում, և ասեմ, որ շատ են սիրել իրենց Հայրենիքը, հիացած են վերադառնալու Արգենտինա:
Խուան Կառլոս Մուրադյան-Ծրագրում ներառել էինք նաև այցելություն Արցախ, որտեղ հրաշալի օրեր ենք անցկացրել:
Շրջելով Արցախ աշխարհով, զգալով հնամենի եկեղեցիների ու ճարտարապետական մյուս կառույցների հայկական ոգին՝ անխոս, մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այն եղել և մնում է հայկական տարածք և որ պետք է միասնաբար շարունակել պայքարել Արցախի ամեն մի հողակտորի համար:
Սուսաննա Տեր-Կարապետյան-Նահապետյան–Արցախում արդյունավետ հանդիպում ունեցանք ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Նրան ներկայացրեցինք նաև Արցախի հիմնախնդիրների լուծմանն ուղղված մեր կատարած բարեգործական ծրագրերը:
Հանդիպեցինք նաև ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ: Նրան տեղեկացրեցինք, որ հետագայում նույնպես պատրաստ ենք աշխատել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ: Այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստացանք նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:
Հայկական ճաշատեսակները՝ այցեքարտ Հայաստան գալու համար
Խուան Կառլոս Մուրադյան-ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի համար տարին հագեցած է տարաբնույթ միջոցառումների կազմակերպմամբ:
Կարևոր նախաձեռնություններից մեկը տեղի է ունենալու հունիսի 12-ին. ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Բուենոս Այրեսում դասախոսություն է ունենալու արգենտինահայ համայնքի համար: Այս հանդիպումով ցանկանում ենք արգենտինահայերի մոտ ավելի զորեղացնել Արցախի համար մտահոգ լինելու խնդիրը:
Իսկ օգոստոսի 16-ին Արգենտինայում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթնաժողովին: Նաև համերգ է նախատեսվում:
Խուան Կառլոս Մուրադյան-ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Մարի Մանուկյան» դպրոցն արդեն 35 տարի է, ինչ ձևավորված ավանդույթի համաձայն՝ ավարտական դասարանների հայ աշակերտներին յուրօրինակ ծրագրով բերում է Հայաստան: Ավարտական դասարանների աշակերտները մեկ տարի շարունակ իրենց ծնողների հետ հայկական տարբեր կերակուրներ են պատրաստում և շաբաթը երկու անգամ՝ ուրբաթ և շաբաթ օրերին, այն վաճառում դպրոցի սրահներից մեկում գտնվող խորհրդանշական ռեստորանում:
Ճաշացանկը բաղկացած է լինում հիմնականում հայկական տարբեր տարածաշրջանների ճաշատեսակներից՝ հումուսից, թաբուլեից, հարիսայից, պասուց տոլմայից, խորովածի տեսականուց և այլն: Հավաքված գումարով ամառային արձակուրդին նրանք Հայաստան են գալիս: Ընդհանուր առմամբ՝ այս տարիներին շուրջ 800 սփյուռքահայ պատանիներ և աղջիկներ են եկել իրենց պապերի երկիրը: Խմբում լինում են երեխաներ, ովքեր առաջին անգամ են այցելում Հայրենիք:
Սուսաննա Տեր-Կարապետյան-Նահապետյան–Վստահաբար կարող ենք ասել, որ այս ծրագիրը արգենտինահայ երեխաներին սոսկ հայկական ճաշատեսակներ պատրաստել սովորեցնելը չէ, այլև այն նրանց համար հայրենասիրության մի մեծ դարբնոց է:
Երեխաները մեծ ոգևորությամբ են ներգրավվում ծրագրում՝ փորձելով հնարավորինս լավ ցուցանիշ գրանցել: Հյուրասիրություն-վաճառքին մասնակցում են ոչ միայն Բուենոս Այրեսի հայ համայնքի ներկայացուցիչները, այլև այլազգիները, ովքեր հիանում են երիտասարդների հյուրասիրությունից ու սրտաբաց ընդունելությունից:
Նրանք հեռանալիս կատակով ասում են, որ «հայացրեցինք» իրենց, և որ իրենց ազգանվանը այսուհետև «յան» մասնիկն են ավելացնելու:
Մեր գլխավոր նպատակը արգենտինահայ երիտասարդներին այս ծրագրի միջոցով մոտիկից Հայրենիքին ծանոթանալու հնարավորություն տալն է: Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք տասնհինգ հիանալի օրեր անցկացնելով Հայաստանում՝ ամուր կապվում են Հայրենիքին և նորից վերադառնալու ցանկություն հայտնում:
Այդ ընթացքում նաև կամավոր աշխատանքերով են զբաղվում.դպրոցներում շինարարական աշխատանքներ են կատարում, բարեգործական այցելություններով լինում են անապահով ընտանիքներում և այլն:
Հ.Գ.-Վերջում մեր զրուցակիցները շնորհավորեցին հայ ժողովրդին մայիսյան փառապանծ տոների առիթով՝ ցանկանալով բոլորին ազգային համախմբվածություն, խաղաղություն և ընդգծեցին, որ միշտ պատրաստ են օգտակար լինել Հայաստանի շենացման գործին:
Գևորգ Չիչյան