Կանադահայ լրագրողն առաջարկում է Հայաստանում ստեղծել լրատվական համապարփակ հարթակ

Մոնրեալի «Հայ Հորիզոն»-ն արդեն չորս տարի կանադահայ հեռուստադիտողների համար դարձել է սպասված ու սիրելի հեռուստատեսություն: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ հեռարձակվող հաղորդաշարի ժամանակ հեռուստադիտողին ներկայացվում են համայնքային կյանքի անցուդարձը, մշակութային և այլ բնույթի իրադարձություններ: Նաև լուսաբանվում են հայաստանյան լուրերը, ինչպես նաև հարցազրույցներ են արվում Հայաստանից ժամանած երգիչ-երգչուհիների կամ այլ հյուրերի հետ:

«Մեր գլխավոր նպատակը հաղորդաշարը համայնքի հայելի դարձնելն է: Անձնական միջոցներով եմ կատարում աշխատանքս՝ գիտակցելով, որ մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմանում Սփյուռքում պետք է նպաստի հայապահպանությանը»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Հայ Հորիզոն»-ի հիմնադիր Թամար Շահինյանը:

Թամարն առաջին անգամ մասնակցելով Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովին՝ նախևառաջ ցանկանոմ է կապ հաստատել Սփյուռքի մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որպեսզի հետագայում նրանց հետ արդյունավետ համագործակցության մեջ լինի:

Զրույցի վերջում Թամար Շահինյանն առաջարկեց Հայաստանում ստեղծել լրատվական համապարփակ հարթակ, որտեղից սփյուռքյան լրատվամիջոցները կկարողանան սփռել համայնքային լուրերը:

Scroll Up