«Հաղթանակս նպաստեց վերջնականապես հաստատվել Հայաստանում». Պողոս Եղիազար

Պոլսահայ հայրենադարձ օպերային երգիչ Պողոս Եղիազարին մինչև հիմա մարդիկ հիշում են իբրև «Ալֆրեդի սենյակում» հեռուստանախագծի սփյուռքահայ մասնակից, ով իր անմիջական ու անկեղծ պահվածքով կարողացավ հաղթանակի հասնել: Հենց այդ հաղթանակն էլ Պողոսի համար դարձավ հայրենի եզերքում հիմնովին հաստատվելու գրավականը, որի մասին, և ոչ միայն, «Հայերն այսօր»-ը զրուցել է նրա հետ:
–Յուրաքանչյուր հայրենադարձ Հայաստան տեղափոխվելու իր ինքնատիպ պատմությունն ունի .հետաքրքիր է իմանալ, թե Դուք ինչպե՞ս բռնեցիք հայրենադարձության ուղին:
-Հայրենադարձվելուս հիմնական պատճառը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայագիտական բաժնում բարձրագույն կրթություն ստանալն է եղել: Քանի որ Կ. Պոլսում տասներկու տարի հաճախել էի հայկական վարժարաններ, ուսուցիչներս քաջալերեցին գալ՝ հայերենն ավելի զարգացնելու և ամրապնդելու նպատակով: Մինչ այդ էլ Հայրենիքի հետ կապը պահպանում էինք ազգականների միջոցով, ովքեր, դժբախտաբար, Սպիտակի 1988 թվականի երկրաշարժի հետևանքով մահացան:
Ինչպես պատմաբան, բանաստեղծ Ղևոնդ Ալիշանն էր ասում՝ ամբողջ Հայրենիքը փողոց առ փողոց, քաղաք առ քաղաք գիտեինք նկարներով: Արդեն Հայրենիքը մոտիկից տեսնելու պարտավորություն էր առաջացել ինձ մոտ, և ծնողներիս հորդորներին էլ հետևելով՝ 1999թ. դեկտեմբերի 14-ին բռնեցի Հայաստան բերող ուղին:
-Հայրենադարձվելուց հետո ամենագլխավոր մարտահրավերը ո՞րը դարձավ Ձեզ համար:
-Սկզբնական շրջանում ամենամեծ խնդիրը արևելահայերենի ու արևմտահայերենի լեզվական պատնեշի հաղթահարումը դարձավ, հատկապես՝ խոսակցական բառապաշարում օգտագործվող օտարալեզու բառերի, որոնք ամեն անգամ լսելիս՝ ականջիս խորթ էին հնչում: Այս առումով ինձ հետ հումորային, զվարճալի շատ պատմություններ են տեղի ունեցել, որոնք մինչև հիմա ընկերներով հիշելիս՝ ծիծաղում ենք:
Իսկ ընկերական շրջապատ, տարիների ընթացքում հեշտությամբ ձևավորեցի՝ թե՛ համալսարանից, թե՛ առօրյա շփումներից:
-Ձեր առջև կանաչ լույս վառվեց նաև 2001 թվականին «Ալֆրեդի սենյակում» հեռուստաշոուի ժամանակ հաղթող ճանաչվելուց հետո: Ի՞նչ տվեց Ձեզ մասնակցությունն այդ նախագծին:
-«Ալֆրեդի սենյակում» հաղորդաշարն, իսկապես, անկյունադարձային դարձավ ինձ համար: Դրական փոփոխությունների արդյունքում՝ աշխատանքային տարբեր առաջարկներ ստացա: Ի դեպ, նախագծի նախընտրական փուլի վերջին օրն եմ միայն գնացել մասնակցելու հարցազրույցին:
Նախ որոշեցի հեռուստաշոուին մասնակցել անձս փորձելու համար: Արդյունքում հասկացա, որ բնավորությամբ ավելի հաստատակամ դարձա, և որն ամենակարևորն է, ճանաչում ձեռք բերելուց հետո «աստղային» հիվանդությամբ երբեք չտառապեցի: Կարծում եմ՝ այդ հաղթանակը նպաստեց հայրենի հողում վերջնականապես հաստատվելուն: Իսկ շահած գումարից եկամտահարկ վճարելուց հետո, սկսեցի երաժշտական կրթությամբ զբաղվել:
-Երաժշտական հիմք ունեցե՞լ եք:
-Պոլսում երկար տարիներ հաճախել եմ «Սայաթ-Նովա» մանկական, ապա մեծահասակների երգչախումբը:
Երբ 2004 թվականին համալսարանի վերջին կուրսում որոշ խնդիրների պատճառով, դժբախտաբար, դիպլոմային աշխատանքս չկարողացա պաշտպանել, 2005 թվականին ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայի վոկալ երգեցողություն բաժին: Ընթացքում մի քանի տեսահոլովակներ եմ նկարահանել, այժմ էլ հրավերների դեպքում մասնակցում եմ համերգների:
2015 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր» համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ Հրանտ Դինքին նվիրված օրատորիայի ժամանակ, որը բայցի Երևանից, կազմակերպվեց նաև Պոլսում, Մոնրեալում և Նյու Յորքում:
-Եթե տարիների հեռվից նայենք, ապա, Ձեր կարծիքով, Հայաստանում ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել:
-Հայաստանում գտնվելու տասնութ տարիների ընթացքում տարբեր ոլորտներում զգալի առաջընթաց եմ նկատել: Շատ կարևոր է տնտեսական զարգացումը, հատկապես՝ այգեգործության և գինեգործության ոլորտում, որը, որպես ազգային արժեք, պետք է պետական լայն աջակցություն և հոգածություն ստանա:
Չեմ կարող չնշել Թավշյա հեղափոխության մասին, որը լրջագույն ազդակ է հայ ժողովրդի ապագայի համար:
Անչափ կարևորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը, որից հետո Հայաստան-Սփյուռք կապերն ավելի ամրապնդվեցին և նոր շունչ ստացան:Սերտորեն համագործակցում ենք նախարարության Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության աշխատակիցների հետ, ովքեր միշտ պատրաստակամ արձագանքել են մեր խնդիրներին:
-Այնուամենայնիվ, ի՞նչ է տվել Ձեզ հայրենադարձությունը:
-Չեմ կարող ասել ազգային ինքությանն եմ վերադարձել, քանի որ Կ.Պոլսում, բնավ, հեռու չենք եղել մեր արմատներից. ամենուր հայկական շունչն ու ոգին է թևածել: Այդ գիտակցումը ստացել ենք մեր ընտանիքներից, ուսուցիչներից և եկեղեցուց:
– Ձեր առաջիկա ծրագրերը որո՞նք են:
-Արվեստի և բիզնեսի համադրմամբ մի նախագիծ իրականցնելու գաղափար ունեմ:
Նպատակ ունենք նաև ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ Հայաստանում Պոլսահայերի հասարակական կազմակերպություն ստեղծել:
-Պողո՛ս, ո ՞ րն է Ձեր երազանքների Հայաստանը:
-Հիմա այն Հայաստանն եմ տեսնում, որի տեսլականով հայրենադարձվեցի: Շատ ուրախ եմ, որ իմ երազած Հայաստանի մեջ մաս եմ կազմելու՝ առաջիկայում տեսնելով դրական փոփոխություններ:
Միշտ պատրաստ եմ ուժերիս և հնարավորություններիս սահմանում օգտակար լինել իմ երկրի շենացման սրբազան գործին: Հուսով եմ՝ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու, և հայ ժողովրդի հույսերն արդարանալու են: Շնորհակալ եմ նաև մեր այն երիտասարդներին, ովքեր այս հեղափոխության հիմնական խթանը հանդիսացան: Հենց նրանց է վաղվա Հայաստանը, և միասին պետք է ապրենք, կերտենք այդ դրախտային Հայաստանում, որտեղ նաև պետք է ավելի ապահով ապրեն գալիք սերունդները:
Գևորգ Չիչյան