Պետական ծառայողները կոչված են ապահովելու աշխատանքի շարունակականությունն ու բնականոն ռիթմը. Ֆիրդուս Զաքարյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ս/թ մայիսի 18-ին «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածը ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի մասին՝ անհանգստություն առաջացրեց նախարարության աշխատակիցների շրջանում: Հոդվածի լույսընծայման օրը համընկավ իմ աշխատասենյակը թողնելու հետ, և ես հասցրեցի շատերի հետ կիսել տպավորություններն ու կարծիքները: Իմ զրուցակիցների մեջ չգտա մեկին, ով դրական վերաբերվեր «վայ-խարար» արտահայտությանը: Ընդհակառակը, բոլորը խոսում էին իրենց պատրաստամակամության մասին՝ աշխատելու նույն եռանդով, ինչ նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի օրոք: Բոլորի մոտ առկա էր ըմբռնում, որ պետական ծառայողները կոչված են ապահովելու աշխատանքի շարունակականությունն ու բնականոն ռիթմը: Նման իրավիճակում անհասկանալի է մնում երկու հարց. եթե նամակագիրը վստահ է իր ասելիքի ճշմարտացիության մեջ և ուրիշներին սևացնելու միտում չունի, ինչու՞ չի նշել իր անունը և երկրորդ՝ արժե՞, որ «Հրապարակ»-ը տեղ տա անստորագիր նամակի:

Այն էլ ասեմ, որ նոր նախարարի համար դժվար սկիզբ է, որովհետև հրաժարական են տվել ծրագրերի բոլոր չորս համակարգողները՝ երկու փոխնախարար, նախարարի խորհրդական և աշխատակազմի ղեկավար: Եթե այդ շարքում չլինեի ու չճանաչեի մյուսներին, կմտածեի, որ սաբոտաժ են անում:

Բայց դա այդպես չէ:

Ամեն կերպ օգնել և նպաստել նոր նախարարի կայացմանը՝ սա եղել է նաև նախկին նախարարի հորդորը:

3-4 օր աշխատած նախարարի աշխատաոճում ջանադրաբար թերություններ փնտրելու և այդ մասին «աշխատակազմի» անունից ազդարարելու հնարքը մեղմ ասած բարոյական չէ:

Դիմում եմ գործընկերներիս՝ դրսևորելու խոհեմություն և պահպանելու պահին վայել պարկեշտություն:

Ֆիրդուս Զաքարյան

ՀՀ սփյուռքի նախարարության

աշխատակազմի նախկին ղեկավար

Scroll Up