Հայի տեսակը` Ծովինար Հովհաննիսյան

Ժամանակի վարագույրը թանձրանում է՝ դառնում խիտ, երբեմն անթափանց, անհասկանալի: Ամեն ինչ պարզվում ու զուլալվում է, երբ հնչում է մեղեդին`սարերի հովին խառնված, հովվական շվիի պարզ ու անմշուշ այգաբացով, քանոնի նուրբ, կանացի  ելևէջներով ու ցորեն-հասկի նազանքով:

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, դիրիժոր, ստեղծագործող քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանն է:

ՀՀ մշակույթի նախարարության «Նարեկացի» մեդալ, միջազգային կարգի «Մանկավարժական փառք» մրցանակի մրցանակակիր, շքանշանշանակիր: Բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր` ՀՀ գիտության և կրթության, մշակույթի նախարարությունների կողմից:

Ինչպե՞ս և ինչու՞ ընտրեցիք  քանոնը, ե՞րբ այն դարձավ ոչ միայն մասնագիտական գործիք, այլ  նաև՝ ապրելակերպ:

– Առաջին երաժշտական գործիքը, որ նվագել եմ` դաշնամուրն է: Երեք տարեկանից լսողությամբ վերարտադրում էի ցանկացած մեղեդի` գործիքով, այնուհետև ընդունվեցի  Գյումրիի՝ Շերամի անվան թիվ 5  երաժշտական դպրոց: Տասնմեկ  տարեկան էի, երբ  ծանոթացա քանոնիս ուսուցչուհուն: Գուցե այդպես նախանշված էր ի վերուստ. զգացի, որ քանոնն իմն է, անշուշտ, մեծ դեր ունեցավ վաստակաշատ ուսուցչուհիս՝ Լաուրա Մելիքյանը, ով առ այսօր նույն եռանդով ու նվիրումով աշխատում է:

Դաշնամուրը չմղվեց երկրորդ պլան, երաժշտական դպրոցն ավարտելիս, քանոնին զուգահեռ, մենահամերգով հանդես եկա որպես դաշնակահար, ուսուցչիս` Անահիտ Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Այնուհետև ուսումս շարունակեցի Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում. քանոնը` Ռուզաննա Գևորգյանի դասարանում, դաշնամուրը` Նինա Օսևսկայայի մոտ: Երկրորդ կուրսից սկսած, կոմպոզիցիայի դասեր  եմ ստացել Ազատ Շիշյանի դասարանում: Խորացրեցի  դիրիժորական գիտելիքներս, ուսումնարանն ավարտեցի փայլուն գնահատականներով, պետական քննություններին նաև նվագախումբ ղեկավարեցի: Ինձ նկատեց Ռոբերտ Աթայանը, խորհուրդ տվեց անպայման շարունակել երաժշտական կրթությունս, Ռուբեն Ալթունյանը ևս պարտավորեցրեց, որ շարունակեմ ուսումս կոնսերվատորիայում:

1985թ.  ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Ալվարդ Միրզոյանի դասարանը: Վերջինս փայլուն քանոնահարուհի է, նրա կատարողականությունը, հնչյունի  խորությունը, երաժշտականությունն ինձ համար օրինակ դարձան: Միաժամանակ սովորեցի դիրիժորություն, որպես երկրորդ մասնագիտություն` պրոֆեսոր Կարինե Աթանեսյանի դասարանում: 1993թ ավարտեցի Կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

Ելույթ, բեմել, որը Ձեզ՝ որպես երաժիշտ կատարողի, ճանաչում բերեց և դարձավ Ծովինար Հովհաննիսյան քանոնահարուհու այցեքարտը երաժշտական աշխարհում:

Երաժշտական դպրոցում սովորելու տարիներից մասնակցել եմ համերգների, հանրապետական մրցույթների:  Ուսումնարանում սովորելու տարիներին ևս բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, նվագում էի տեքստիլագործների պալատի ժողովրդական նվագարանների ինքնագործ անսամբլում, նաև ազգային և ժողովրդական նվագարանների նվագախմբում՝ Ջիվան Խաչատրյանի ղեկավարությամբ: Նվագախումբն այդ տարիներին պետականացավ, դարձա նվագախմբի մենակատարը:

Ինձ ճանաչում բերած կատարումը` Սայաթ-Նովայի անվան առաջին մրցույթում Գրիգոր Հախինյանի քանոնի կոնցերտն է, որը ինքս փոխադրեցի` հարմարեցնելով գործիքին, հաղթող ճանաչվեցի, գրավեցի առաջին մրցանակային տեղը: Համագործակցության հրավերներ ստացա` այդ թվում պարի պետական անսամբլից, ցավոք, հրաժարվեցի, քանի որ կոնսերվատորիայի ուսանող էի: Հետագայում աշխատեցի Թաթուլ Ալթունյանի անվան երգի- պարի պետական անսամբլում:

Խորհրդային կարգերի փլուզում, անկախություն, շրջափակում, Արցախյան ազատամարտ: Եթե շատերիս համար պատերազմը սահմանին էր և Արցախում, Ձեզ համար պատերազմը մոտ էր ու շոշափելի: Պատերազմական տարիներին և հետո, ինչպե՞ս դասավորվեց Ձեր մասնագիտական գործունեությունը:

Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ընտանիք կազմեցի: Զավակներս փոքր էին, երբ սկսվեց պատերազմը: Մի կողմից առկա  էին բոլոր այն խնդիրներն ու դժվարությունները, որ ուներ յուրաքանչյուր հայ կին` մութ ու ցուրտ տարիներին: Մյուս կողմից` պատերազմը: Ամուսինս`Գեղամ Գաբրիելյանը, հերոս օդաչու է (ուղղաթիռային ջոկատի հրամանատար էր)  և պատերազմի առաջին օրից մինչև վերջ` մարտական գործողությունների մասնակից:

Համերգային գործունեությունս աշխուժացավ, երբ զավակներս մեծացան: Սկսվեց Հունաստանից, ապա` Ֆրանսիա, Շվեցարիա, Իտալիա, Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ավստրալիա, Լիբանան, Բուլղարիա և այլն:

Ի՞նչ զգացողություններ ունեք, երբ ներկայացնում եք հայ ազգային արվեստն օտարազգի ունկնդրին: Արդյո՞ք ծանոթ են քանոնին: Տպավորիչ ելույթ կամ դիպված համերգից:

– Տարբեր է հանդիսատեսը, քանոնի մասին նրա իմացությունը՝ ևս: Լինում է, որ քանոնը քիչ են ճանաչում, շատերը մտածում են քանոնի` արաբական կամ թուրքական լինելու մասին: Մենք բացատրում  ենք, որ հայկական ազգային նվագարան է` արևելյան ծագումով:

2000թ. Հունաստանում համերգներից մեկի ժամանակ, մի ժամից ավելի պիտի լինեի բեմում`առանց նվագակցության, առանց կողքից որևէ երաժշտական գործիքի օգնության: Ստիպված էի մտածել ինչպես նվագել, որ չձանձրացնեմ ունկնդրին: Գրեցի ու մշակեցի ստեղծագործություններ, որտեղ ինքս ինձ նվագակցում էի քանոնով: Այդպես ծնվեց մատնային տեխնիկան` բոլոր մատների կիրառելու տեխնիկան քանոնով: Այս նորամուծությանն անդրադարձ եղավ նաև Ռիտա Շառոյանի «Հնագույն նվագարաններ» ֆիլմում` նվիրված անվանի քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանին: Այնտեղ՝ մի դրվագում, ինքս ներկայացնում եմ քանոնի մատնային տեխնիկան:

Ունեք հրատարակած մոտ քսան անուն ձեռնարկ քանոնի համար, որտեղ ընդգրկված են ինչպես փոխադրումներ, այնպես էլ հեղինակային ստեղծագործություններ, ձայնասկավառակներ, Ձեզ ներկայացրել է նաև աշխարհահռչակ Վինսենթ Մունը:

– Ունեմ սկավառակներ, այդ թվում «Փերիա» մշակութային կենտրոնի հետ` «Կարոտի կանչ 8» և «Ծովինար և Լիանա»,  «Իմպրովիզ», «Ես»,  «Գուսան», մի սկավառակ Շուշանիկ Սաղաթելյանի հետ ենք ձայնագրել, ցավոք, չի բազմացվել, առայժմ:

Վինսենթ Մունը շրջում է տարբեր երկրներով, ներկայացնում է աշխարհի ժողովուրդների ազգային, հոգևոր, ֆոլկ երաժշտությունը: Մեր տանը հանպատրաստից նկարեց և ձայնագրեց  «Հայաստանի ձայնը» սկավառակը, նաև փոքրիկ ֆիլմ` Շուշանիկ Սաղաթելյանի ու Գագիկ  Մուրադյանի հետ:

Մեծ ու շնորհակալ աշխատանք եք անում. Ձեր մասնագիտական նվիրվածության շնորհիվ քանոնի այբուբենն են յուրացնում բազմաթիվ երեխաներ և ուսանողներ, ղեկավարում եք նաև քանոնահարների անսամբլ: Ինչպե՞ս եք համատեղում համերգները, շրջագայություններն  ու մանկավարժական աշխատանքը: Ի՞նչ ձեռբերումներ, նորարարություններ կան ուսումնական մեթոդներում այսօր:

– Վերջին տարիներին մեծ է հետաքրքրությունը դեպի ժողովրդական նվագարանները, մասնավորապես՝ դեպի դուդուկը, քանոնը: Երեխաները շատ մեծ ոգևորությամբ մասնակցում են դասերին: Դիտարկումս վերաբերում է ոչ միայն Երևանին, այլ նաև մարզերին, որտեղ անց եմ կացնում մեթոդական աշխատանք, վարպետաց դասեր, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

1990-ից դասավանդում եմ կոնսերվատորիայում: Մեծ սիրով աշխատում եմ բոլոր սաներիս հետ:

Այսօր քանոնով անգամ ջազ են կատարում, ի դեպ, առաջին ջազային փոխադրումների  կատարողն ու հեղինակն եմ: Ճիշտ է, քանոնի առաքելությունը հայ ազգային երաժշտության ներկայացումն ու քարոզչությունն է, բայց սա էլ մի խթանող ու ոգևորող միջոց է երեխաների համար: Քանոնն ունի կատարողական լայն հնարավորություններ, և այսօր համոզվում ենք դրանում:

Քանոնի հայկական պատմության մեջ չի եղել տասնհինգ հոգուց ավելի մեծ կազմով անսամբլ. 1957թ. Մոսկվայում, Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ հայ քանանոնահարները ներկայացել են առավելագույն կազմով`տասնհինգ երաժիշտ: 2010թ անսամբլս քսանհինգ քանոնով է եղել բեմում,  վերջերս, Մերի Մուսինյանի համերգին, բեմում միաժամանակ երեսունինը քանոնահար էր:

Մերի Մուսինյանի հետ

Ունեմ տաղանդավոր ու շնորհալի աշակերտներ, որոնք արդեն կայացած երաժիշտներ են՝ Իսկուհի Կարապետյանը, Լիանա Բաղդասարյանը, Աստղիկ Սնեցունցը, նոր սերնդից` Էթերի Հովհաննիսյանը, Մերի Մուսինյանը, Քրիստինե Ենգոյանը և այլոք: Մշակույթի նախարարության խնդրանքով աշխատել եմ Նարեկ Կազազյանի հետ` Եվրատեսիլի դասական գործիքների մրցույթին նախորդող երկու ամիսների ընթացքում:

Քրիստինե Ենգոյանի հետ

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ մայրերին, որ դեռ երկմտում են` այս լեցուն ինֆորմացիոն դարում, երաժշտական դպրոցներում ու երաժշտության պարապմունքներով  հավելյալ ծանրաբեռնել իրենց երեխաներին:

– Հայ մայրերից շատերն են ունեցել երազանքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացել: Այսօր նրանց զավակների երաժշտական հաջողությունները նաև՛ մայրերի  երազանքների իրականացումն է:

Զրուցեց Աղավնի Գրիգորյանը

Քանոնահարների «Նուռ» անսամբլ

Scroll Up