Ալմաթիի «Մասիս» հայկական համայնքն արագ քայլերով առաջ է գնում

Ղազախստանի Ալմաթի քաղաքի «Մասիս» հայկական համայնքը ստեղծվել է 2014 թվականին: Չնայած առկա դժվարություններին, համայնքն արագ քայլերով առաջ է գնում և կազմավորվում՝ ապավինելով տեղի հայերի բարեխիղճ աշխատանքին և հոգատար վերաբերմունքին:
Համայնքի հիմնադրմանը զուգընթաց՝ Մայրենիի պահպանման, Սփյուռքում ապրող հայ երիտասարդներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու նպատակով կիրակնօրյա հայկական դպրոց է բացվել՝ բաղկացած փոքրերի և ավագների խմբերից: Գործում է կանանց միությունը (նախագահ՝ Ռիմա Ցականյան) և «Արաքս» պարախումբը (ղեկավար՝ Արթուր Հովհաննիսյան), որն ակտիվորեն ելույթ է ունենում ոչ միայ համայնքային, այլև ղազախական միջոցառումներին՝ ներկայացնելով հայկական մշակույթը:
Համայնքում կազմակերպվում են մշակութային երեկոներ, հայ մեծերին նվիրված միջոցառումներ, ինչպես նաև նշվում են ազգային, եկեղեցական և պետական տոները, որոնք մեծ ոգևորության և համախմբման կրկնակի առիթ են դառնում:
«Ամեն ինչ անում ենք հայ երիտասարդներին Հայրենիքով խանդավառելու և Հայաստանի մասին բազմաբնույթ տեղեկատվություն տալու համար, որի վառ ապացույցներից է դպրոցական արձակուրդների ընթացքում ինքնատիպ ճամբարների կազմակերպումը՝ աշակերտների հանգիստը համատեղելով հայրենագիտության և հայրենաճանաչության օգտակար դասընթացների հետ»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց համայնքի փոխնախագահ Արամ Նավասարդյանը՝ հավելելով, որ նրանց համար ճամբարում հայոց պատմության, մշակույթի, երգ-երաժշտության և այլ թեմաներին առնչվող քննարկումներ են կազմակերպվում, հայկական մուլտֆիլմներ ցուցադրվում և նրանց ուղեկցում են այնպիսի թանգարաններ, որտեղ Հայաստանի մասին տեղեկատվություն կա կամ հայկական թեմաներով ցուցանմուշներ են պահպանված, նույնիսկ երեխաներն իրենց ձեռքերով ուտեստներ են պատրաստում:
Արամ Նավասարդյանն իր խոսքում նշեց, որ Ալմաթիյում մոտ 2000 հայ է ապրում: Նրանք ներգրավված են Ղազախստանի հասարակական կյանքի տարբեր՝ ոսկերչության, շինարարության, արհեստագործության, արվեստի, բիզնես և այլ ոլորտներում:
Համայնքային կյանքի զարգացման գործում նա մեծապես կարևորեց ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցությունը՝ հատկապես առանձնացնելով Սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ծրագիրը, որի շրջանակներում իրենց դպրոցին նույնպես դասագրքեր են առաքվել: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ փորձում են պարբերաբար մասնակցել նախարարության կողմից իրականցվող ծրագրերին, ինչպես օրինակ՝ «Արաքս» պարախումբն է մասնակցել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:
Արամ Նավասարդյանը շեշտեց նաև, որ ընդառաջելով սփյուռքյան համայնքներում Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հռչակման 100, Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման հորդորին, անպայման տոնախմբելու են հոբելյանական միջոցառումները, ոգեկոչելու են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված 30-րդ տարելիցը:
Արամ Նավասարդյանը, ամփոփելով զրույցը, խորին երախտագիտություն հայտնեց համայնքի աջակից Էռնեստ Վարդերեսյանին՝ համայնքային տարաբնույթ խնդիրներին օժանդակություն ցուցաբերելու համար:
Գևորգ Չիչյան