Մշակութային ձեռնարկ Սարատովի հայկական համայնքի նախաձեռնությամբ

Սարատովում ապրիլի 15-ին տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված եզրափակիչ հանդիսավոր միջոցառումը, որը կազմակերպել էր Սարատովի «Կռունկ» հայկական համայնքը և Ազգային մշակույթի քաղաքային կենտրոնը։ Նշենք, որ միջոցառումը, մարզում գրիպի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի պատճառով, նախատեսված ժամկետից փոքր ինչ ուշ կայացավ, և, այնուամենայնիվ, դահլիճը բազմամարդ էր։
Ներկաների թվում քիչ չէր նաև այլազգի հանդիսատեսը, քանի որ հայ ժողովրդի մշակույթը տարածաշրջանում տարեց տարի էլ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում։
Համերգային ծրագիրը լի էր հուզիչ պահերով և անակնկալներով։ Մեր սիրասուն մայրերին նվիրված բանաստեղծական եռերգությունը, «Կռունկ» երիտասարդական թատրոն-ստուդիայի արտիստների կատարմամբ (գեղ. ղեկավար Նունե Բարեղամյան, մենակատարներ Նելլի, Մերի, Սիփան Մխիթարյաններ, Ալբերտ, Անրի Ստեփանյաններ, Անդրանիկ Չիլինգարյան, Արթուր Գրիգորյան, Սոֆի Գասպարյան), բեմահարթակից ևս մեկ անգամ հնչեցնում էր նրանց վեհության, առաքինության, անսահման բարության ու նվիրվածության իրապատումն ու գեղեցիկ արտահայտչականությամբ գերում հանդիսատեսին։ Գողտրիկ օրորոցայիններն ու հայրենասիրական երգերը՝ Ինեսա Հարությունյանի, Ռիմա Պետրոսյանի, Նաիրա Սրապիոնյանի, Ալբերտ Խաչանյանի, կոմպոզիտոր Արտուշ Զատիկյանի և «Սաթենիկ» երգչախմբի կատարմամբ (գեղ. ղեկավար Մարինա Բոյաջյան, երգիչներ Սվետա Սրապիոնյան, Անժելա Բոյաջյան, Սիրանուշ Ղուկասյան, Մարիամ Պետրոսյան) գերում էին անզուգականությամբ:
Մեծ հետաքրքրություն և հրճվանք պարգևեցին Ազգային մշակույթի քաղաքային կենտրոնի պարային խմբերի վառ և գարնանային տրամադրությամբ հեղեղված համարները։ Ելույթ ունեցան հնդկական պարերի «Դիվալի» և հնդկական ու ասիական պարերի «Սավիտրի» խմբերը (գեղ. ղեկավար Օլգա Կամկինա), ինչպես նաև ժողովրդական «Սուդարուշկա» պարային ստուդիան (գեղ. ղեկավար Ելենա Ֆիլիմոնովա)։
Երեկոյի պատվավոր հյուրն էր Մարքս քաղաքի «Միլար» պարային համույթը (գեղ. ղեկավար Փիրուզա Գրիգորյան)։ Նաիրյան աղջիկների գեղեցիկ և հեզաճկուն պարը մայրական սիրո ու գորովանքի պատմություն էր, իսկ «Հայ ժողովրդի ոգին» և «Արցախ» պարերը՝ մեծ հայրենասիրության օրինակ։
Ողջ երեկոն հուզառատ էր, որովհետև լեցուն էր հենց կատարողների շնորհակալական և շնորհավորանքի խոսքերով՝ նվիրված իրենց մայրիկներին։ Յրաքանչյուր տեսահոլովակ որդիական սիրո ու երախտագիտության հուզիչ օրինակ էր։
Միջոցառման ամենագրավիչ անակնկալը Սփյուռքի հայկական կառույցների, նրանց տնօրինության, անդամների շնորհավորական տեսահոլովակներն էին։
Ներկա գտնվող բոլոր հայուհիները հրճվանքով ընդունեցին Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Արարատ» միության ղեկավար Արարատ Ղուկասյանի, դպրոցի ուսուցչական կազմի, ծնողների և հատկապես փոքրիկ, բայց խրոխտ ու լուսե աշակերտների ողջույնի խոսքերը։ Նրանց էին միացել նաև ՌԴ Պերմի մարզի հայկական համայնքը, համայնքի օրինակելի դպրոցի ողջ աշխատակազմն ու ուշիմ աշակերտները՝ դպրոցի տնօրեն Ժասմենա Հայրապետյանի գլխավորությամբ։
Մեծ ուրախությամբ ու ցնծությամբ դիմավորվեցին նաև ՌԴ հայերի միության Տուապսեի հայկական համայնքի, պարային համույթների, երիտասարդական կազմակերպության ղեկավար Նարինե Խոջայանի վառ և սրտառուչ ողջույնը, Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքի հայկական համայնքի և դպրոցի տնօրեն Հայկանուշ Գասպարյանի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սվերդլովի դպրոցի աշխատակազմի, աշակերտների և ուսուցչուհի Աննա Մագթաղյանի, Սարատովի մարզի Մարքս քաղաքի ղեկավարության շնորհավորական գեղեցիկ տեսահոլովակները։ Այս ամենը միջցառմանը պարգևեց մեծ հանդիսավորություն և ջերմ մթնոլորտ։ Մայրության ու գեղեցկության տոնը՝ ոգեղենացված հայ կնոջ և մոր կերպարով, դարձավ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի և բարի կամքի տեր մարդկանց կամրջող լուսաշող ծիածան։ Այն միջհամայնքային կապի վառ օրինակ էր։ Հայ մայրը Մայր հայրենիքի կերպարն է, և պատահական չէր, որ հատկապես նա համախմբեց բոլորին եռագույն դրոշի ներքո՝ հիշեցնելով, որ զավակները միշտ միասնական պիտի լինեն։
Ստորև ներկայացնում ենք հանդիսատներից մի քանիսի կարծիքները:
Լաուրա Խաչատրյան, նկարիչ, բանաստեղծ– Ողջ երեկոյի ընթացքում հոգով ու մտքով Հայաստանում էինք։ Հնչում էին հայ երգն ու պարը, ցնծում էին հայ խոսքն ու միտքը։ Բեմում կատարյալ տոն էր, իսկ դահլիճում ծափահարության տեղատարափ։ Շնորհավորական տեսահոլովակներն ու որդիական երախտիքի խեսքերը նոր հրճվանքի ու քնքշության հույզերով պարուրեցին հայ մայրերին, իսկ բեմական համարների հիանալի կատարումը նոր երանգ տվեց հայ կնոջ կերպարի բնորոշմանը։ Հանդիսատեսն հեռացավ ոգևորված, հպարտ և ժպտերես՝ նոր վառ երեկոյի ակնկալիքով։ Միջոցառումը լիովին կայացած է։ Բուռն ծափողջույններս կազմակերպիչներին:
Իրինա Դալեչինա, լեզվաբան– Համերգին մանակցում էին Սարատովից տարբեր ստեղծագործական խմբեր և անհատ կատարողեր։ Բացի այդ, կազմակերպիչները կապվել էին Ռուսաստանի Դաշնության և արտասահմանի հայկական համայնքների հետ, և մենք այդ երկրներից կարողացանք տեսնել գեղեցիկ շնորհավորական տեահոլովակներ և լսել բարեմաղթանքներ այս հիանալի տոնի կապակցությամբ։ Հատկապես ուզում եմ նշել, որ հայերեն հնչող խոսքն անպայման թարգմանվում էր ռուսերեն: Նման հոգատարությունն ու ուշադրությունը հանդիսատեսի նկտմամբ շատ հաճելի են։ Ամեն ինչ անչափ հուզիչ էր, հայերենը հնչում էր՝ ինչպես հոսում է մաքուր և կենարար ջուրը՝ զմայլելով իր անաղարտ գեղեցկությամբ։ Բոլոր համարներն անչափ հուզիչ էին։ Երգը, պարը, ազգային տարազը, ամեն, ամեն ինչը շատ գեղեցիկ էր, իսկ Լաուրա Խաչատրյանի մոր մասին գրված բանաստեղծության ընթերցումը՝ շատ հուզիչ։ Մեկ անգամ չէ, որ երեկոյի ընթացքում իմ աչքերին արցունքներ էին կուտակվում։ Խորին շնորհակալություն երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին։
Խորին շնորհակալություն Սարատովի մարզի «Կռունկ» հայկական համայնքի և Սարատովի Ազգային մշակույթի քաղաքային կենտրոնի ղեկավար անձնակազմերին՝ միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար, համերգի մասնակից բոլոր ստեղծագործական խմբերին, արտիստներին, օգնականներին։ Հատուկ շնորհակալությամբ և ջերմ երախտաիքով ենք դիմում Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Ռւսաստանի Դաշնության այն կազմակերպություններին, որոնք իրենց շնորհավորանքով ջերմացրին մեր սրտերը։
Նունե Բարեղամյան