Քուվեյթահայ Մելիք Կարլոն Հայաստանում վայելեց իր հաղթանակը
Մելիք Կարլո Մելիքսեթյանը սովորում է Քուվեյթի ազգային վարժարանի 8-րդ դասարանում:
Երբ ուսուցիչներից տեղեկացել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն է կազմակերպում, շատ է ոգևորվել և որոշել է անպայման մասնակցել:
Ապրիլի 21-ին, ամփոփելով 2017թ.-ի մրցանակաբաշխության արդյունքները, պարզ դարձավ, որ Մելիք Կարլոն «Ազատ Արցախ» և «Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեկան ստեղծագործությունների անվանակարգում արժանացել է 1-ին կարգի մրցանակի:
«Մեկ նկարում պատկերել եմ այնպիսի պատկերներ, որտեղ ամփոփվում են Հայաստանը խորհրդանշող պատկերները՝ Արարատ լեռը, Եռագույնը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Մելիք Կարլոն՝ շեշտելով, որ կտավը նկարելիս՝ իր աչքի առջև հառնել են Եղեռնի ահասարսուռ տեսարանները: Սակայն խաղաղվել և հոգին հպարտությամբ է լցվել՝ հիշելով, որ բոլոր արհավիրքներից հետո հայ ժողովուրդը վերածնվել է և ազատ, անկախ Հայաստան կերտել:
Զրույցի վերջում Մելիք Կարլոն շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ կրկին Հայաստան գալու և իր հաղթանակը սեփական հողի վրա վայելելու հնարավորություն ընձեռելու համար: