«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում արցախցի երաժիշտներն արժանացել են «Գրան-պրի»-ի

Գյումրիում տեղի ունեցած «Վերածնունդ» միջազգային 10-րդ ամենամյա մրցույթ-փառատոնին այս տարի Արցախից մասնակցել է 49 երաժիշտ, որից 32-ն գրավել են մրցանակային տեղեր:

Այս մասին, ըստ «Արցախպրես»-ի  ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Ապրես Մարգարյանը:

Նա   նշել  է, որ   մրցանակային  տեղեր  գրավածներից  8  հոգի գրավել   է   առաջին   տեղ, 15-ը՝ 2-րդ, 6-ը՝ 3-րդ,     1  հոգի   էլ`  4-րդ: Իսկ  Շուշիի   Դանիել  Ղազարյանի  անվան   հանրակրթական  երաժշտական  մասնագիտացված    դպրոցի  սաներ՝  Արևիկ Պողոսյանն  ու    Մարատ Մուսայելյանը, (դասատու  Նելլի  Սարգսյան) հանդես  գալով   դաշնամուրային դուետով արժանացել  են  «Գրան-պրի»-ի:

Նրա խոսքով՝ արցախցի սաները հանդես են եկել դաշնամուրի, դասական,  էստրադային  և  ազգային  երգեցողության, դդուկի, շվիի, շեփորի, կլարնետի, սաքսոֆոնի,   ակորդեոնի, քանոնի, շեփորի  անվանակարգերում:

Ա.  Մարգարյանն  ընդգծել  է, որ     տարեցտարի    ավելանում  են, ինչպես    «Վերածնունդ» միջազգային   փառատոնի արցախցի   մասնակիցների, այնպես     էլ    մրցանակային  տեղեր   գրավածների  թիվը:

«Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողները և  մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես   կգան  Արցախում  և  Հայաստանում:

Նշենք,  որ   Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 5-ին տեղի  է ունեցել «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր  Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին  և Երևանի   Կոմիտասի  անվան   պետական  կոնսերվատորիայի  Գյումրու մասնաճյուղի հիմնադրման  20-ամյակին:

Scroll Up