Սփյուռքահայ ակադեմիկոսը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանին,  ով Հայաստանում է գտնվում ապրիլին Երևանում անցկացվող գիտագործնական կոնֆերանսի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք, նպաստում եք առողջապահական ոլորտի զարգացմանը: Գործով եք օգտակար լինում Հայրենիքի առաջընթացին: Դուք, լինելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռը, Ձեր գործով մեկ անգամ ևս հավաստում եք թումանյանական այս տողերի ճշմարտացիությունը. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»»:

Արեգ Թոթոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար: Նա Հրանուշ Հակոբյանին նվիրեց իր մոր՝ Սուրմա Թումանյանի «Եվ միայն շատ տարիներ անց՝ անցյալի որոնումներով» գրքույկը:

 

 

Scroll Up