Գյումրին շուտով կվերածվի աշխարհի մշակութային կենտրոնի. տեսանյութ

Հաշված օրեր են մնացել Գյումրիում ամեն տարի կայացող արվեստի <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի արդեն 10-րդ մեկնարկին:

Ապրիլ ամիսը Գյումրիում ասոցացվում է  քաղաքի մշակութային վերազարթոնքի հետ, քաղաքը շնչում է արվեստի թարմ ու կենարար բույրով:

ԵՊԿ ԳՄ-ում ակտիվ աշխատանքները գագաթնակետին են հասնում այս օրերին, ևս մի քանի օր և աշխարհի մշակութային կիզակետը կտեղափոխվի Հայաստանի երկրորդ քաղաք:

<<Ամեն անգամ նոր ոգևորությունով, նոր սպասումներով ենք համակվում փառատոնի մեկնարկից առաջ,-նշում է  <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի կազմ կոմիտեի անդամ, փառատոնի համակարգող, երաժշտության տեսության ամբիոնի վարիչ, դոցենտ Ռիտա Աղայանը,-ճանաչված արվեստագետների հետ նոր հանդիպումները, նոր մշակութային ու գիտաուսումնական նախագծերի քննարկումները հարստացնում են ինչպես մեզ, այնպես էլ Գյումրու մշակութային կյանքը:Հպարտ ենք , որ կարողանում ենք այդ օրերին ողջ Հայաստանի, ինչու չէ, աշխարհի մշակութային կենտրոնը դարձնել Գյումրին>>:

Արվեստի <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը ՝ խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այս տարի պատանի արվեստագետներին է ներկայանում նոր անվանակարգով, բացի արդեն լայն մասսայականություն վայելող երկու տասնյակ անվանակարգերից, այս տարի կազմկոմիտեն ավելացրել է գեղարվեստ անվանակարգը՝ գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլ ենթաբաժիններով:

<<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 59 արվեստի և 23 մասնագիտացված գեղարվեստի դպրոցների հազարավոր երեխաներ կան,ովքեր կերպարվեստի հետ են առնչվում:

<<Ժամանակի հրամայականն էր, որ մենք հնարավորություն տայինք շնորհալի երեխաներին ցուցադրել իրենց աշխատանքները, հայտնել իրենց մասին: Հատկապես այս հարթակը անհրաժեշտություն է մարզերում ու գյուղական համայնքներում, որտեղ պատանիները մեղմ ասած միշտ չէ, որ հնարավորություն ունեն իրենց ձեռքի աշխատանքները ներկայացնել հեղինակավոր ժյուրիի դատին:

Արձագանքները բավականին ոգևորիչ են, բայց սպասելի:

Մրցույթ-փառատոնի արդյունքում կերպարվեստ անվանակարգում ներկայացված աշխատանքները կներգրավվեն կազմակերպված ցուցահանդեսում, ինչպես նաև մասնակիցների համար կտպագրվի աշխատանքների կատալոգ>> , – հավելեց Աշոտ Պետրոսյանը:

Scroll Up