Հարութ Սասունյան. Հայց ընդդեմ ԱՄՆ դաշնային պահուստային հիմնադրամի` Թուրքիայի կողմից թալանված հայկական ոսկու պահանջով

Գլենդելում գործող «Հայկական հիշողության կենտրոն» հասարակական կազմակերպությունը մարտի 4-ին դատի էր տվել Միացյալ Նահանգների դաշնային պահուստային հիմնադրամին`պահանջելով տեղեկություններ տրամադրել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերից թալանված մեծ քանակությամբ ոսկու ձեռքբերման վերաբերյալ:

Այս հարցին է անդրադառնում «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը իր «Հայց ընդդեմ ԱՄՆ դաշնային պահուստային հիմնադրամի` Թուրքիայի կողմից թալանված հայկական ոսկու պահանջով» հոդվածում: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հայկական հիշողության կենտրոնը» դատական հայցը էր ներկայացրել համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի: Հինգ միլիոն թուրքական ոսկի (22 միլիոն դոլար) նախնական արժողությամբ ոսկին այժմ գնահատվում է հարյուրավոր միլիոն դոլար: Վերջերս Դաշնային պահուստային համակարգի Կառավարիչների խորհուրդը և Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը հայտարարեցին, որ նրանք ոչ մի տեղեկություն չունեն իրենց տնօրինության տակ գտնվող որևէ հայկական ոսկու մասին»:

Հարութ Սասունյանն իրր հոդվածում ներկայացնում է մի շարք խճճված գործարքների վերաբերյալ ուսումնասիրությունների ամփոփ արդյունքները՝ նշելով, որ այդքան էլ հեշտ չէր հետևել հանգամանքների ընթացքին, որոնց պարագայում հայերի սեփականություն հանդիսացող ոսկին համարյա մեկ դար առաջ Ստամբուլից տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ: «Օսմանյան կառավարությունը առգրավել էր 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ գաղթած և սպանված հայերին պատկանող ոսկին և այլ թանկարժեք իրերը, բռնագրավելով նրանց բանկային հաշիվներն ու բանկերում արժեքավոր իրեր պահելու չհրկիզվող պահարանները: Օսմանյան լուծարման հանձնաժողովը բանկային փոխանցումների մի ամբողջ շարք էր իրականացրել այս «արյունոտ փողերի» հետքը կորցնելու նպատակով: Սկզբում Թուրքական գանձապետարանը թալանված հայկական ոսկին փոխանցել էր Ստամբուլում գտնվող գերմանական «Deutschebank»: Այնուհետև, 1916 թվականին ոսկին փոխադրվել էր Վիեննայի «Bleichroeder Bank», իսկ այնտեղից` Բեռլինի «Reichsbank» գերմանական կենտրոնական բանկ և ներդրվել Օսմանյան պետական պարտքի հաշվին:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ դաշնակից պետությունները Գերմանիայից և նրա Օսմանյան թուրքական դաշնակցից փոխհատուցում պահանջեցին, գերմանական իշխանությունները նրանց պահանջը չկատարելու այընտրանք չունենալով, համաձայնեցին դաշնակիցներին տալ «Reichsbank»-ում պահվող հայկական ոսկին: Այսպիսով, բռնագրավված հայկական ոսկին 1921 թվականին տեղափոխվեց Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա»,-գրում է Հարութ Սասունյանը: «Հետագայում, բրիտանական մի փաստաթուղթ հաստատեց այդ ոսկու իսկական տերերի ինքնությունը: 1924 թվականի սեպտեմբերի 26-ին, Մեծ Բրիտանիայի երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները` Լիբերալ կուսակցության ղեկավար և նախկին վարչապետ Հ.Հ. Ասքվիթը և Պահպանողական կուսակցության ղեկավար ու ապագա վարչապետ Սթենլի Բոլդուինը հուշագիր հղեցին վարչապետ Ռեմսի Մակդոնալդին, խնդրելով, որ Անգլիան օգնություն ցուցաբերի հայերին, հաշվի առնելով վերջիններիս աջակցությունը դաշնակիցների ծրագրերին և այն ահավոր տառապանքները, որ նրանք կրել էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Երկու բրիտանացի ղեկավարները պնդել են, որ «թուրքական կառավարության կողմից 1916 թվականին Բեռլինում ներդրված հինգ միլիոն ֆունտ (թուրքական ոսկի) գումարը, որը զինադադարից հետո գրավվել էր դաշնակիցների կողմից, մեծ մասամբ (թերևս ամբողջությամբ) պատկանել է հայերին: 1915 թվականին հայերի բռնի տեղահանությունից հետո նրանց ընթացիկ և ավանդային բանկային հաշիվները հրահանգով փոխանցվել են Կոստանդնուպոլսի Պետական գանձապետարան: Այս փաստը հնարավորություն էր տվել թուրքերին հինգ միլիոն ֆունտ ստերլինգ գումարը ուղարկել Բեռլինի «Reichsbank»-ին, նոր թղթադրամների թողարկման փոխարեն»,-ասվում է հոդվածում:

«Հետագայում, հայկական ոսկին իրենց իսկական տերերին վերադարձնելու փոխարեն, Բրիտանիան և Ֆրանսիան, Փարիզի «J.P. Morgan Bank»-ի միջոցով այն վաճառեցին Միացյալ Նահանգների կառավարությանը` այն փոխանակելով Միացյալ Նահանգների գանձապետական վկայականների:

1925 թվականի հունվարի 29-ին, սենատոր Ուիլյամ Հ. Քինգը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրեց թիվ 319 բանաձևը, պահանջելով թալանված ոսկին «ի պահ առանձնացնել» հայ ժողովրդի համար: Բանաձևում ասվում էր. «Թուրքական կառավարությունը կամայականորեն առգրավել և Թուրքական գանձապետարան է փոխանցել հայերին պատկանող բոլոր բանկային հաշիվները` ընթացիկ և ավանդային, ըստ որի հինգ միլիոն թուրքական ֆունտ արժողությամբ հայկական ոսկին, որը կազմել է 22,450,000 դոլար, փոխանցվել է Թուրքական գանձապետարան, իսկ հետագայում Թուրքիայի կառավարությունը այդ ոսկին ներդրել է Բեռլինի «Reichsbank»-ում …. Բեռլինի «Reichsbank»-ում գտնվող հայկական ոսկու վերոնշյալ ավանդը, Վերսալի պայմանագրի 259-րդ հոդվածի համաձայն փոխանցվել և հանձնվել է հիմնական դաշնակիցներին և համագործակից պետություններին, այդ թվում` Միացյալ Նահանգներին …. Վերոնշյալ ավանդը արդարության իրավունքով պատկանում է այն հայերին, որոնցից այն խլվել է, կամ նրանց օրինական ներկայացուցիչներին …. Վերոնշյալ ավանդը պետք է ի պահ առանձնացնել, իսկ այնուհետև վճարել նրանց, ումից վերոնշյալ ոսկին բռնագրավվել էր, կամ նրանց օրինական ներկայացուցիչներին ….»:

Այս ոսկին Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո Թուրքիայի և այլ պետությունների կողմից գողացված միլիարդավոր դոլարների հասնող հայկական ունեցվածքի մի չնչին մասն է կազմում: Հայկական թալանված ժառանգության ամբողջական վերականգնումը, որտեղ էլ որ այն գտնվի, պետք է լինի հայ ժողովրդի դեմ իրագործված ահավոր ոճրագործության համար արդարություն պահանջողների գերագույն նպատակներից մեկը»,-գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչը եւ խմբագիրը:

Scroll Up