«Մայրենին պահանջում է ամենօրյա հոգատարություն, պետական հոգածություն». Սամվել Մուրադյան

Մայրենիի տոնին ընդառաջ` ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականում,  ի պաշտպանություն մեր ոսկեղենիկ լեզվի,  հարցազրույցներ և հոդվածներ են  տեղադրվում, որոնցում արծարծվում են նաև  հայոց լեզվի աղավաղումների  առնչությամբ  մեր  լեզվաբանների, գրականագետների,  մտավորականներից  շատերի  ունեցած  մտահոգություններն ու մտորումները: Այդպիսի  մի  հարցազրույց   ծավալվեց  նաև  ճանաչված  գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

 – Հարգարժա՛ն պրոֆեսոր, Մայրենիի տոնի մասին  են իմ հարցերը. տոն, որը, չգիտես ինչու, սահմանափակվում է միայն այդ օրվա շրջանակներում. ի՞նչ կասեք Մայրենիի օրվա և հայոց լեզվի արդի իրավիճակի մասին

-Մայրենիի օրվա վերաբերյալ կարելի է և՛ շատ խոսել, և՛ կարճ խոսել, սակայն կարևորն այսօրվա խնդիրների մասին խոսելն է. այսօրվա  Մայրենիի իրավիճակը մեզ մտահոգվելու առիթ է տալիս: Մեր հեռուստաընկերությունների, հեռուստասերիալների, հաղորդավարների, մեր խոսնակների, մարդկային հարաբերություններում գործածվող լեզուն մեզ, իսկապես, մտահոգվելու պատճառ տալիս է: Հայոց լեզվի այսօրվա աղավաղումները ոչ թե լեզվական, քերականական սխալներ են, այլ՝ մտածողության:  Վատն այն է, որ դրանք դառնում են մտածողության սխալ. հայ մարդը երբեք այդպես չէր մտածելու: Իհարկե, մեր գրական  լեզուն հնում հարստացել է  գրաբարի, միջին հայերենի, բարբառների հիման վրա և  այսօր էլ շարունակում է հարստանալ, զարգանալ՝ բարբառների տարրեր ներմուծելով   և ստեղծել  գրական գեղեցիկ լեզու, իսկ մեր լեզուն իր հարստությամբ, իր գեղեցկությամբ աննման է աշխարհում: Մեզնից ոչ ոք իրավունք չունի մեղանչումներ թույլ տալու հայոց լեզվի հանդեպ: Բարեկիրթ լեզու ունենալը նշանակում է լինել Հայաստանի Հանրապետության  բարեկիրթ քաղաքացի, նշանակում է մեր ամբողջ մշակույթի, մեր պատմության, մեր  հոգևոր, հոգեմտավոր հարստության ճշգրիտ ընկալում, գիտակցում և այդ համակարգի մեջ  ճիշտ պատկերացնելու իրողություն, որը, ցավոք, մենք հաճախ մոռանում ենք:  Գաղտնիք չէ, որ  վատի թողած ազդեցությունը  երբեմն շատ հաճախ ավելի մեծ է լինում. գռեհկաբանությունը, ժարգոնը, փողոցի լեզուն երբեմն հայտնվում են շատ անհարմար տեղերում, և մարդիկ  սովորական են դարձնում այդպես խոսելը, կարծում են, որ կխոսեն իրենց ցանկացած ձևով.  ո՛չ, չի՛ կարելի:  Կա լեզվական օրենք, նորմավորված գրական հայերեն, որը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է: Այն աղմուկը, որն այսօր շարունակում են բարձրացնել ուղղագրության փոփոխության, Մաշտոցյան  ուղղագրության վերականգնման  հետ կապված՝ դրանք դատարկ խոսակցություններ են. դրանք ուրիշ ակունքներից, օտար աղբյուրներից մեզ դրսից  պարտադրվող բաներ են, մենք այդ բանավեճի կարիքը չունենք, որովհետև կա՛ Հայաստանի Հանրապետություն, կա՛ հանրապետության պետական  գրական լեզու, լեզվի օրենք, որը պետք է գործի հանրապետության ողջ տարածքում:

– Այո՛, պե՛տք է գործի, բայց չէ՞ որ գործող մարմինր՝ Լեզվի պետական տեսչությունը, որը պարտավոր է այդ օրենքներն իրականացնել,  մեր կյանքի տարբեր ոլորտներում հետևողական լինել  լեզվական  աղավաղումների  դեմ, այդքան լիազորություններ չունի, նրա գործառույթները սահմանափակ են…Ի՞նչ անել. պարո՛ն Մուրադյան, ինչպե՞ս  պայքարենք  ամենակարևոր ոլորտի՝ հեռուստաեթերների կամածին հայոց լեզվի, սխալ շեշտադրության և ուղղախոսության, օտարալեզու վերնագրերով ֆիլմերի, հաղորդաշարերի անվանումների հեղեղի դեմ…

-Ինչ անե՞լ…Առաջին հերթին անհրաժեշտ է պետական հսկողություն սահմանել լեզվական բոլոր գործառույթների վրա: Եթե ինձ հնարավորություն ընձեռվեր և լիազորություն ունենայի այդ հարցում, ապա ես  որոշակի  չափանիշներ կսահմանեի. եթե տվյալ անձը համապատասխանում է, բավարարում է այս պայմաններին, նրան թույլ կտայի եթեր դուրս գալ, եթե ոչ՝  կարգելեի:  Մենք առանձնահատուկ ժողովուրդ ենք նաև այն իմաստով, որ  Սփյուռքի հետ ունենք հարաբերության խնդիր. սփյուռքահայությունը շատ վտանգված վիճակում է: Մենք չպետք է մոռանանք, որ մեր  եղբայրները, քույրերը, մեր ժողովրդի ապագայի մի մեծ մասը դրսում է գտնվում և ենթակա է օտար լեզուների գերիշխող տիրապետությանը: Ցավով մի փաստ պետք է արձանագրեմ, որը  վերջերս եմ լսել. մեր մագիստրատուրայի   ավարտական քննության ժամանակ Բեյրութից եկած մի շատ լավ, հմուտ մասնագետ, ով Բեյրութի բարձրագույն դպրոցներում հայերեն է դասավանդում, ցավով ասաց, որ Բեյրութում փակվեց այսինչ կամ այնինչ դպրոցը, վարժարանը, Հայագիտականը, որ իրենք մասնագետ պատրաստելու հնարավորություն չունեն և կվախենան, որ մի օր էլ Հայաստանից  կգնան Բեյրութ՝ արևմտահայերեն դասավանդելու…Սա, հիրավի,  լուրջ մտահոգություն է:  Մենք՝ հայաստանցիներս,  պետք է մտածենք նաև նրա՛նց մասին. մենք, փա՛ռք Աստծո, պետություն, պետականություն ունենք, նրանք ենթակա են ուրիշ պետության հրահանգներին. ասելիքս այն է, որ մենք չպետք է ամեն տարի հավաքվենք, մեր ներկայության և զեկուցում կարդալու դիմաց  մի թռչնիկ դնենք, չպետք է բավարարվենք միայն խոսքերով, ժողովներով, որոնց արդյունքում որոշակի հարց չի լուծվում: Մի խոսքով՝ Պարոնյանի ասած նիստերի, ժողովների շարան չգումարենք, որը չարժե անգամ մեկ նիստ: Սպասենք ապրիլ ամսին, կարևոր իրադարձությունների ընթացքին, որից հետո տեսնենք, թե տարբեր ոլորտներում ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենան: Մեր կյանքի բոլոր ոլորտներն էլ կարևոր են, սակայն առաջնահերթ լուծում պահանջողը լեզվի խնդիրն է:  Մենք մի  բանաստեղծ ունեինք՝ Հովհաննես Գրիգորյանը, ով լեզվի մասին  մի բանաստեղծություն էր գրել և եզրափակել հետևյալ տողերով՝«Դու ա՛յն ես, որին կորցնելուց հետո այլևս ոչինչ չենք ունենա կորցնելու»:

-Ձեր՝ գրականագետի, մտավորականի, հայ մարդու կարծիքը հայոց լեզվի մասին:

-Մենք ունենք 405թ. ստեղծված Մաշտոցյան այբուբեն, որը մինչ այսօր անխափան գործում է: Աշխարհի ոչ մի լեզու հնչյունային գրի և հնչյունի համապատասխանությամբ  այդպիսի ներդաշնակություն չունի: Այդ նկատի ունեին գերմանացի հայագետներ Գուդշմիդտը, Մարկվարտը. վերջինս ասում էր, որ գերմաներեն տառերը  ստեղծողները ողորմելի թզուկներ են հայերեն տառերը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի առաջ:

Մեր լեզվի հնարավորությունները շատ բարձր են գնահատել թե՛ մեր հայ լեզվաբանները, մտավորականները, թե՛ շատ հայտնի օտարազգի նշանավոր  հայագետներ, պատմաբաններ, բանաստեղծներ:

Ես այն միամիտը չեմ, որ ասեմ պետք է դադարեցնել օտար լեզուների հոսքը, դրանք սովորելը…ոչ, իհարկե ՝ ոչ, սակայն անհրաժե՛շտ է, պարտադիր է առաջին հերթին Մայրենի՛ն սովորելը, հայոց լեզուն սրբորեն պահելն ու պահպանելը, այս  անթերի լեզվով գեղեցիկ ու ճիշտ խոսելը:  Մեր լեզուն  իր էությամբ բանալի է:

-Օտարաբանություններ, փոխառություններ  շատ  լեզվաբաններ են ճգնել թարգմանել  հայերեն,  երբեմն  էլ՝  մի  կերպ հայերենացնել…այդ բառերի  շարքում կան  նաև  շատ  ծիծաղելի  թարգմանություններ. ո՞վ է վերահսկում այդ դաշտը:

-Շատ կարևոր հարց է. այո,՛ խայտաբղետ է այդ դաշտը, ուր երբեմն հանդիպում ենք արհեստածին, զավեշտի հասնող  հայերեն դարձրած բառեր, օրինակ՝  գինեկոլոգ-կնախտաբան, շամպայն-փրփրագմփիկ…Հիշու՞մ եք  մեր դասախոսներից Մինաս Հյուսյանին,  ով  տրամվային զրնգոն էր ասում, տրոլեյբուսին՝ սրընթոն…Նման մաքրամոլությունը մերժելի է: Պետք է գտնել համապատասխան և ընդունելի բառեր: Սրանք մտահոգիչ հարցեր են, այս դաշտում առայժմ վերահսկողություն չկա:

-Պարո՛ն Մուրադյան, ասացեք, խնդրեմ, գրավոր խոսքի առումով  զանգվածային լրատվամիջոցներում ամենավատ վիճակը  որտե՞ղ է:

-Շատ  վատ է համացանցի  վիճակը. երբ մարդիկ  տեխնիկապես հայատառ գրելու հնարավորություն չունեն,  ստեղծվում են այլանդակություններ: Իհարկե, օտար լեզվի տառերով  հայերենի բառեր, արտահայտություններ գրում են, հայատառ գրելու հնարավորություն ունեցողներից շատերն էլ գրագիտության պակաս ունեն: Գրագիտություն ասածը միայն տառաճանաչ լինելը չէ, այն նշանակում է՝ գիտելիքների շտեմարան, պաշար: Դուք այսօրվա դպրոցի մասին դրական արտահայտվեցիք, սակայն ես այնքան էլ գոհ չեմ, որովհետև բուհի ընդունելության  ներկայում գործող կարգը վարկաբեկել է իրեն. սկզբում մեզ թվում էր, թե ռիսկերը կնվազեն, կլինեն արդար քննություններ, սակայն  այդպես չեղավ,  այդ ձևը հանգեցրեց շտեմարանների, որտեղ ի՜նչ անհեթեթություն ասես՝  կգտնեք: Այս պայմաններում կառաջանան նաև անցանկալի բաներ. երեխային տրվող գիտելիքը պետք է մատչելի լինի, որպեսզի դպրոցականը չհիասթափվի հայոց լեզվից, հայ գրականությունից:

 Մայրենին պահանջում է ամենօրյա հոգատարություն, պետական հոգածություն: Տոնի խորհուրդը, գաղափարը հրաշալի է, այդ օրվան պետք է ավելի մեծ նշանակություն ու կարևորություն տալ, և  դա չպետք է դառնա սոսկ մի օրվա տոն, որի շրջանակներում ավարտվի ամեն ինչ: Բարեբախտաբար, ՀՀ սփյուռքի նախարարն այնքան ողջամիտ է, որ լինելով Սփյուռքի տարբեր հատվածներում, շփվելով հայության տարբեր շերտերի հետ՝ առնչվում է լեզվի այս կամ այն խնդրին, շատ լավ հասկանում է լեզվի այսօրվա վիճակը, սակայն ինքն էլ չունի լեզվի խնդիրների հետ կապված լիազորություններ, ուստի բոլորի ջանքերը պետք է միավորել, և այս հարցը պետք է լուծվի հեղինակավոր, շահագրգիռ, սրտացավ լեզվաբանների, մտավորականների և պետության ղեկավարի, վարչապետի համատեղ գործունեությամբ:

-Մայրենիի ապագայի հանդեպ Ձեր տեսլականը

-Չարենցի բառերով  պատասխանեմ.

Այդ մե՛նք ենք երևի այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ –
Պիտի մտնենք` անգամ ասեղի նուրբ ծակով`
Ապագայի դրախտը անարատ…
Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ –
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ…

  Հարցազրույցը՝  Կարինե Ավագյանի

Scroll Up