Մայրենիի տոնը հավասարազոր է Հայաստան՝ քրիստոնեության մուտքին.  խորհում են մտավորականները

Մայրենիի տոնին ընդառաջ՝ «Հայերն այսօր»ը զրուցել է Հայաստանից և Սփյուռքից ոլորտին առնչվող մարդկանց հետ, ովքեր պատասխանել են Մայրենիին վերաբերող հարցերի:

Ներկայացնում ենք եգիպտահայ ազգայինհասարակական գործիչ դոկտ. Սուրեն Բայրամյանի, երուսաղեմահայ գրող Անուշ Նագաշյանի, գեղագետ, արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի հետ ունեցած զրույցները:

***

«Մայրենիի տոնն անսահման գնահատելի, պատվաբեր  ու  հայավայել նախաձեռնություն է».Սուրեն Բայրամյան

 Մայրենին  ինձ  համար …     

-Գոյության  իմաստ  է և  գոյապայքարի  դրոշակիր:

Մայրենիի տոնը…                                                                

-Անսահման գնահատելի, պատվաբեր  ու  հայավայել նախաձեռնություն է:

Հայերենում  Ձեր  սիրած  բառը  և  արտահայտությունը…

-Ամեն ինչից վեր՝ «Հայաստան» և «Արարատ» բառն եմ սիրում, իսկ արտահայտություններից՝ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»   բանաստեղծությունից «Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա»  տողը:

Արևմտահայերեն  սիրած  բառը  և արտահայտությունը…

-Գոյապայքար, պայքար՝ մինչև հաղթանակ:

Մայրենիին  նվիրված  սիրելի  բանաստեղծությունը…

Սիրում եմ Մուշեղ Իշխանի ( Մուշեղ  Ճէնտէրէճեան ) «Հայ լեզուն  տունն է հայուն» և Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն»  բանաստեղծությունները:

Մայրենիի  առաջին  ուսուցիչը  կամ  ուսուցչուհին…

Կահիրեի «Գալուստեան» Ազգային մանկապարտեզ հաճախելու տարիներին առաջին ուսուցչուհիս եղել է վաստակաշատ Պերճուհի  Դպիրյանը: Երեխաների հոգեբանությունը լավ ճանաչող այս գորովագութ կինն  ինձ համար բարության և քնքշության մարմնացումն էր:

Մայրենին՝ այսօր…

Սփյուռքում՝ անհրաժեշտ ուշադրության և ուսուցման պակաս, իսկ Հայրենիքում՝ հասարակության կողմից օտարացումի և անհասկանալի անտարբերության մատնված:

Մայրենին՝  երիտասարդների  շուրթերից…                  

Մայրենին սովորելու առումով ինչ-որ տեղ տեղայնական, միջավայրի պայմաններին  և ուշադիր, դաստիարակիչ, պահանջկոտ ցուցումների պակասի զոհ են մեր երիտասարդները:

***

«Մայրենին միշտ իր բարձունքի վրա է գտնվում».Անուշ Նագաշյան

-Մայրենին ինձ համար…

Մայրենին ինձ համար հանապազօրյա հացն է:

Մայրենիի տոնը…

-Կարծում եմ ՝այս տոնը հավասարազոր է Հայաստան՝ քրիստոնեության մուտքին:

Արևելահայերենում Ձեր սիրած բառը և արտահայտությունը…

«Մայրենի»:

Արևմտահայերեն սիրված բառը կամ արտահայությունը…

-Միսաք Մեծարենցի «Տուր ինծի Տէր» բանաստեղծությունից «Տուր ինծի Տէր ուրախությունն անանձնական» արտահայտությունն է:

Մայրենիին նվիրված սիրելի բանաստեղծությունը

– Մուշեղ Իշխանի «Հայ Լեզուն Տունն Է Հայուն» բանաստեղծությունն է ինձ համար սիրելի:

Մայրենիի առաջին ուսուցիչը կամ ուսուցչուհին…

–  Քանի որ ծնվել եմ Պաղեստինում,  որտեղ հայկական վարժարան չկար, մայրս է ինձ մեսրոպատառ այբուբենը սովորեցրել: Հենց նրան էլ համարում եմ հայոց լեզվի առաջին ուսուցիչս:

Մայրենին՝ այսօր

-Մայրենին միշտ իր բարձունքի վրա է գտնվում:

Մայրենին՝ երիտասարդների շուրթերից

-Այս հարցին կպատասխանեմ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծական տողերով, որի միջոցով կոչ եմ հղում բոլոր երիտասարդներին՝ «Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս»:

***

 «Ուսուցչուհուս կերպարն ինձ համար անառանձնացնելի է Մաշտոցի կերպարից».Լևոն Լաճիկյան

 -Մայրենին ինձ համար…

-Ավելի լավ, քան բանաստեղծը, չես ասի. «Նա աղն է մեր ինքնության»:

Մայրենիի տոնը…

-Հիշեցում այդ աղի գոյության ու կարևորության մասին:

Արևելահայերեն Ձեր սիրած բառը և արտահայտությունը…

-«Բան», իսկ արտահայտությունը՝ «Ի սկզբանէ էր Բանն»:

Արևմտահայերեն սիրված բառը և արտահայությունը…

-«Աղվոր», իսկ արտահայտությունը՝ «Վարձքդ կատար»:

Մայրենիին նվիրված սիրելի բանաստեղծությունը…

-Արդեն պարզ է. Համո Սահյան «Մեր լեզուն»:

Մայրենիի առաջին ուսուցիչը կամ ուսուցչուհին…

-Արմիկ Մխիթարյան՝ Լենինականի (Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցի իմ ուսուցչուհին, ում կերպարն ինձ համար անառանձնացնելի է Մաշտոցի կերպարից:

Մայրենին՝ այսօր…

-Մեր Մայրենին այսօր հայտնվել է, մեղմ ասած, աննախանձ վիճակում, ուստի անհետաձգելի քայլեր պիտի ձեռնարկվեն այդ վիճակը շտկելու համար:

Մայրենին՝ երիտասարդների շուրթերից…

-Եթե անկեղծ լինեմ, տպավորված չեմ մեր երիտասարդների շուրթերից հնչող մերօրյա հայերենով: Ուստի անձնական ջանքեր եմ գործադրում, որպեսզի նրանց խոսքը լինի կիրթ, գրագետ ու ներկայանալի:

Գևորգ  Չիչյան

Scroll Up