«Լեզուն տոնական զգեստ չէ, որ մեկ օր հագնելուց հետո մյուս բոլոր օրերին անխնա աղտոտես». Ջուլիետ Մարտիրոսյան

ՀՀ սփյուռքի  նախարարությունը միայն Մայրենիի տոնի առիթով չէ,  որ անդրադառնում է մեր լեզվի գրական երկու ճյուղերին, մտահոգվում լեզվական աղավաղումների, արևմտահայերենը չկորցնելու  կարևոր հարցերով, սակայն  Մայրենիի օրն  առանձնահատուկ է նշվում  մի շարք  միջոցառումներով, ինչպես նաև՝ «Հայերն այսօր» էլեկտրոնային  պարբերականում  հարցազրույցներ հրապարակելով  ճանաչված  լեզվաբանների, գրականագետների,  գրողների, այլ թերթերի ու  էլեկտրոնային  պարբերականների  ներկայացուցիչների հետ:   Բազմազբաղ լինելով հանդերձ՝  Մայրենիի տոնի առիթով  իմ հարցերին մեծ սիրով ու պատրաստակամությամբ   պատասխանել է  նաև  մեր հանրապետության երկարակյաց  թերթերից  մեկի՝ «Ավանգարդ»-ի  պահապան  խմբագիր, լրագրող Ջուլիետ Մարտիրոսյանը:

Հարգարժա՛ն  Ջուլիետտեղյակ եմ, որ Դուք Մայրենիի  անխոնջ ջատագովներից եք, և Ձեր ղեկավարությամբ  երկար տարիներ գործող «Ավանգարդ» թերթը, այսօր արդեն՝ նույնանուն էլեկտրոնային պարբերականը, գրեթե զերծ է լեզվական սայթաքումներիցԻնչպե՞ս եք հասնում նման արդյունքների:

– Նախ ուզում եմ ընդգծել, որ անչափ գնահատելի են Սփյուռքի նախարարության ու անձամբ Ձեր նախանձախնդիր ու մտահոգ ջանքերը՝ ոսկեղենիկ մեր մայրենին անաղարտ պահելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է «լեզվական սայթաքումներից զերծ» մնալուն՝ Դուք նրբանկատորեն շա՜տ մեղմ եք արտահայտվում: Պարզապես հայեցի մտածողություն ունենալ և գրագետ լինել է պետք՝ չաղճատելու լեզուն, իսկ դրանից առաջ՝ ինքնահարգանք և մեր ճկուն լեզուն բարբարոսաբար չասպատակելու բարոյականություն է պետք: Այդ պարագայում անհնար է ցանկացած «սայթաքում»: Մինչդեռ  մերօրյա հեռուստաեթերներից  ու որոշ կաքերից հնչող հայերենը լրջագույն մարտահրավեր է հայոց լեզվի լինելիությանը:

Ամեն տարի Մայրենիի տոնի շրջանակներում խոսվում է հայոց լեզվի  աղավաղումների  մասին, միջոցառումներ են անցկացվում, քննարկումներ, սակայն, կարծես թե, ոչինչ էլ  չի փոխվումԻնչպե՞ս  կարելի է  պահպանել  մեր լեզուն  այս  համատարած «ջարդից»:

– Գնահատում եմ Ձեր համեստությունը, բայց իմ (և ո՛չ միայն իմ) տպավորությամբ՝ հայերենի պահպանման, դրա անաղարտության խնդրով միայն կամ գոնե ամենից ավելի՝ Սփյուռքի նախարարությունն է մտահոգ, այն էլ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:

Ունեցածդ պահպանելու բարոյականությունը 365-366 օրը մեկ անգամ կոչեր հնչեցնելով  չես  ներշնչի: Լեզուն տոնական զգեստ չէ, որ մեկ օր հագնելուց հետո մյուս բոլոր օրերին անխնա աղտոտես:

Մեր լեզուն այսօր ոչ թե միայն պահպանել, այլ փրկել է պետք: Գուցե մի փոքր կտրուկ հնչի, բայց լեզվապահպան ոստիկանություն է պետք. որոշակի լիազորություններով օժտված մի կառույց, որն անզիջում կպայքարի լեզվահենների ու լեզվահենության դեմ: Հինավուրց մեր լեզվին լավագույնս տիրապետող ու այն հիրավի սիրող մասնագետներով համալրված պետական կառույց, որը կպաշտպանի հայոց լեզվի անաղարտության իրավունքը և կպահպանի հազարամյակների հետ խոսող մեր մայրենին:

Միանգամայն  համամիտ  լինելով  Ջուլիետ Մարտիրոսյանի արտահայտած բոլոր մտահոգությունների հետ և կիսելով լեզվապահպանությանն առնչվող նրա մտորումները՝   մնում  է հուսալ,  որ դարերի  խորքից  եկող, հազարումի սրից ու հրից փրկված   մեր  սուրբ,  մեր   թանկ  Մայրենին՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն,  անպայմանորեն կլինի  բոլորիս  հոգածության կենտրոնում:

Կարինե Ավագյան

Scroll Up