ՀՀ սփյուռքի նախարարի ամանորյա շնորհավորական ուղերձը աշխարհասփյուռ հայությանը

Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում, որ 2011 թվականը եւ՛ Հայրենիքի, եւ՛ Արցախի, եւ՛ Սփյուռքի համար լինի խաղաղության, բարեկեցության ու առաջընթացի, մեծ նվաճումների ու անխախտ միասնության շրջադարձային տարի:

Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում, որ 2011 թվականը եւ՛ Հայրենիքի, եւ՛ Արցախի, եւ՛ Սփյուռքի համար լինի խաղաղության, բարեկեցության ու առաջընթացի, մեծ նվաճումների ու անխախտ միասնության շրջադարձային տարի:

Թող ձեր սեղանները լինեն առատ, ձեր օջախները վառման ու հայաշունչ, քաղցրահնչյուն մայրենիով լեցուն, թող փարթամանա ու պտղավորվի ձեզանից յուրաքանչյուրի տոհմածառը եւ թող ամեն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանության հզոր ամրոց:

Համաշխարհայնացման միօրինակացնող հոսանքին ընդդեմ ընթացող մեր հավաքական ուխտը հանգրվան կունենա մեր Հայրենիքում, եթե միավորենք մեր ուժերը, պահպանենք մեր անկրկնելի լեզուն, տեսակն ու ոգին, մշակույթն ու հավատը, եթե յուրաքանչյուրն իր փոքր նպաստը բերի կարեւորագույն ազգային խնդիրների` Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, արցախյան հիմնախնդրի լուծման, Հայոց պետականության ամրապնդման գործին:

Վստահ եմ, որ 2011-ը համայն հայ ժողովրդի համար լինելու է վերաարժեւորման, ինքնահաստատման, համազգային հիմնախնդիրների լուծմանը միտված մեծ ձեռնարկումների տարի` Հայաստանի եւ Արցախի անկախության 20 ամյակի տարի:

Թող նոր տարում յուրաքանչյուր հայ անհատ, կազմակերպություն եւ կառույց իրականացնի առավել արդյունավետ եւ արգասաբեր գործունեություն` ի շահ հայրենիքի բարգավաճման, Սփյուռքում հային հայ պահելու մեծ գործի, հայեցի դաստիարակության:

Հավատում եմ, որ անորոշության, տագնապների, հակամարտությունների ու հարափոփոխ արժեքների օվկիանոսում Հայոց աշխարհը դառնալու է կանչող փարոս, ինքնավստահության ու հավատի աղբյուր:

Սիրելի հայրենակիցներ

2011-ին հնարավորության սահմաններում հաճախ այցելեք, ձեր զավակներին ուղարկեք Հայրենիք` արմատ ձգելու հայրենի հողում, ճանաչելու եւ զգալու ազգային արժեհամակարգը, հայոց հող ու ջրից, արեւից համակվելու ստեղծագործական նոր, առողջ ու կենսահաստատ լիցքերով, իրատեսական ու ազգաշահ նոր մտահղացումներով:

Թող Սուրբ Ծննդյան նոր ավետիսն ու լույսը առաջնորդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդին` միասնության ու ինքնահաստատման ճանապարհին:

Հարգանքով ու սիրով` ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up