«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվեց «Սփյուռքի գրականություն» բաժինը

Հունվարի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան՝ նվիրելու ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով լույս ընծայված և սփյուռքահայ գրողների հրատարակած գրքեր, որոնք հիմնականում Սփյուռքի հիմնախնդիրներին, Հայկական սփյուռքի պատմությանը և Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններ են: Նվիրվող գրականության ցանկում ընդգրկված էին նաև 2010-2016թթ. հրատարակված «Հայկական սփյուռք» տարեգրքերը:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, այս նախաձեռնությունն իրականացվել է Մատենադարանի տնօրինության՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ տարեսկզբին կայացած հանդիպումից հետո, երբ քննարկման արդյունքում որոշվել է երկու կառույցների միջև  սերտ համագործակցություն սկսել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը կարևորեց Մատենադարանի հետ սկիզբ առած համագործակցությունը՝  հույս հայտնելով, որ գրքերը ոչ միայն կհարստացնեն Մատենադարանի գիտական հիմքը, այլև օգտակար կրթագիտական աղբյուր կհանդիսանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների և, առհասարակ, ընթերցողների գիտելիքների պաշարի ավելացման համար: Քնարիկ Պետրոսյանը հավելեց նաև, որ հետագայում փոխադարձ համագործակցությամբ կշարունակեն  մի շարք կարևոր ծրագրեր կյանքի կոչել:

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ հանդիպումից կարճ ժամանակ անց համագործակցության առաջին քայլերը հաստատելու և Մատենադարանին նմանօրինակ արժեքավոր գրականություն նվիրաբելեու համար՝ շեշտելով, որ գրքերն իրենց ուրույն տեղն են գտնելու Մատենադարանի գրադարանային ֆոնդերի համապատասխան բաժիններում:

Տեր Արարատը տեղեկացրեց նաև, որ նվիրված գրքերը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով որոշել են Մատենադարանի ընթերցասրահի խորհրդանշական «Սփյուռքի գրականություն» գրապահարանում մեկտեղել, որտեղից ընթերցողները կարող են օգտվել Սփյուռքին և սփյուռքահայ գրողներին վերաբերող գրականությունից:

«ՀՀ սփյուռքի նախարարության հետ այս կարևոր համագործակցությունը տրամաբանական շարունակություն է ունենալու և հետագայում զգալի արդյունք է տալու: Իբրև ասածիս երաշխիք՝ նշեմ, որ առաջիկայում նույնպես Մատենադարանի հավաքածուն կհամալրենք ոլորտին առնչվող բազմաբովանդակ գրականությամբ»,-ընդգծեց  Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

 

Scroll Up