«ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցում ենք».Ալեքս Ավանեսյան

Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է հունգարահայ համայնքի 2017 թվականի ծավալած գործունեությունը, ընթացիկ տարվա հիմնական անելիքները, ինչպես նաև անդրադառնում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությանը:

-Պարո´ն Ավանեսյան, այս անգամ ի՞նչ նպատակով եք Հայաստան եկել:

– ՀՀ քաղաքացու անձնագիրը ստանալու ուրախալի առիթով եմ եկել:

Ամեն անգամ տարեսկզբին գալով՝ նախևառաջ հանդիպում եմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ տեղեկացնելու անցնող տարվա ընթացքում համայնքում տեղի ունեցած իրադարձությունների և ձեռքբերումների մասին, նաև քննարկելու հետագա համատեղ աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր:

 -2017 թվականը համայնքային կյանքում ի՞նչ հետք թողեց: Մշակութային, հայապահպան ի՞նչ միջոցառումներ են իրականացվել:

-Հունգարիայում հայկական համայնքը կենսունակ և ակտիվ պահելու համար մի շարք բազմաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում՝ նպաստելով մեր շուրջը հայկական միջավայր ունենալուն: Բացառություն չէր նաև անցնող տարին:

Ամենախոշոր ու կարևոր նախագծերից էր օգոստոսի 1-ից սեպտեմբերի 30-ը «Հայկական մշակութային օրեր» փառատոնի կազմակերպումը, որը ոչ միայն մայրաքաղաք Բուդապեշտում և Հունգարիայի մի քանի քաղաքներում, այլև Ռումինիայում՝ պատմական շրջաններ Տրանսիլվանիայում և Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում կազմակերպվեց:

Փառատոնի բացումը Հունգարիայում տեղի ուենցավ «Խոստում» ֆիլմի ցուցադրմամբ: Փառատոնի շրջանակներում համայնքային երգիչներ Դավիթ Ենգիբարյանն ու Նելսոն Սահակյանը հունգարական մի շարք քաղաքներում ելույթներ ունեցան, նաև լուսանկարների ցուցահանդեսներ կազմակերպեցինք:

Ռումինիայի մշակութային միջոցառումները տեղի ունեցան Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում՝ սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացված Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ռումինիայում ՀՀ այդ ժամանակվա դեսպան Համլետ Գասպարյանը և Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Փառատոնի եռօրյա ծրագրում ընդգրկված էին տեղի հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի և Գեռլա/Արմենոպոլիսի «Հայաքաղաք» պարախմբի կատարմամբ հայկական հոգևոր երգեր և ժողովրդական պարեր, ուղևորություն դեպի Գեորգենի մերձակա Չոբոտ լեռան Հայկական մատուռ, ինչպես նաև Բուդապեշտի «Ուրարտու» թատերախմբի կատարմամբ «Ազնավուր» և «Մուսա Լեռ» մյուզիքլները:

Փառատոնը նվիրված էր Գեորգենում հայերի հաստատման 380-ամյակին: Ի հիշատակ այդ պատմական տարեթվի՝ սեպտեմբերի 8-ին Հայ կաթոլիկ եկեղեցուն հարակից տարածքում տեղադրվեց Հայկական խաչքար, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին հայկական պատվիրակությունը, Հունգարիայի Ազգային ժողովի նախագահը, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր Հունգարիայի հայկական համայնքից: Նույն օրը հանդիսավոր պայմաններում բացվեց Գեորգենի Հայ համայնքի տունը:

Հանդիսավոր մեկ այլ արարողություն տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին, երբ Գեորգենում բացվեց և Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ արքեպիսկոպոս. Գիորգի Յակուբինիի ձեռամբ օծվեց Մխիթարյան միաբանության առաջին աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված մարմարե հուշատախտակը՝ հայերեն, հունգարերեն և ռումիներեն մակագրությամբ:

– 2018 թվականը Հայաստանի համար հոբելյանական տարի է. ազգովի նշելու ենք Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակն ու մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այս առիթներով հունգարահայ համայնքն ի՞նչ նախաձեռնություններով հանդես կգա:

-Մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում համայնքում նմանօրինակ կարևոր առիթներով միջոցառումների կազմակերպումը, քանի որ յուրաքանչյուր ձեռնարկ ավելի է համախմբում համայնքի անդամներին:

Մենք, իհարկե, անմասն չենք մնա տոնական միջոցառումներ կազմակերպելուց: Տարբեր գաղափարներ ունենք, որի մասին նույնպես քննարկեցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

Որոշեցինք նախարարության հետ համագործակցելով՝ մշակութային շաբաթ անցկացնել՝ ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ընթերցումներ և ընդունելություններ կազմակերպելով: Լուսանկարների ցուցահանդես և համերգ կկազմակերպենք Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիված,  հնարավոր է՝ այն Տրանսիլվանիայում նույնպես իրականացնենք:

Առհասարակ, համայնքային աշխատանքները մարտ ամսին են սկսվում: Առաջին ծրագրերից մեկը կլինի Սուրբ Հարության (Զատիկ) տոնին ընդառաջ Ավագ ուրբաթի խորհրդին նվիրված բեմականացման ցուցադրումը:

-Այս տարի լրանում է նաև ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման 10-ամյակը: Ինչպե՞ս կբնութագրեք համայնքի՝ նախարարության հետ Հայաստան-Սփյուռքի կապերի ամրապնդման ուղղված համագործակցությունը:

-Արդյունավետ, սերտ համագործակցության մեջ ենք եղել ՀՀ սփյուռքի նախարարության, հատկապես Եվրոպայի հայ համայնքների վարչության աշխատակիցների հետ, որի վկայությունն է մասնակցությունը նախարարության կողմից իրականացվող ծրագրերին՝ Լրագրողների համահայկական համաժողով, «Արի տուն» ծրագիր և այլն:

Առհասարակ, բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը: Շնորհակալ եմ նախարար Հրանուշ Հակոբյանին՝ մեր կողքին գտնվելու և ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար: Կարծում եմ՝ հետագայում ՀՀ սփյուռքի նախարարության հետ փոխգործակցությունը կշարունակենք:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Scroll Up