Պարգևատրում Նոր Զելանդիայի հայկական համայնքում

Վերջերս Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Առաջնորդ Հայկազուն եպս. Նաջարյանը բազմամյա ծառայության համար Գնահատագրով է պարգևատրել Նոր Զելանդիայի «Զվարթնոց» Դպրաց դասի  ղեկավար, սարկավագ և դպրապետ Մարկոս  Իսքենդերյանին: Այս մասին «Հայերն այսօր»ին տեղեկացնում է Նոր Զելանդիայի հայկական համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը:

Նոր Զելանդիայի «Զվարթնոց» Դպրաց դասը հիմնադրվել է 17 տարի առաջ՝ Մարկոս Իսքենդերյանի ջանքերով և անմիջական ղեկավարությամբ: Վերջինս  1999 թվականին է Իրաքից տեղափոխվել  Նոր Զելանդիա և հաստատվել Օքլենդում: Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երկար տարիների վաստակ ունեցող սարկավագը շարունակել է իր եկեղեցասեր և նվիրյալ աշխատանքը Օքլենդում՝ հիմնելով «Զվարթնոց» Դպրաց դասը, նոր շունչ և ավյուն բերելով քաղաքի հայ համայնքին:

Մարկոս Իսքենդերյանը «Հայերն այսօր»ի հետ զրույցում ասաց, որ իր 40 տարվա ծառայությունը սկսել է 1963 թվականին՝ Բաղդադում, հորաքրոջ հորդորով սկսել է եկեղեցի հաճախել և եկեղեցում ծառայել իբրև դպիր: Այնուհետև դպրության աստիճանները բարձրանալով՝ ձեռնարդվել է սարկավագ, ձեռամբ` Ավագ Սրբազանի: Այդ շրջանում Ավագ Սրբազանն առաջարկել է նրան ղեկավարել Դպրաց դասը:  Սկիզբում մի քանի հոգուց բաղկացած  խումբը մեկ ձայնով  Եկմալյանի պատարագն է երգել: Ավելի ուշ, Մարկոս Իսքենդերյանի ջանքերով խմբին միացել են համայնքի անդամներ՝ Վահան եպս. Սրբազանը, որը երգեհոն էր նվագում, ինչպես նաև երաժիշտ Նուբար Բշտիկյանն իր դուստրերի հետ, որոնք կարողացել են խմբի երգեցողությունը զարգացնել՝ հասցնելով  եռաձայն, ապա՝ քառաձայն:

Սարկավագ Մարկոս Իսքենդերյանը զրույցի ընթացքում նշեց, որ երբ Ավագ Սրբազանը Հայաստանից բերելել է կոմիտասյան և խորենյան նոտաները, Բաղդադի «Զվարթնոց» Դպրաց դասը սկսել է կատարել Եկմալյանի, Կոմիտասի և Խորենյանի պատարագները՝ բոլոր տաղավար տոներին և եկեղեցական ծեսերին:

Բարեշնորհ սարկավագը  պարգևատվել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արք. Ասատուրյանի  և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսի կողմից՝ Իրաքի Հայոց թեմում իր երկարամյա և նախանձախնդիր ծառայության համար:

Նոր Զելանդիայում, եկեղեցում երկարամյա ծառայության համար, պարգևատրվել է երկու անգամ՝   2016-թ.ին, Նոր Զելանդիայի հայկական համայնքի կազմավորման 20-ամյակի առիթով,  և վերջերս` Նոր Զելանդիայի «Զվարթնոց» երգչախմբի անդամների հետ միասին:

Մարկոս Իսքենդերյանը վերջին անգամ ղեկավարել է Օքլենդի Դպրաց դասի երգեցողությունը Ս. Ծննդյան տոնին: Առողջական պատճառներով ստիպված է եղել հրաժարվել այս պատասախնատու գործը կատարելուց:

Նա «Հայերն այսօր»ին հետ զրույցում ասաց, որ ցավում է, որ այլևս չի կարող շարունակել: Միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ այժմ իր աշխատանքը շարունակող չունի: Խմբի անդամներից շատերն առանց նոտաների են երգում, բայց խումբը ղեկավարելու համար երաժշտական կրթություն և փորձ է պետք: Իսկ վերջում հավելեց, որ խումբն օտար եկեղեցիներում Կոմիտաս երգելով՝ արժանացել է օտարների  հարգանքին ու համակրանքին:

 

Scroll Up