Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աննա Աստվածատուրյան-Թերքոթին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ընդունեց ամերիկաբնակ իրավաբան, հասարակական գործիչ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

Հանդիպման ընթացքում Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նախարարին հայտնեց, որ այցի նպատակն է դասախոսություններով հանդես գալ Երևանի բուհերում: Օրեր առաջ հյուրընկալվել է Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանում, իսկ մոտ օրերս կդասախոսի Երևանի պետական և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարաններում: 

Ամերիկաբնակ գրողը նաև տեղեկացրեց, որ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

Հրանուշ Հակոբյանը և Աննա Աստվածատուրյան-Թերքոթը քննարկեցին Սումգայիթյան ցեղասպանության տարելիցի և Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հարցեր: Սումգայիթյան ողբերգության մասին ճշմարտությունը լայն հասարակությանը հասցնելու համար առաջարկվեց կազմակերպել «Սումգայիթ. սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրություններ:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Աննա Աստվածատուրյան-Թերքոթին փոխանցեց նրա հորը՝ Նորիկ Աստվածատուրովին շնորհված ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը:

Scroll Up