Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ատըրաուի հայկական մշակութային կենտրոնի տնօրենին

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, հանդիպեց Ղազախստանի Ատըրաու մարզի «Տավրոս» հայկական մշակութային կենտրոնի տնօրեն, գործարար Գագիկ Փլուզյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը գոհունակություն հայտնեց Ատըրաուում հայ համայնքին ցուցաբերած օգնության համար: Գագիկ Փլուզյանը նախարար Հակոբյանին ներկայացրեց համայնքում առկա որոշ խնդիրներ՝ մասնավորապես որպես արդիական խնդիր առանձնացվեց Ատըրաուի հայկական մեկօրյա դպրոցում ուսուցիչների պահանջարկի, դասագրքերի ու դիտակտիկ նյութերի պակասի հարցը:

Նախարարը հանձնարարեց Սփյուռքի նախարարության համապատասխան ստորաբաժանմանը կազմակերպել դպրոցական դասագրքերի, խտասալիկների տրամադրումը համայնքին: Ինչ վերաբերվում է ուսուցիչների ոչ բավարար քանակությանն, ապա նախարարն առաջարկեց լուծման տարբերակներ, որոնցից է մանկավարժների վերապատրաստումը Հայաստանում:

Հրանուշ Հակոբյանը և Գագիկ Փլուզյանը քննարկեցին նաև Ղազախստանի հայերի հայրենիք վերադառնալու հետ կապված մի շարք հարցեր:

Scroll Up