Մխիթարյան միաբանության անչափելի ժառանգությունը՝ դեպի շատ գիտությունների ակունքները տանող ու դռները բացող ոսկե բանալի

Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված, Հայաստանի ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում կայացած երկօրյա գիտաժողովը, բնականաբար, չէր կարող ամբողջությամբ և լիովին գնահատական տալ 3-դարյա հսկայի շտեմարանային անհատակ ժառանգությանը. գիտաժողովի ընթացքում հնչած ելույթները պարզապես Մխիթարյանների հոբելյանի առիթով երախտիքի խոսքի գիտական դրսևորումներ էին, որոնցից մեկը ներկայացրեց հայտնի հայագետ, փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ, բազմաթիվ գրքերի ու մենագրությունների, գիտական աշխատությունների հեղինակ, Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, ում հետ կարողացա մի փոքր զրույց ունենալ «Հայերն այսօր»-ի համար:

 -Սրբազա՛ն Հայր, արդյո՞ք ամբողջովին ուսումնասիրված է Մխիթարյանների ծավալած գործուենությունը. ո՞ր ճյուղն է առավել քիչ ուսումնասիրված:

-Սովորաբար, ես հարցազրույցներ չեմ տալիս…սակայն ասեմ, որ Մխիթարյանների ծավալած գործունեությունն ամբողջապես և լիարժեք ուսումնասիրելու համար մի քանի կյանք անգամ բավարար չէ, իսկ ինչ վերաբերում է ավելի քիչ ուսումնասիրված ճյուղին, ասեմ, որ դրանց թվին են պատկանում փիլիսոփայությունը, եկեղեցաբանությունը, թերևս՝ երաժշտական հատվածը:

-Մի հարց էլ «Հայկազյան բառարան»-ի մասին. արդյո՞ք այն մատչելի է ներկայիս երիտասարդության համար:

-«Հայկազյան բառարան»-ից, անշուշտ, ոչ բոլորը կարող են օգտվել. խոսքը գիտելիքներին զուգորդված հետաքրքրությունների, ցանկության, հասկանալու  մասին է նաև: Այդ բառարանը մի հսկայական, անգնահատելի բառագանձ է:

 -Մխիթարյանների գործունեության ընթացքում ստեղծած չափածո գործերի մասին ի՞նչ կասեք:

-Վերցնենք հենց միայն Ղևոնդ Ալիշանի ստեղծագործությունները, Մխիթարյանների կատարած թարգմանական աշխատանքները՝ համաշխարհային դասական պոեզիայի գոհարներից, գլուխգործոցներից. հաճախ այդ թարգմանություններն ավելի լավն են, ավելի արժեքավոր, քան՝ դրանց բնագրերը:

-Գերապայծա՛ռ Տեր, ինչպե՞ս եք գնահատում համաժողովի աշխատանքները:

 –Մխիթարյան հայրերի գործունեությունը համակողմանի ներկայացնելու առումով այս գիտաժողովը, իրավամբ, խոշոր ներդրում է: Կարծում եմ՝ նման համաժողովներ կազմակերպելու համար չարժե սպասել հոբելյանների: Մխիթար Սեբաստացին և նրա հավատարիմ աշակերտները գիտնական և արվեստաբան լինելուց առաջ՝ կրոնավորներ էին և շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքում չստվերվեց այդ հանգամանքը: Մխիթարյան միաբանության գործունեությունը հայ ժողովրդի պատմության վերջին 300 տարիների ընթացքում, անկասկած, ամենաուշագրավ երևույթներից մեկն է, և շատ ուրախ եմ, որ այս օրերին Մայր հայրենիքում Սուրբ Ղազար եկեղեցում 300 տարի Մխիթարյանների հաստատվելու երևույթը պատշաճ մակարդակով տոնվում է:

-Սրբազա՛ն Հայր, հուսանք, որ Մխիթարյան միաբանության ստեղծած մեծ ժառանգությունը մշտապես կմնա հին և նոր սերունդների հետաքրքրության կիզակետում, որ այդ ժառանգությունն ուսումնասիրողների ու դրանից սովորողների թիվը երեբեք չի նվազի, և այն կլինի դեպի շատ գիտությունների ակունքները տանող ու դռները բացող ոսկե բանալին:

 Կարինե Ավագյան

Scroll Up