Եվրոպահայերի 4-րդ համագումարն արդյունավետ էր ներքին ու արտաքին իմաստներով. Գևորգ Հակոբջյան

Հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում կայացավ Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որն անդրադարձավ 4 կարևոր թեմաների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման պահանջատիրական պայքարին, Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին, Հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Եվրամիություն երկկողմանի հարաբերություններին:
«Ցեղասպանության ճանաչում և հատուցում» խորագրով կլոր սեղանի ընթացքում բանախոսեցին միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը: Նիստը վարում էր Արդարության և մարդու իրավունքի հայկական իրավաբանական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ Գևորգ Հակոբջյանը, որի հետ և զրուցել է «Հայերն այսօր»-ը:
– Գևո´րգ, Եվրոպահայերի համագումարին առաջին անգա՞մ էիր մասնակցում, թե՞ նախորդներին էլ ես ներկա եղել:
– Առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի կազմակերպած համաժողովին: Անցյալում մի քանի առիթներով եվրոպահայության մակարդակով այլ միջոցառումների մասնակցելու առիթ ունեցել եմ, սակայն իր ձևաչափով, մասնակիցների բազմազանությամբ և բովանդակությամբ այս համաժողովը տարբերվում էր նախորդ փորձառություններից:
– Գևո´րգ, Դու համագումարի «Ցեղասպանության ճանաչում և հատուցում» խորագրով կլոր սեղանի զրուցավարն էիր ու ամենաերիտասարդ մասնակիցը: Ի՞նչ է քեզ համար նման պատասխանատու գործ ստանձնելը:
– Թերևս զրուցավարներից ամենաերիտասարդն էի, սակայն և՛ զեկուցավարների, և՛ մասնակիցների մեջ, բարեբախտաբար, ակներև էր երիտասարդների ներկայությունն ու գործուն մասնակցությունը: Երբեմն այս երևույթի մատնանշումը սկսել է վիրավորական թվալ, և թե ինչո՞ւ ենք փորձում աչք ծակել, որ երիտասարդներին առիթ ենք տալիս: Իրականում նման գործերը նվազագույն պատասխանատու պարտականություններն են, որ հայ երիտասարդները կարող են ստանձնել: Աշխարհը փոխվել է ու երիտասարդությունը միայն դիտողի, լսողի ու ենթարկվողի հանգամանքից անցել է նաև ծրագրողի, դերակատարի, գործադրողի ու ղեկավարողի դաշտ:
Եվրոպայից մի քանի փայլուն օրինակներ կարելի է դիտարկել: Ավստրիայի նորընտիր վարչապետը ընդամենը 31 տարեկան է, Միացյալ Թագավորության վերջին խորհրդարանական ընտրություններին 21 տարեկան երիտասարդուհի ընտրվեց, Ֆրանսիայի նախագահը 39 տարեկան էր, երբ նախագահությունը ստանձնեց: Հուսով եմ, որ մոտ ապագայում շատ բնական և հիշատակելու անարժան երևույթի կարող ենք վերածել՝ արհեստավարժ ու մասնագետ երիտասարդների ներգրավումը մեր հավաքական կյանքի բազմաշերտ ոլորտներում: Սա չի նշանակում, սակայն, որ երիտասարդները սովորելու կարիք ու անհրաժեշտություն չունեն ավագ սերունդների փորձառությունից ու գիտելիքներից: Այսօր մեկը մյուսին ամբողջացնում է: Մեկ սերնդի անտեսումով բոլորս ենք տուժում: Կարևորը, տարբեր սերունդների պատկանող մեր ներուժի կարողականությունը համակարգված ձևով մեր հավաքական շահերին ի նպաստ ծառայեցնելն է:
– Ինչպե՞ս կամփոփես նիստի աշխատանքները:
– Համագումարի 3-րդ նիստի բովանդակությունը (Ցեղասպանության հիշողության կարևորությունը մեր պահանջատիրության ծիրում և պահանջատիրության մեջ, Հատուցման գործընթացի երևույթը), հույժ կարևոր են: Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներն ու վերջիններիս հաջորդած խորքային քննարկումները որոշ չափով 2015 թվականին ընդունված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի փակագծերը բացեցին: Նիստը փորձեց պատասխան տալ, ի՞նչ ենք հասկանում, ի՞նչ պետք է իմանանք և ինչպե՞ս պետք է հասկանանք, երբ Ցեղասպանության հիշողության ու հատուցման հոլովույթի մասին ենք քննարկում:
Եթե ոմանք մտահոգություն են հայտնում, որ Սփյուռքը հյուծվում է, ապա այդ հյուծման գործընթացում նախևառաջ մեր հավաքական հիշողությունն է խամրում: Հետևաբար, մեր հավաքական հիշողությունը վառ պահելու համար ջանքեր չպետք է խնայենք: Հատուցման գործընթացի պարագայում, քաղաքական-դիվանագիտական աշխատանքների կողքին՝ իրավական, իրատես, արհեստավարժ, զգույշ, համակարգված ու միացյալ ռազմավարություն որդեգրելու անհրաժեշտությունն անվիճելի է:
– Գևո´րգ, ի՞նչ փորձառություն քեզ տվեց համագումարը:
– Համագումարը արդյունավետ էր ներքին ու արտաքին իմաստներով: Հայաստանի և Արցախի պետական այրերի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայությունն ու մասնակիցների հետ հաղորդակցությունը գոտեպնդիչ էին: Բավականին դրական էր Եվրոպայի տարբեր անկյուններից համաժողովին մասնակցող արևմտահայ ու արևելահայ զանգվածների ներկայությունը, ինչը նմանատիպ հավաքներին հաճախակի հնարավոր չէ հանդիպել: Այսինքն, ներքին իմաստով, համաժողովը նպաստեց՝ տարբեր տեսակետներ ունեցող եվրոպահայերի համար հանդիպման արդյունավետ միջավայր ստեղծելուն և քննարկումներ կատարելուն:
Արտաքին իմաստով, համաժողովը եվրոպական քաղաքական ու դիվանագիտական շրջանակներին հստակ պատգամներ փոխանցեց` եվրոպահայության ցանցային կարողությունների և ներուժի, ինչպես նաև Եվրոպահայություն–Հայաստան-Արցախ ամուր հարաբերությունների առկայության մասին:
Համաժողովը Հայաստանի հզորացման, Հայաստան-Եվրոպական կառույցներ հարաբերությունների ամրագրման, Հայոց ցեղասպանության հատուցման ու Արցախյան հիմնախնդրի կարգավորման ազդեցիկ քարոզչություն կատարեց, ինչպես նաև որպես կազմակերպված հավաքականություն` եվրոպական բազմամշակութային խճանկարում ազդեցիկ մասնիկ լինելու իրականությունը փոխանցեց:
Լուսինե Աբրահամյան