Յուրահատուկ ուսուցչուհին, որը փոխեց իմ կյանքը. Հարութ Սասունյան

Ես ցանկանում եմ այս հոդվածը նվիրել անցյալ ամիս իր մահկանուցուն կնքած իմ սիրելի դպրոցական ուսուցչուհուն՝ Օլիվիա Բալյանին, որն իր ազնիվ քայլով փոխեց իմ կյանքը:

1968 թվականն էր: Ես սովորում էի Բեյրութի Սոֆիա Հակոբյան հայկական ավագ դպրոցում:

Երբ եկավ ժամանակը գրանցվելու որպես 10-րդ դասարանի աշակերտ, ես գնացի տնօրենի աշխատասենյակ և ասացի նրան, որ ծնողներս ի վիճակի չեն վճարել իմ ուսման վարձը: Չնայած մեր դասարանի ամենալավ սովորող աշակերտն էի, սակայն ինձ տուն ուղարկեցին գումար չունենալու պատճառով… Սա շատ ցավալի էր այդ տարիքում, քանի որ սիրում էի դպրոցը և հուսահատորեն ցանկանում էի շարունակել ուսումս:

Եկա տուն և օրս անցկացրի հորս անվադողերի վերանորոգման արհեստանոցում, որտեղ նա իր վաստակով հազիվ կարողանում էր վճարել մյուս եղբորս և քրոջս ուսման վարձը: Ռամկավար կուսակցության մի ծեր ու հարգված անդամ ինձ տեսնելով արհեստանոցում, զարմացավ, թե ինչու դպրոց չեմ գնացել, իսկ եղելությունն իմանալուց հետո, առաջարկեց օգնել ինձ, զանգահարելով ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան ավագ դպրոցի տնօրենին և խնդրելով նրան ինձ գրանցել անվճար: Թեև դպրոցը հեռու էր մեր տանից, սակայն չէի կարող բաց թողնել կրթությունս շարունակելու այդ հնարավորությունը: Ավտոբուս նստեցի և գնացի տնօրենի մոտ Բեյրութի կենտրոնում: Ամաչելով նրան ասել, որ ես հույս ունեմ անվճար կրթություն ստանալ, ասացի, որ ինձ համար պայմանավորվածություն է ձեռք բերվել սովորել զեղչված վճարով: Ես ապշած մնացի, երբ տնօրենը գոռաց վրաս, թե զեղչի մասին խոսք լինել չի կարող, նման բան չկա: Ես անմիջապես շրջվեցի ու վազեցի հորս արհեստանոցը…

Երրորդ օրը, Սոֆիա Հակոբյան դպրոցի իմ դասընկերներից մեկը եկավ հորս արհեստանոց և ասաց, որ տնօրենը իրեն ուղարկել է իմ հետևից, որպեսզի վերադառնամ դպրոց և գրանցվեմ: Երբ եկա դպրոց, ես քարտուղարին հայտնեցի, որ չեմ կարող վճարել ուսման վարձը: Նա ինձ տեղեկացրեց, որ ուսման վարձը ամբողջովին վճարված է, և միանամ դասըկերներիս: Ես խնդրեցի նրան ասել, թե ով է վճարել իմ ուսման վարձը, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այդ հրաշալի անձնավորությանը, սակայն նա ասաց, որ բարերարն ուզում է անանուն մնալ…

Ուստի ես գնացի իմ դասարանը, սակայն շարունակեցի հետաքրքրվել, թե ով էր այն անձը կամ որն էր այն կազմակերպությունը, որն ինձ հիանալի հնարավորություն էր ընձեռել շարունակելու ուսումս: Դասերից հետո գնացի տնօրենի աշխատասենյակ և կրկին խնդրեցի քարտուղարին բացահայտել բարերարի անունը: Տեղի տալով իմ պնդումներին, նա դժկամությամբ տեղեկացրեց, որ իմ բարերարը ոչ այլ ոք էր, քան իմ անգլերենի ուսուցչուհին՝ Օլիվիա Բալյանը, սակայն մի պայմանով, որ ես չպետք է շնորհակալություն հայտնեմ նրան և վտանգի տակ դնեմ քարտուղարին, որին կարող էին հեռացնել աշխատանքից՝ գաղտնիքը բացահայտելու համար: Ես խոստացա, որ չեմ խոսի նրա հետ: Քարտուղարը նաև պատմեց, որ երբ սկսվել է ուսումնական տարին, և ուսուցչուհին նկատելով, որ իմ նստարանը դատարկ է, հարցրել է, թե ինչու դպրոցում չեմ, և նրան պատասխանել են, որ ծնողներս չեն կարող վճարել վարձը: Այնուհետև նա դիմել է տնօրենին, որ իր աշխատավարձից զեղչեն իմ ուսման վարձը…

Ամբողջ տարին ես նստած էի  օրիորդ Բալյանի դասարանում և մտածում էի նրա վեհանձն քայլի մասին, սակայն չէի կարող երախտագիտությունս հայտնել: Մեկ տարի անց ես եկա Միացյալ Նահանգներ և երկու մագիստրոսի աստիճան ստացա, մեկը՝ միջազգային հարաբերությունների՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, իսկ մյուսը՝ գործարար կառավարման՝ Լոս Անջելեսի Պեպերդինի համալսարանում:

Սակայն ես երբեք չմոռացա օրիորդ Բալյանի բարությունն ու առատաձեռնությունը, որն իմ ուսման վարձը վճարել էր իր չնչին աշխատավարձից: Գրեթե 40 տարի անց, ես առաջին անգամ վերադարձա Բեյրութ՝ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամից  4.5 միլիոն դոլար գումարը Լիբանանում գործող բոլոր 28 հայկական դպրոցներին նվիրաբերելու համար: Իմ այցելած դպրոցների թվում էր նաև իմ ավագ դպրոցը: Տնօրենին հանձնելով մի քանի հարյուր հազար դոլարի գումարը, ես նրան խորհուրդ տվեցի՝ երբեք որևէ ուսանողի դուրս չթողնել փողի բացակայության պատճառով, որովհետև ոչ ոք չգիտի, թե այդ ուսանողը ինչ կդառնա ապագայում, եթե շարունակի ուսումը: Նա կարող է դառնալ փայլուն բժիշկ, լավ դիվանագետ, դպրոցի տնօրեն, եկեղեցական առաջնորդ կամ ի վերջո մեկը, որ կաշխատի միլիարդատեր բարերարի համար, որը խոշոր նվիրատվություն կանի դպրոցին…

Լինելով Լիբանանում, ես շատ էի ուզում տեսնել օրիորդ Բալյանին և տարիներ անց շնորհակալություն հայտնել նրան: Նա վաղուց չէր դասավանդում դպրոցում և ապրում էր Բեյրութից դուրս: Պայմանավորվեցի իմ նախկին դասընկերների և Լիբանանի արքեպիսկոպոսի հետ, որ ինձ տանեն նրա մոտ: Նա շատ հուզվեց ինձ տեսնելով: Մեր հանդիպումը շատ ջերմ անցավ: Լինելով նրա կողքին, ես վերջապես կարողացա շնորհակալություն հայտնել, սակայն նա չէր ուզում լսել այդ մասին և համեստորեն փոխեց թեման: Որևէ ձևով իմ աջակցությունն առաջարկեցի նրան, ներառյալ ֆինանսական օգնություն կամ համայնքի կողմից հատուկ ճանաչում՝ տասնամյակներ շարունակ հայ երիտասարդներին կրթելու համար, սակայն նա հրաժարվեց բոլոր առաջարկներից:

Ես նրա բնակարանից հեռացա մեծ բավարարվածությամբ, քանի որ այսքան տարիներ անց վերջապես կարողացել էի երախտագիտությունս հայտնել նրա առատաձեռնության համար…

Թեև այս հոդվածը Օլիվիա Բալյանի մասին է, սակայն այն նաև վկայություն է, որ մի մարդը կարող է փոխել ուրիշների կյանքը: Այն ժամանակ առանց նրա օգնության, որը բացառիկ հնարավորություն տվեց անգլերեն սովորելու, ես հավանաբար երբեք չէի մեկնի Միացյալ Նահանգներ և չէի դառնա «Կալիֆորնիա կուրիեր» անգլերեն թերթի հրատարակիչը: Հավանաբար, իմ կյանքի մնացած մասն կանցկացնեի Բեյրութում, հորս արհեստանոցում անվադողեր վերանորոգելով…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Scroll Up