«Սրտին՝ լավ զգալու համար սեր ու բարություն, քիչ սթրեսներ, մաքուր օդ, առողջ ապրելակերպ է անհրաժեշտ». սիրիահայ բժիշկ

«Ակցիա առողջություն՝ Հայաստան-ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և առողջապահության նախարարությունների աջակցությամբ, Երևանում տեղի ունեցավ «Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համագումարը», որի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած հայ և օտար սրտաբանները հետաքրքիր ելույթներ ունեցան, կարծիքներ փոխանակեցին, հանդես եկան համատեղ ծրագրեր իրականացնելու նախաձեռնություններով: Ահա, թե ինչ թեմայով ընթացավ «Հայերն այսօր»–ի համար արված իմ հարցազրույցը հայաստանցի սրտաբան Ջորջ Բարսեղյանի հետ.

-Պարո՛ն Բարսեղյան, ամեն մի համագումար նոր ծրագրերի, նոր մտահղացումների հարթակ է դառնում. համամի՞տ եք:

-Անշու՛շտ, այդպես է. նման համաժողովներն ինքնանպատակ չեն կարող լինել, դրանք լուրջ, գիտական հավաքներ են, որոնց ընթացքում շատ նշանավոր սրտաբաններ հանդես են գալիս կարևոր թեմաներով, առաջարկություններով, հայտարարություններով, որոնք ի մի են բերվում՝ սրտաբանության ոլորտում հետագա անելիքների, որոշակի քայլերի ձեռնարկելու համար: Ասեմ, որ ներկայիս բժշկության համար շատ մեծ դեր է խաղում համացանցը, տեղեկատվական միջոցներն այսօր շատ դյուրին ու մատչելի են և այդ ոլորտի նորություններին ծանոթանալը խնդիր չէ: Սակայն նման համագումարները լավ են այն առումով, որ ընդհանուր ծանոթություն, կենդանի շփում է լինում տարբեր երկրներից մեկտեղված սրտաբանների միջև, համագործակցության հիմքեր են դրվում, մեկը մյուսին ծանոթացնում են տեղեկատվական նոր միջոցներին: Համագումարը լայն տեսադաշտ է այս առումով:

-Բժի՛շկ Բարսեղյան, հայ սրտաբանները շա՞տ բան ունեն սովորելու օտարազգի սրտաբաններից:

-Անկեղծորեն պետք է ասեմ, որ հայ սրտաբանները լա՛վ սրտաբաններ են: Հայ սրտաբանների վարկանիշը բավականին բարձր է տարածաշրջանում, սակայն Ռուսաստանի, եվրոպական այլ երկրների սրտաբաններից ունենք ոչ թե սովորելու, այլ՝ վերցնելու նորություններ՝ կապված տեխնիկայի հետ, մանավանդ՝ վիճակագրության: Այսօր բոլոր գիտությունները վիճակագրության վրա են հիմնված: Վերցնենք մեր՝ շուրջ 2.5-3 միլիոն բնակչության վիճակագրական ցուցանիշները. այդ տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր ունենք 240 հազար սրտանոթային հիվանդներ. բնականաբար, մեզանում այնքան էլ դժվար չէ ունենալ այդքան հիվանդների տվյալները, անհրաժեշտ տեղեկատվությունը  քան՝ եվրոպական որևէ երկրում:

-Ովքե՞ր են ավելի շատ դիմում սրտաբաններին՝ հարակից հիվանդություններով տառապողնե՞րը, ասենք՝ շաքարախտով, բնածին արատներ ունեցողնե՞րը, թե՞ սրտային մի փոքր անհանգստություն ունեցողները…

Սրտաբաններին շատ են դիմում և՛ հարակից հիվանդություններ ունեցողները, և՛ բնածին ու ձեռքբերովի արատներով, փականների հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդները: Դիմում են մարդիկ, ովքեր ցանկանում են իմանալ, թե սրտի անհանգիստ աշխատանքն ինչով է պայմանավորված. շատ հաճախ սրտաբանն է հայտնաբերում բուն հիվանդությունը, որի պատճառով առկա է լինում սրտի անհանգստություն: Սրտաբաններին շատ են դիմում նաև էնդոկրին ախտանիշներով հիվանդները:

-Տարիքային ո՞ր խմբերն են ավելի շատ դիմում սրտաբանին, և ովքե՞ր են գերակշռում դիմողների շարքում՝ կանա՞յք, տղամարդի՞կ…

-Սրտաբանին դիմում են տարբեր տարիքի, ավելի շատ՝ 50-նն անց մարդիկ, սակայն առավելապես՝ կանայք, որովհետև նրանք ավելի հետևողական են, ավելի զգույշ: Տարիքային փոփոխություններով պայմանավորված՝ ավելի մեծ տարիքի մարդիկ են ունենում խնդիրներ, ասենք՝ կլիմակտերիկ շրջանում զարկերակային ճնշման տատանումները:

-Պարո՛ն Բարսեղյան, մեր օրերում քիչ չեն ծնվում սրտի զանազան արատներով երեխաներ. ասացեք, խնդրեմ, կա՞ արդյոք դրանց լիարժեք և կյանքի նորմալ ընթացք ապահովող բուժումը:

-Սրտի զանազան արատներ կան՝ ծանր, միջին ծանրության, թեթև. դրանք բոլորն էլ ունեն բուժման իրենց որոշակի ընթացքը, հարկ եղած դեպքում՝ վիրահատական միջամտությունը: Կան արատներ, որոնք տարիքի հետ ավելի անվտանգ են դառնում: Եթե հարկ է լինում, որոշակի արատով նոր ծնված երեխային էլ են վիրահատում, և նա ապրում է լիարժեք կյանքով: Սրտաբանությունը ողջ աշխարհում շատ է զարգացել, աննախադեպ հաջողություններ են գրանցվում այդ բնագավառում, նորարարական տեխնոլոգիաները մեծապես նպաստում են այդ ոլորտի կատարելագործմանը:

-Բժի՛շկ, ի՞նչ է անհրաժեշտ սրտին՝ լավ զգալու համար:

-Սեր ու բարություն, հնարավորինս՝ քիչ սթրեսներ, մաքուր օդ, առողջ ապրելակերպ:

-Ինչպե՞ս է բաբախում  սրտաբանի  սիրտը:

-Չե՛մ բողոքում, շնորհակա՛լ եմ սրտիս, սակայն պետք է խոստովանեմ, որ երբեմն անփույթ եմ գտնվում նրա հանդեպ:

 –Շնորհակալությու՛ն, բժիշկ. հուսանք, որ սրտաբանների համահայկական հաջորդ համաժողովում կխոսվի ողջ աշխարհում սրտային հիվանդությունների նվազման ուրախալի ցուցանիշների, վիճակագրական առավել հուսադրող տվյալների մասին:

Կարինե Ավագյան

Scroll Up