Հայաստանում ատամնաբուժությունը բավականին զարգացած է. ամերիկաբնակ ատամնաբույժ

Ամերիկաբնակ ատամնաբույժ, պրոթեզավորող-իմպլանտոլոգ Վահիկ Պաուլ Մսրխանին ծնվել է Իրանում, դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական բարձրագույն կրթություն ստացել է Թեհրանում, ապա ուսումը շարունակել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, ԱՄՆ-ում, սկզբնական շրջանում Լոս Անջելեսում, հետո՝ Գլենդելում ( UCLA, Ջորջիայի համալսարան):

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Վահիկ Պաուլ Մսրխանին տեղեկացրեց, որ մասնագիտական ընտրության հարցում ոգեշնչվել է ծանոթ ատամնաբույժերից մեկի կերպարով, ով իր վրա մեծ ազդեցություն է թողել: Բացի Գլենդելի ընտանեկան ատամնաբուժարանից, Վահիկ Պաուլ Մսրխանին մասնաճյուղեր է բացել Սան Դիեգո և այլ քաղաքներում, նաև դասախոսություններով է հանդես գալիս:

Անդրադառնալով Գլենդելի հայ ատամնաբույժների ընկերակցության գործունեությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ընկերակցության կազմում Գլենդելում ապրող շուրջ 300 հայ և այլազգի ատամնաբույժներ են ընդգրկված: Ի դեպ, 2017-2018 թվականներին ընկերության նախագահ Վահիկ Պաուլ Մսրխանին է ընտրվել:

«Միշտ սերտ կապի մեջ եմ գտնվում Հայաստանի գործընկերներիս հետ, որոնց հետ մեծ սիրով պատրաստակամ եմ մասնագիտական փորձառությամբ կիսվել, խորհուրդներ տալ: Նպատակադրվել եմ նրանց հրավիրել ԱՄՆ՝ ընկերակցության գործունեությանը ծանոթացնելու, միասին ոլորտին առնչվող խնդիրները հասկանալու համար»,-նշեց ատամնաբույժը՝ հավելելով, որ Հայաստանում ատամնաբուժությունը բավական զարգացած է, նկատել է՝ որակյալ ծառայություն է մատուցվում, իսկ մասնագետները՝ բանիմաց ու պատրաստված են:

Առաջիկա կարևոր ծրագրերից է 2018 թվականին Հայաստանում Հայաստանի և Սփյուռքի ատամնաբույժների համաժողովի կազմակերպումը, որին առնչվող հարցերը քննարկել է նաև օրեր առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ: Համաժողովի նպատակն է լինելու զարգացնել ատամնաբուժության ոլորտը Հայաստանում, համախմբել աշխարհի հայ ատամանաբույժների ներուժը և նպաստել նրանց միջև փորձի փոխանակմանը:

Ատամնաբույժը Հայաստան կատարած այցելության շրջանակներում հասցրել է ոչ միայն շրջել տարբեր տեսարժան վայրերով, այլև դասախոսություն ունենալ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների համար. «Տպավորված և հիացած եմ հայ երիտասարդների հետ կայացած հանդիպումից, նրանց գրագետ հարցերից հասկացա, որ մեծ հետաքրքություն են ցուցաբերում բժշկության հանդեպ»,-զրույցն ամփոփեց Վահիկ Պաուլ Մսրխանին:

Գևորգ Չիչյան

Scroll Up