Դասական երաժշտության փառատոն. Բեմում սիրիահայ երաժիշտներն էին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմում նախօրեին դասական երաժշտություն էր հնչում: Բեմում էին սիրիահայ դասական երաժիշտները: Միավորված Ազգերի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր Հայաստանում սիրիահայ երաժիշտների մասնակցությամբ դասական երաժշտության համերգ-փառատոն:

Սիրիահայ ջութակահար Աննա Մարիա Մուբայեթը մեկ տարի առաջ է ընտանիքի հետ եկել Հայաստան: Panorama.am-ի թղթակցի  հետ զրույցում նա ասաց, որ դասական երաժշտություն շատ է սիրում և վաղուց է զբաղվում դրանով: «Հայաստանը շատ եմ սիրում, բայց դեռ չգիտեմ` ուզում եմ մնալ այստեղ, թե` ոչ»,- ասաց նա և նշեց, որ Հալեպը շատ է կարոտում:

Աննա Մարիա Մուբայեթի հայրը` Կոմիտասի անվան սենեկային նվագախմբի ղեկավար Հովհաննես Մուբայեթը Հայաստանում փորձում է հավաքել նվագախմբի բեկորները, երաժիշտների մի մասը դեռ Սիրիայում է: «Շատ լավ է, որ նման հնարավորություն է ընձեռվում»,- ասաց նա: Նվագախումբը համերգին հանդես եկավ մի քանի կատարումներով:

ՄԱԿ Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի կամավոր, սիրիահայՎրույր Բիլեմջյանը, ով մեկ տարի առաջ է Հալեպից եկել Հայաստան, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ փառատոնը նպատակ ուներ խրախուսել սիրիահայ երաժիշտներին շարունակելու աշխատել և ստեղծագործել Հայաստանում, ողջունել նրանց նորանոր նվաճումները արվեստի ու երաժշտության ոլորտում, քաջելերել և նպաստել նրանց լայն ճանաչմանը հայրենի հողում:

«Այս անգամ որոշեցինք դասական համերգ կազմակերպել: Մենք հրավիրեցինք սիրահայ երաժիշտներին, իրենք սիրահոժար մասնակցեցին: Սա արդեն երկրորդ փառատոնն է, օգոստոսին կազմակերպել էինք բաց համերգ»,- ասաց Վրույր Բիլեմջյանը:

panorama.am

Scroll Up