Քրմզյան ընտանիքի նվերը Պոլսին

Հոկտեմբերի 7-ին Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը կայանալու է Պետրոս Դուրյանի նորակառույց դամբարանի բացման արարողությունը: Աշխատանքները նախաձեռնել և ֆինասավորել են ֆրանսաբնակ եղբայրներ Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյանները: Նպատակը մեկն է՝ մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցել բանաստեղծին և սերունդներին փոխանցել Դուրյանի պես մարդկանց հիշատակը վառ պահելու գաղափարը:

Մտահղացումը ծագել է մեկ տարի առաջ, երբ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին Հրաչ-Անուշավան և Հակոբ Քրմզյան եղբայրների նախաձեռնությամբ նորոգվեց ու բացվեց պոլսահայ հայտնի ճարտարապետներ Պալյանների ընտանեկան գերեզմանակոթողը, որը կառուցվել է Բեշիքթաշում Պալյանների կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանի տեսքով։

«Պալյանների հիշատակը հավերժացնելու ծրագիրն ու գերեզմանակոթողի կառուցումը իրականացրել ենք Ստամբուլի «ՀայՃար» միության, ինչպես նաև Աշոտ Գրիգորյանի օգնությամբ, որը հաճելի զուգադիպությամբ Պալյան գերդաստանի մասին գիրք էր պատրաստում. «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» վերտառությամբ գիրքը լույս տեսավ անցյալ ամիս:

Պալյանները Պոլսում թողել են ճարտարապետական հարուստ ժառանգություն՝ պալատներ, զինվորական շենքներ, եկեղեցիներ, մզկիթները, դպրոցներ, այդ ամենը հպարտություն կարող է բերել ցանկացած ազգի: Եվ ինչպես վայել է նրանց պես մարդկանց, գերեզմանակոթողի բացումը անցավ շատ հետաքրքիր մթնոլորտում, որին ներկա էին Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, Թուրքիայի մշակույթի և տուրիզմի փոխնախարար Օմեր Արըսոյը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ և լրագրողներ: Շատ հաճելի էր մեզ համար տեսնել, որ այն երկրում, որտեղ Պալյանները շուրջ 2 դար շատ մեծ աշխատանք են կատարել, պատմություն կերտել, նրանց հիշում են, այլ ոչ թե փորձում մոռացնել տալ նրանց ծագումը և հայ ազգի զավակ լինելու հանգամանքը: Մեզ համար անչափ կարևոր էր, որ բացման հաջորդ օրը թուրքական ԶԼՄ-ները շատ դրական ձևով անդրադարձ կատարեցին, չկարողացան որևէ ժխտական բան գտնել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշում է Հրաչ-Անուշավան Քրմզյանը:

Աշխատանքի նպատակը մեկն էր, որպեսզի նոր սերունդը ճանաչի հայ մեծերին, մարդկանց, որոնք հպարտություն կարող են բերել յուրաքանչյուր ազգի. «Երբ ստանձնել էինք այդ աշխատանքը, մեզ հաճախ էին հարցնում. «Դուք Պալյանների ազգակա՞նն ենք»: Պատասխանում էինք. «Ո´չ, թեև բոլորս էլ ինչ-որ չափով Պալյանների ժառանգորդն ենք, որովհետև նրանք ո´չ թե մեկ համայնքին են պատկանում, այլ՝ հայ  ազգին»:

Ես էլեկտրո-ինժեներ եմ, այժմ հանգստի եմ անցել, եղբայրս գործարար է, Ռումինայում գործարան ունի: Միշտ մտածում էինք՝ իբրև հայ, ինչո՞վ կարող ենք օգտակար լինել մեր ազգին: Դժբախտաբար մի քիչ կանուխ ենք ծնվել, և մի քիչ դժվար կլինի Հայստանում որևէ գործ ձեռնարկել: Եվ ճանապարհով փորձեցինք օգտակար լինել մեր ազգին: Յուրաքանչյուր հայ իր կարողությունների չափով պետք է փորձի անպայման հայրենիքին օգտակար լինել, որովհետև քո օրինակով կարող ես նաև հաջորդ սերունդներին վարակել», -նշեց նախաձեռնության հեղինակը:

Հրաչ-Անուշավան Քրմզյանը նաև հավելեց, որ այս աշխատանքների շնորհիվ իրենք հնարավորություն են ունեցել ծանոթանալու շատ հետաքրիր մարդկանց հետ, առանց որոնց  հնարավոր չէր լինի հաջողել: Եղբայրներն են հովանավորել նաև «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գիրքը, որը կհրատարակվի նաև արևմտահայերեն, թուրքերն և անգլերեն. «Ուրախ եմ, որ կարողացա ճանաչել «Հայճար» միության անդամներ՝ Նազար Բինաթլիի, Գևորգ Օսկարագյոզի և Դավիթ Այնալի հետ: Հիացած եմ նաև Աշոտ Գրիգորյանի աշխատանքով: Նա շատ կարևոր գործ է կատարել և արժեքավոր գիրք հրատարակել: Մեծ պատիվ և ուրախություն են մեզ համար նման ծանոթությունները: Երբ ճամփա ես ելնում, չգիտես՝ ի՞նչ կպատահի, ո՞ւմ կհանդիպես, ովքե՞ր կհայտնվեն քո ճանապարհին: Աստված մեզ օգնեց, որ մեր ճանապարհին շատ կարևոր մարդկանց հետ ծանոթացանք և մեր ազգին կարողանանք օգտակար լինել: Ես հաճախ եմ կրկնում՝ գրված թուղթը, նույնիսկ՝ սխալ, ավելի արժեքավոր է, քան ճերմակը: Ես նախընտրում եմ թղթի վրա մի բան գրել: Սխալ լինի, կսրբագրեմ, հնարավոր է նար, որ կկարողանամ իմ «գրածով» մեկ ուրիշին վարակել:

Նույնը վերաբերում է նաև մեր երկրին՝ Հայաստանին: Ճիշտ է՝ ժողովուրդը շատ դժվարություններ ունի, բայց այդ բոլորը ժամանակավոր են: Մի քանի օր առաջ գնացել էի Դիլիջանի միջազգային դպրոց, Թումո կենտրոն: Երբ այդ ամենը տեսնում ես, մտածում ես, որ  մեր ազգի ապագան փայլուն է լինելու: Հույս ունեմ, որ նոր սերունդը շատ ավելի լավ երկրում կապրի»:

Լ. Ա.

Scroll Up