«Ուրարտու» համայնքը Ղազախստանում հայկականություն է տարածում

Ղազախստանի Ակտոբեի մարզում բնակվում է շուրջ 1000 հայ, ովքեր հիմնականում զբաղվում են շինարարական աշխատանքներով և բիզնեսով։ Նրանց նախաձեռնությամբ 1997 թվականի դեկտեմբերի 2-ին Ակտոբե մարզկենտրոնում ստեղծվել է «Ուրարտու» հայկական համայնքը, որի ղեկավարը գործարար, Ակտոբեում ՀՀ պատվո հյուպատոս Հայկ Տերտերյանն է:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնելով համայնքի գործունեությունն ու կատարած աշխատանքները՝ Հայկ Տերտերյանը նշեց, որ միությունը Ղազախստանի հայկական ակտիվ կենտրոններից է, որը սերտորեն համագործակցում է Ղազախստանի ինչպես հայկական, այնպես էլ մյուս ազգությունների մշակութային կենտրոնների և Ղազախստանում ՀՀ դեսպանատան հետ։
Հայկ Տերտերյանը կարևոր իրադարձություն է համարում 2013թ. մայիսի 31-ից հունիսի 2-ը Ակտոբեում կայացած Ղազախստանի հայկական համայնքների հերթական համագումարը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Ղազախստանի գրեթե բոլոր շրջանների հայկական համայնքներից և այլ ազգային- մշակութային միավորումներից:
Համայնքի անդամների կարիքները ճշտելու, գնահատելու, նախասիրությունները, հնարավորությունները, վիճակագրական ուսումնասիրություն անցկացնելու և օգնելու համար «Ուրարտուն» 2015թ. ստեղծել է «Հանրային ընդունարան» կենտոնը:
«Հայապահպանության հիմնախնդիրները լուծելու համար Ակտոբեի Բարեկամության տանը բացել ենք «Ուրարտու» կիրակնօրյա դպրոցը, որտեղ աշակերտները սովորում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները: Դպրոցն ունի ավագ և կրտսեր դասարաններ և պարի խմբակ, տնօրենը վաստակաշատ մանկավարժ Վարդանուշ Բարեղամյանն է»,-ասաց Հայկ Տերտերյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը ամենօրյա աշխատանքի միջոցով ինքնության և ազգային դիմագծի պահպանումն է:
«Ուրարտու» համայնքային կենտրոնում կազմավորվել է երիտասարդական կազմակերպություն, որը ղեկավարում է Հայկ Ղարիբջանյանը: Կազմակերպությունը համագործակցում է Ղազախստանի հայ երիտասարդական հիմնադրամի հետ:
Խոսելով համայնքային ավանդույթների մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նշվում են պետական, եկեղեցական և ազգային տոները, նարդու, շախմատի մրցաշարեր են կազմակերպում, որոնց մասնակցում են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ:
Համայնքը մշակութային ծաղկուն կյանքով է ապրում: Հայկական մշակույթը օտար ափերում տարածելու և հանրահռչակելու գործում մեծ է վերաբացված «Ուրարտու» պարախմբի ավանդը, որի պարողների թիվն օրեցօր ավելանում է: Ակտյուբինսկի մարզում վերջերս կազմակերպվել էր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված դաշնամուրային գործերի կատարման մրցույթ, որի հաղթող Ջանիս Շաուկեմբաևան համայնքի ջանքերով Հայաստան էր եկել:
Հավելենք նաև, որ համայնքը ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցության մեջ է գտնվում. անդամներից շատերը պարբերաբար մասնակցում նախարարության կողմից իրականացվող ծրագրերին : Դպրոցի չորս ուսուցիչներ՝ Նաիրա Մամիկոնյանը, Անժելա Չոպիկյանը, Ռոքսաննա Արշակյանը և Վարդուհի Սարիբեկյանը պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով, դպրոցի տնօրեն Վարդանուշ Բարեղամյանը՝ «Մայրենիի դեսպան» մեդալով, իսկ Հայկ Տերտերյանը մասնակցել է սեպտեմբերի 18-20-ը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով կայացած Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:
Գևորգ Չիչյան